Զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներն իրավազուրկ են
12:58, September 20, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունքԹեեւ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ կառավարությունը զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին ապահովում է անվճար որակյալ բժշկական օգնությամբ, ինչպես նաեւ հոգում երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի բժշկական ծախսերը, այնուհանդերձ, «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը պնդում է, որ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացու հանդեպ պարտավորություն ստանձնած պետությունը «ձեռքերը լվանում է» գործից՝ իր խնդրի առաջ միայնակ թողնելով ժամանակին նույն պետության սահմանները պաշտպանելիս հաշմանդամ դարձած քաղաքացուն կամ նրա ընտանիքի անդամներին:
Էդվարդ Հախվերդյանը մեկ տարի առաջ է վիրահատել սիրտը: Լինելով զինծառայողի ընտանիքի անդամ եւ անձամբ զինված ուժերի թոշակառու՝ անվճար ենթարկվել է վիրահատության՝ հավատալով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը վիրահատության գումարը, օրենքի համաձայն, կփոխանցի Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Պետությունը մինչ օրս լռում է:
Հարցի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության դիմումների պատասխաններից պարզվում է, որ ոչ ՀՀ պաշտպանության, ոչ էլ ՀՀ առողջապահության նախարարությունները օժտված չեն գումարի փոխանցում իրականացնել, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ պատասխան է ստացվել, որ կառույցը նշված հարցում չի կարող աջակցել քաղաքացուն, քանի որ ՀՀ պետական բյուջեով այդ նպատակով միջոցներ հատկացված չեն:
«Ոչ ոք չի հերքում, որ տվյալ վիրահատությունը անվճար է, ոչ ոք չի ասում, որ դա անվճար չպիտի արվեր, ուղղակի իրար վրա են գցում: Օրենսդրությամբ պետությունն ստանձնել է տվյալ պարտականությունը, բայց, ըստ էության, պետությունը տվյալ վճարումները չի կատարում»,-բացատրում է Արայիկ Զալյանը:
Ավելին, տեսնելով, որ իր գումարները չեն վճարվում՝ նախկին զինծառայողին վիրահատած բուժհաստատությունը դատի է տվել վերջինիս:
Կազմակերպություն դիմած մեկ այլ քաղաքացի մինչ օրս չի կարողանում զինծառայության ընթացքում հաշմանդամ որդուն ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ:
Արդեն 5-րդ տարին է, ինչ դարպասեցի Սուրեն Ասլամազյանը անկողնային հիվանդ է:
24-ամյա երիտասարդի մոտ բժիշկները հայտնաբերել են արյան քաղցկեղ: Սուրենը հիվանդությունը ձեռք է բերել ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայություն անցնելու ընթացքում:
Ժամանակից շուտ զորացրվելուց ու պետությունից ամսական երկրորդ կարգի զինվորական հաշմանդամության թոշակ ստանալուց զատ՝ Սուրենը մինչ օրս պետությունից ոչ մի օգնություն չի ստացել:
Սուրենի մայրը՝ Թամարա Թորոսյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ 4 հոգանոց ընտանիքն անգամ սննդի գումար չի կարողանում հայթայթել. նրանց միակ եկամուտը հենց հաշմանդամ որդու ստացած ամսական գումարն է, ինչը ոչ մի բանի էլ չի հերիքում.
«Ամեն ամիս Երեւանի արյունաբանական կենտրոնում պիտի բուժում ստանա, բայց գումար չլինելու պատճառով ամիսներով չենք տանում, տանելուց էլ գումար չի լինում, որ նշանակված դեղերը գնենք: Որտեղից առնեմ, էս հինգ տարվա մեջ դրա համար էլ որդուս բուժումը արդյունք չի տալիս, օր օրի հալվում է»:
Արայիկ Զալյանն ասում է, որ նման անձանց զինվորական թոշակ հատկացնելուց բացի՝ պետությունը պետք է հաշվի առնի նաեւ վերոնշյալ անձանց ընտանիքի սոցիալական վիճակը:
«Պիտի նաեւ հաշվի առնի այն հարցերը, որոնք նրանք բարձրացնում են: Լինելով սոցիալապես անապահով, չունենալով ճանապարհածախսի, այնտեղ մնալու գումար՝ ընտանիքը չի կարողանում բուժման տանել որդուն, ինչի արդյունքում վերջինս կամ չի ստանում անհրաժեշտ բուժումը, կամ էլ թերի է ստանում»,- ասում է ՀՔԱՎ-ի իրավաբանը՝ հավելելով, որ այն քաղաքացիները, զինծառայողները, ովքեր զինծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություններ, պետք է պաշտպանված լինեն նման խնդիրներից:
«Տվյալ անձանց խնդիրները պետք է լուծվեն ՀՀ-ի կողմից»,-ասում է իրավաբանը:
Վանաձորցի Արմեն Մարտիրոսյանն էլ մինչ օրս չի կարողանում պրոթեզավորել զինծառայության ընթացքում ականի պայթյունի հետեւանքով կորցրած ոտքը:
«Բացի այն, որ պրոթեզավորում չեն իրականացնում, նաեւ մարդու փաստաթղթերն էլ չէին տալիս անհասկանալի պատճառներով»,- պետության անտարբերության մասին է պատմում Արայիկ Զալյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/09/20/111327/