Երևանում հանրահավաքի համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում
00:00, June 20, 2008 | Հավաքների և միավորումների ազատությունՀանրահավաքի մասնակից ականատեսի վկայությամբ Երևանում գործող իշխանությունը նախապատրաստական աշխատանքներ է սկսել դեռևս 15:00-ից, թեև հանրահավաքը նախատեսվում է սկսել 18:00-ից:
Երևանի «Ազատության» հրապարակը հարող ամենաբանուկ Մոսկովյան և Տերյան փողոցները դեռ ժամը 15:00-ից շրջափակվել են ոստիկանական ջոկատներով: Մահակներով զինված և վահաններով պաշտպանվող ոստիկանական շարքերն այնպես են շրջափակել «Ազատության» հրապարակը, որ մուտքը հրապարակ դարձել է փաստացի անհնար:
Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչների կողմից կազմակերպվող հանրահավաքը սկսվելու է երեկոյան ժամը 18:00-ին Մատենադարանին հարող տարածքում: «Ազատության» հրապարակը հանրահավաքի իրականացման համար տրամադրելու ընդդիմության պահանջը Երևանի քաղաքապետարանը մերժել էր՝ պատճառաբանելով, որ այդ օրը հրապարակում երեխաների համար խաղեր են կազմակերպվելու: Սակայն ժամը 15:00-ի դրությամբ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը վեր է ածվել ոստիկանական «խաղահրապարակի»:
Ժամը 16:00-ից նմանատիպ շրջափակման է ենթարկվել նաև Մատենադարանի հարող տարածքը, որտեղ էլ նախատեսվում է հանրահավաքը:
Ականատեսի վկայությամբ՝ մարզերից հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար իշխանությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում: Երևան քաղաքի մուտքի մոտ ճանապարհային ոստիկանության խստացված ստուգումներ են անցկացվում: Այն մեքենաները, որոնք ուղևորներ են տեղափոխում հանրահավաքին մասնակցելու համար, տարբեր պատճառաբանություններով ուղևորներով հանդերձ ետ են դարձվում: