Երեխայիս քառասունքից հետո կզբաղվեմ գործի բացահայտմամբ. Լյուքս Ստեփանյանի հայրը ՊՆ-ի վերաբերմունքից վրդովված է
04:03, June 22, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Զինված ուժեր2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, վրդովված է Պաշտպանության նախարարության տված պարզաբանումից, թե երբ զինվորի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ, ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները չեն խոչընդոտել։
««Գիտե՞ք ինչ կա, չեք հասկանում, ինձի շատ ա տանջում իմ էրեխու ցավը։ Ո՞նց չեն խոչընդոտել, բա ի՞նչ են արել, մեր գյուղից մեկը կա, ով թոշակի ա գնացել գյուղից զանգել ա վայենի ոստիկանություն, ասել ա, որ հանել են երեխին, ճանապարհից դեմներս պայքարելով մինչև Սևան են հասել, ո՞նց չեն խոչընդոտել»,- Tert.am-ի հետ զրույցում վրդովված ասաց սպանված զինծառայողի հայրը։
Նշենք, որ այսօր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակըհայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր մայիսի 18-ին զոհված զինծառայողի հարազատների՝ Երևան գալու ճանապարհին առաջացած միջադեպի կապակցությամբ ՊՆ-ին ուղարկված հարցումի պատասխանի վերաբերյալ։
Քանի որ քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային խոչընդոտելը և առավել ևս դրանում զինված ուժերի ներգրավումը հակասահմանադրական է, 2013 թ. մայիսի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցում է հղել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ով կամ ովքեր էին զինված ուժերի ստորաբաժանումներին հրամայել իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխվել:
Դրան ի պատասխան ՊՆ պատասխանել էր, թե բողոքի ակցիային խոչընդոտելու կամ կանխելու հրաման պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին չի տրվել։ Պատասխանում այնուհետև նշվել էր, թե ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկություն ստանալով, որ Երևան-Սևան մայրուղում մարդկային մեծ կուտակումներ կան, որը էական դժվարություններ կարող էր առաջացնել ինչպես զինվորական ավտոշարասյունների ռազմավարական տեղաշարժերին, այնպես էլ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ հրատապ միջոցառումների իրականացմանը, այդ իսկ պատճառով ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի համապատասխան աշխատակիցները մեկնել են այնտեղ և ընդամենը փորձել են պարզաբանել։
Որդեկորույս հայրը պնդեց, որ պարզաբանելու մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ իրենց ակնհայտորեն ամեն գնով փորձել են խոչընդոտել։ «Իրանք չեն կարա արդարանային։ Հետո լսում եմ, որ կայքերում գրել են, որ Մեսրոպին կամ մյուսներին ազատել են, (Մայիսի 15-ի արտակարգ միջադեպից հետո պաշտոնից ազատվել են զորամասի շտաբի պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, դիվիզիոնի հրամանատարն ու տեղակալները, մարտկոցի հրամանատարները) ես գիտեմ, էլի, դրանց մեկ զորամասից ազատում են, մյուսում են աշխատանք տալիս։ Դրանց լրիվին պետք ա գնդակահարես, որ երկիրը երկիր դառնա։ Թող չմտածեն, թե ձեռքերս ծալած նստելու եմ, միշտ էլ պայքարելու եմ, մինչև բացահատվի ճիշտը»,-ասաց նա։
Աշխարհիկ Ստեփանյանը նշեց, որ հունիսի 23-ին Լյուքս Ստեփանյանի քառասունքն է, որից հետո էլ արդեն կզբաղի գործի բացահայտմամբ։ «Էրեխուս քառասունքը 23-ին ա, քառասունքն անեմ, նոր արդեն գիտեմ ինչ եմ անելու։ Էդ ժամանակ էրեխուս թղթերը լրիվ պատրաստ կլինի դուք էլ կգաք կծանոթանաք, թե ոնց ա եղել»,- ասաց նա և պարզաբանեց, որ մինչ այդ զբաղված է կնոջ առողջական վիճակով, ով հիվանդանոցից նոր է դուրս գրվել։
«Ռենտգենի եմ տարել, բերել եմ տուն, կնոջս կողքիս եմ հիմա, մենակ ենք մնացել երկուսս, ուրիշ երեխա չունենք, աղջիկս ա, էն էլ գնացել ա ուրիշի տուն, ի՞նչ անեմ։ Էսօրվա դրույթյամբ ոչ մեկ չի գնում գալիս իմ տունը, ես էլ տունը նստած եմ իմ կնոջս հետ, ոչ մեկ չունեմ, տուն էլ չունեմ, աղբորս տանն եմ մնում, ի՞նչ անեմ»,- ասաց նա։
Լյուքս Ստեփանյանի հայրը նշեց, որ տղայի թաղման արարողությանը, երբ բողոքից հետո Պաշտպանության նախարարն էր գնացել, նաև ոստիկանապետը, խոսք են տվել, որ կբացահայտեն։ «Եկան, գնացին նախարարն ու միլիցիայի ղեկավարը, թե ամեն ինչ կանենք, ամեն ինչ կպարզենք, մինչև հիմի ոչ մեկ ոչ մի բան չի ասել, ես էլ սպասում եմ էրեխուս քառասունքը լինի։ Դրանց հետո չգիտեմ, կորոշեմ ում դիմեմ, 10-15 օր գնամ, տենամ ինչ ա ստացվում, հետո թողեմ, ընտանքիս առնեմ էթամ, ոչ տուն ունեմ, ոչ տեղ ունեմ, մնամ ի՞նչ անեմ, էտ մի երեխու հույսին ապրում էինք, հիմա մնամ ի՞նչ անեմ»,- հուսահատ վրա բերեց հայրը։
Հարցին, թե բողոքի նման քայլը ի՞նչ տվեց, Աշխարհիկ Ստեփանյանը պատասխանեց. «Մինչև հիմա ոչ մի բան չի տվել։ Եթե այսքան պայքարից հետո, նման միջոցի դիմելուց հետո էս գործն էլի ուզում են ջրել, ուրեմն Հայաստանում մարդ չկա, ես որ տենց քայլի գնացի, Հայաստանի մասշտաբով, սաղի համար արեցի, ես կորցրել եմ իմ երեխուն, վերջ, էլ չեմ գտնի, բայց մեկ ուրիշի երեխու համար ես դուրս եկա, բայց չկա, մարդ չկա, ցավդ տանեմ։ Հետո էդքան պայքարողները, որ դուրս են գալիս, ի՞նչ են ստանում, ոչ մի բան չի փոխվում, մենակ ինձանով էլ չի փոխվի»,-ասաց նա։
Նա հիշեց « Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտ Խաչատրյանին, ով այդ օրերին եկել էր և համոզել նրան, որ լրագրողների մոտ չգան։ «Ես իրան ասեցի, դու ի՞նչ մայր ես, որ էսօր մեզ հետ չես պայքարում, եկել ես, ասում ես ոչինչ, ոչինչ։ Վռնդեցի, գնաց։ Էս մայր կոչվածը էսօր բա ո՞ւրա, ինչի՞ չի գալիս, ասում, «ի՞նչ եղաք, Աշխարհիկ ջան, ի՞նչ եղավ, ո՞նց եք»։ Հուսահատվել եմ, շատ եմ հուսահատվել, տենամ ինչ կլինի»,- եզրափակեց նա։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2013/06/20/lyuqs-stepanyan/