Զինծառայողը չի ստանում բժշկական որակյալ ծառայություն. Արթուր Սաքունց
08:15, February 25, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԲանակում հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերի պատճառները բժշկական ծառայության ոչ պատշաճ որակը և հրամանատարության անուշադրությունն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Բժշկական ծառայության որակը և հրամանատարների վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ, երբ նրանք հիվանդ են, բավական մտահոգիչ է»,- ընդգծեց Ա. Սաքունցը:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանի հավերժ պնդումներին ի պատասխան, թե զինծառայողները որակյալ բուժօգնություն են ստանում, Ա. Սաքունցը հայտարարեց, որ Ա. Փարսադանյանը չի տիրապետում համակարգի իրավիճակին կամ ակնհայտորեն փորձում է թաքցնել, քողարկել վիճակը, որովհետև փաստերն այլ բան են ասում:
Իրավապաշտպանի խոսքվ, հարցն այն չէ, թե զինծառայողներն ունեն համապատասխան ջերմություն կամ սնունդ, հարցը վերաբերմունքն է: Նա դժվարացավ պատասխանել, թե ինչո՞ւ է վիճակն այսպես սրվել: Ա. Սաքունցի խոսքով՝ մինչև սահման ուղարկելը զինծառայողի հանդեպ պետք է բուժզննում և վերահսկողություն լինի, բայց, ըստ էության, այդ ստուգումները նորմալ չեն արվում և հիվանդ վիճակով զինվորներին հերթապահության են ուղարկում: «Հիվանդությունը սիմուլյանտություն են անվանում, մինչդեռ պարտադիր է համապատասխան բուժզննում անցկացնելը, անհրաժեշտության դեպքում բուժելը կամ հոսպիտալ տեղափոխելը: Համակարգում մոտեցումն այնպիսին է, որ նախքան զորակոչը բուժզննության արդյունքները հաշվի չեն առնում, քանի որ պետք է թվաքանակ ապահովել: Նույն ձևով ներսում մարտական հերթապահությունը և զինվորական պահանջները կատարելու համար երևի կրկին թվաքանակի խնդիր ունեն և ամեն գնով թեկուզ հիվանդ զինծառայողների հաշվին դա լրացնում են»,- ասաց Ա. Սաքունցը՝ տեղեկացնելով նաև, որ մի քանի գործերի վերաբերյալ պատրաստվում են հայտարարություն անել: