Զինդատախազության աշխատանքային խմբում ընդգրկված հ/կ-ները հնարավոր է դուրս գան
05:50, August 22, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԶինդատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը եւ իր գնահատականը ներկայացնի՝ այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի առաջին նիստն արդեն կայացվել է, եւ խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, բայց արդեն արձագանքներ կան, որ զինդատախազությունը փորձել է ընդամենը թելադրել իր պայմանները: Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այդ աշխատանքային խմբի ստեղծումը ձեւական բնույթ է կրելու՝ «Հայկական լեգեոն» միության նախագահ Աղասի Կարապետյանն ասաց, որ եթե որոշել են մասնակցել, ուրեմն նման մտավախություն չունեն. «Դա դեռ առաջին նիստն է եղել եւ տպավորությունների մասին կարող ենք կիսել երկրորդ նիստից հետո»: Խմբի կազմում է նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին նիստին իրենք բացակա են եղել. «Աշխատանքի, ձեւի եւ գործի ուսումնասիրության հետ կապված իրենք գրել են, որ պետք է ուսումնասիրվի տուժողի իրավահաջորդների կողմից ներկայացված դիմումների մի մասը, այն գործերը, որոնք կարճվել են: Բայց, քանի որ մեր կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է զինծառայողների գործերի ուսումնասիրությամբ, մենք ավելի շատ խնդիրներ ենք տեսնում ոչ թե կարճած քրեական գործերով, այլ այն գործերով, որ կոնկրետ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվում, օրինակ՝ Հայկ Մովսիսյանի գործը, հարուցված է քրգործ, բայց ներկա դրությամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված չի: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք դրա հետ կապված, որ պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերը, որտեղ կա արդեն տուժող, տուժողի իրավահաջորդ, այլ նաեւ այն գործերը. որ քրգործերի հարուցումը մերժվել է, չկա տուժող եւ տուժողի իրավահաջորդ»: Աշխատանքային խմբում ընդգրկված «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը պատմում էր, որ առաջին նիստում ոչ մի քննարկում չի եղել, զինդատախազությունը թելադրել է իր պայմանները եւ իրենք հավասարը հավասարի հետ քննարկման սեղանի շուրջ չեն նստել: Ժաննա Ալեքսանյանը չէր բացառել, որ եթե այդպես շարունակվի, իրենք դուրս գան այդ խմբից: Մեր հարցին, եթե դուք էլ նման վերաբերմունք տեսնեք, որ զինդատախազությունը թելադրողի դիրքերում է, հնարավո՞ր է դադարեցնեք համագործակցությունն այդ աշխատանքային խմբում՝ Արայիկ Զալյանը պատասխանեց. «Եթե մենք տեսնենք, որ մեր կազմակերպության մասնակցությունն այնտեղ ձեւական բնույթ է կրում, միանշանակ մենք դուրս կգանք: Բայց այս պահի դրությամբ մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունը: Երկրորդ նիստին՝ ամսի 28-ին էլ ենք ներկայացնելու մեր առաջարկները, նոր դրանից հետո արդեն պարզ կլինի, թե հետագայում մեր կազմակերպությունն ինչ չափով է ներգրավվում կամ չի ներգրավվում այդ խմբում: Գիտեք, այսօր Հայաստանի այդ կառույցների հետ շատ դժվար է աշխատելը, տեսնենք ինչ կստացվի»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am