Երբ դատախազությունը խառնված էր զինծառայողի սպանության գործին, ինչո՞ւ ՊՆ-ն այդպես չէր արձագանքում. Ա. Սաքունց
10:29, May 25, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով զինվորական պաշտոնյաների շրջանում սկսվել է ծառայողական քննություն: Ա. Հովհաննիսյանը չի բացառել նաև, որ որոշ անձանց նկատմամբ կարող է իրականացվել քրեական հետապնդում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ Լյուքս Ստեփանյանի սպանությունը պարզապես հասարակական լայն հնչեղություն է ունեցել, և պաշտպանության նախարարության նման արձագանքը կարող է կապված լինել միայն դրա հետ. «Մնացած բոլոր դեպքերում ծառայողական քննություններում մշտապես բացահայտվել է պաշտոնատար անձանց պատասխանատավությունը՝ հատկապես անգործություն դրսևորելու և ոչ պատշաճ վերահսկողություն դրսևորելու առումով, սակայն քրեական հետապնդումներ չեն իրականացվել, այսինքն՝ քրեական պատասխանատվության չեն ենթարկվել նրանցից և ոչ մեկը:
Իհարկե, հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ աղմուկը՝ պաշտպանության նախարարությունը ստիպված է ծառայողական քննությունների արդյունքում հարց բարձրացնել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարներից, սպաներից ոմանք, իսկ թե որքանով սա ազդեցություն կունենա՝ դժվարանում եմ ասել»:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ եթե նախորդ բոլոր դեպքերում այդ կերպ վարվեին, ապա վստահությունը շատ ավելի մեծ կլիներ. «Այստեղ կա ինստիտուցիոնալ մոտեցման խնդիր, որովհետև եթե քրեական պատասխանատվության ենթարկեցիր, դատապարտեցիր՝ սա արյդոք էական ազդեցություն կունենա՞ ընդհանուր մթնոլորտի վրա: Եթե ընդհանուր մթնոլորտի փոփոխման ուղղությամբ այլ քայլեր չկատարվեն, նկատի ունեմ պատասխանատվության, կարգապահական բնույթի, թափանցիկության և այլ հարցեր, այսինքն՝ եթե սահմանափակվեն միայն քրեական պատասխանատվությամբ, ապա արդյունավետությունը զրո կլինի: Ես կարծում եմ, որ զինված ուժերի հաշվետու լինելը պետք է մեծանա»,- ասաց Արթուր Սաքունը՝ հիշեցնելով Աղասի Աբրահամյանի, Հայկ Մովսիսյանի գործերը:
«Չեմ տեսնում նմանատիպ վերաբերմունք. երբ այս գործերում անմիջականորեն խառնված էին զինդատախազ, քննիչ, ինչո՞ւ նրանց նկատմամբ էլ նույնատիպ մոտեցում չէր դրսևորվում»: