Երբ կորպորատիվ շահը հիպոկրատի երդումից թանկ է
17:55, April 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Երեխաների իրավունքներԲոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ փորձել են ապացուցել, որ իրենց հարազատը մահացել է բժշկական սխալի հետեւանքով, գիտեն, թե ինչ դժվար է դա անել: Քննիչներն ու փաստաբանները սա բացատրում են նրանով, որ միշտ չէ հնարավոր համարժեք որակում տալ բժշկի գործողություններին: Մեր Քրեական օրենսգրքում չկա «բժշկական սխալ» հասկացություն, ինչպես, օրինակ, ամերիկյան օրենսգրքերում, եւ սպիտակ խալաթավորների համերաշխությունը հաճախ անհաղթահարելի խոչընդոտ է նման գործերում: Չէ՞ որ դատաբժշկական փորձաքննությունն իրականացնում են նույն բժիշկները:
ՍԵՎ ԱՄԱՆՈՐ
2013-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացավ 2 տարեկան Լիա Միսակյանը: Նրա ծնողները մեկ տարի պայքարեցին, 2 անգամ բողոքարկեցին փորձաքննության արդյունքները եւ, վերջապես, 7-8 մասնագետների տված փաստաթղթով ապացուցեցին, որ դստրիկը, որին հիվանդանոց էին բերել Ամանորի գիշերը, մահացել է մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի անփութության եւ անգործության հետեւանքով: Առաջին բժշկուհին, ըստ մեղադրականի, չի իմացել, որ երեխան թոքաբորբ է տանում, չի արել ռենտգեն նկարահանում, որը կհայտնաբերեր թոքաբորբը: Երկրորդ բժշկուհին էլ՝ Զարինե Այվազյանը, ունենալով արդեն արյան քննության արդյունքները, որը կարող էր օգնել ճիշտ ախտորոշել հիվանդությունը, չի ծանոթացել դրանց:
ՓՈՔՐԻԿԸ ԽՈԶԻ ԳՐԻ՞Պ ԷՐ
Դատարանը դեռ հարցաքննում է վկաներին, բայց Բժշկական ազատ, անկախ արհմիությունը շտապում է պաշտպանել ամբաստանյալ գործընկերներին: Օրերս արհմիության անդամները «ռմբակոծեցին» մամուլը բաց նամակով, որում պաշտպանում են «սպանիչ» սխալներ գործած բժշկուհիներին, դատապարտում նրանց անարդար դատողներին եւ նրանց անուններն «ինտերնետի պատերին» գրող «անբարոներին»: «Այդ օրերին բժշկուհիներից յուրաքանչյուրն ընդունել է մոտ 80 հիվանդ երեխա, չհաշված նաեւ ստացիոնարում գտնվողները: Եվ եկեք հաշվենք, թե 24 ժամվա ընթացքում մոտ 100 հիվանդ բուժելու դեպքում ամեն հիվանդին ինչքա՞ն ժամանակ կարող է տրամադրել մեկ բժիշկը»: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ «գլխաքանակ» են բուժել բժիշկները: Թող մեկն էլ մահացած լինի: Այսպե՞ս հասկանանք հարգարժան բժիշկներին: Մահացած երեխայի ծնողներին մի քանի կեղծ ցավակցական նախադասություն է ուղղված: Մնացածը՝ տերմինակույտով հագեցած արդարացումներ: Թվում է՝ արհմիությունը դատարանի կամ փորձագիտական մարմնի դեր է ստանձնել: Հերքելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, բժիշկները գրում են. «Նման եզրակացության փորձագիտական հանձնաժողովը եկել է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ երեխան 14 օր հիվանդ է եղել, մինչդեռ եւ երեխայի հիվանդության պատմության մեջ, եւ երեխայի ծնողների ցուցմունքներում, եւ բժշկի ցուցմունքներում նշվում է, որ երեխան ոչ թե հիվանդ է եղել 14 օր շարունակ, այլ 14 օր առաջ: Առաջին հայացքից այս «փոքր» վրիպակն ամբողջովին փոխում է պատկերը: Նման պարագայում, համաձայն միջազգային եւ ՀՀ-ում ընդունված ստանդարտների, ընդունման օրը երեխան չի ունեցել ցուցում կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն իրականացնելու համար»: Բժիշկներն ուզում են ասել. չէ՞ որ ծնողն ասել է, որ երեխան 14 օր առաջ է հիվանդ եղել, բժիշկն էլ հավատացել է, էլ ո՞րն է նրա սխալը: Ապա նրանք ենթադրում են, որ փոքրիկ Լիան խոզի գրիպ է ունեցել, որից էլ մահացել է, եւ որի բուժմամբ մեր առողջապահության նախարարությունը նոր է սկսել զբաղվել: Իսկ Զարինե Այվազյանը չի ծանոթացել արյան անալիզի պատասխանին, որովհետեւ այն եղել է միայն հաջորդ օրը՝ հունվարի 2-ին:
ԵԹԵ ԱՅԴՊԵՍ ԼԻՆԵՐ, ԾՆՈՂՆ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ԲՈՒԺՄԱՄԲ ԿԶԲԱՂՎԵՐ
Ահա նամակի հիմնական բովանդակությունը, որը խնդրեցինք մեկնաբանել տուժողի շահերը ներկայացնող գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին: «Նամակը ստորագրողների թվում են նաեւ այս գործով որպես վկա անցնողները: Ցավոք, մասնագիտական համերաշխությունը նրանց համար ավելի գերադասելի է, քան Հիպոկրատի երդումը,- ասաց նա.- Ես ընդունում եմ նրանց համերաշխությունը, բայց դա չպետք է լինի ի հաշիվ «Մի վնասիր» սկզբունքի: Բացի դա, իրենք կարեւոր փաստ են արձանագրում, որն իրենց դեմ է վկայում: Հաստատում են, որ անալիզների տվյալները հասանելի էին միայն հունվարի 2-ին, 31-ին ընդունված լինելով հանդերձ, չնայած նրանք ասացին նիստի ժամանակ, որ լաբորատորիան շուրջօրյա է աշխատում: Փաստորեն, բժիշկներն արձանագրում են, որ կամ շուրջօրյա չի աշխատել լաբորատորիան, կամ էլ պատշաճ բուժզննություն չի իրականացվել: Կամ՝ ծնողին հարցնելով, թե ինչպիսին է երեխայի վիճակը, չի կարող բժիշկը դրանով առաջնորդվել: Եթե այդպես լիներ, ծնողն իր երեխայի բուժմամբ կզբաղվեր: Նա կարող է հարցնել ծնողին, բայց դա հիմք ընդունել բժշկական միջոցառումներ իրականացնելիս, աբսուրդ է: Իրենք ավելի շատ սխալներ են թույլ տվել, ավելի շատ խոստովանություններ են արել, քան փորձել են օգնել: Սա նաեւ նախադեպ է, որ առողջապահության ծառայության որակի հարցը դառնա օրակարգային»: Լիա Միսակյանի գործով հաջորդ դատական նիստը շարունակվելու է ապրիլի 11-ին, ժ. 14։30-ին:
Աղբյուրը` hraparak.am