«Զինված ուժերի համակարգում ոչինչ չի փոխվում, ցավոք սրտի»
06:33, January 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀարցազրույց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանի հետ:
-Ի՞նչ կարելի էր անել հայկական բանակի վիճակը բարելավելու համար, որ չի արվում:
-Նախ եւ առաջ, ինչպես շատ այլ բնագավառներում, ՀՀ զինված ուժերում եւս բարելավումներ կատարելու համար անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք, իսկ եթե չկա այդ կամքը, ապա կարող ենք հորինել բազում պատճառներ՝ բոլոր խախտումների համար մեղադրելով հասարակությանը, զինվորներին, սպաներին՝ ասելով, որ նրանք «չարաճճի են» ու իրենց ընտանիքներից վատ բարքեր են բերում բանակ: Սա ինձ համար անընդունելի է, հատկապես երբ պաշտպանության նախարարն է արտահայտում այդ միտքը:
Այսպես կոչված, «բարեփոխումները» բնավ ի օգուտ զորակոչիկների եւ զինծառայողների չեն լինում, ինչպես, օրինակ, բոլորովին վերջերս «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունը, որով ուզում են ներդնել գրավի ինստիտուտը: Սրա միակ նպատակը բանակը ցանկացած գնով համալրելն է: Համալրման հարցը լուծվում է նաեւ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին զորակոչելու միջոցով: Իհարկե, դա իր շարունակությունը գտնում է արդեն զինծառայության ընթացքում, երբ չի ապահովվում զինծառայողների պատշաճ բժշկական աջակցությունը, որը տանում է ավելի լուրջ խախտումների՝ ընդհուպ մինչեւ մահացության դեպքերի: Այն որակումը, թե այդ հիվանդությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, այնքան էլ հիմնավոր չեն, չնայած, իհարկե, չեն բացառվում, որ այդպիսի դեպքեր կան: Բայց հարց է առաջանում, թե ինչպես է պատահում, որ հենց զինծառայության ժամանակ է այդ երիտասարդների մոտ առաջանում տվյալ հիվանդությունը: Խնդիրը բոլորովին այն չէ, որ որոշ հիվանդություններ չունեն զարգացման արագ ընթացք, այլ այն է, որ այդ հիվանդությունների զարգացման համար կարող են լինել տարբեր գործոններ, զարգացմանը նպաստող ոչ բավարար պայմաններ: Դրանք արդեն իսկ ցուցանիշ են բանակում բուժծառայության որակի եւ բժշկական սպասարկման վիճակի վերաբերյալ:
-Ի՞նչ հարցերով են դիմում ձեր կազմակերպությանը զինծառայողների ծնողները:
-Կազմակերպություն 2013 թ-ին դիմել են մոտ 30 զորակոչիկներ կամ նրանց հարազատներ, եւ գերակշռող մասը դիմել է հենց առողջական խնդիրների հետ կապված հարցերով: Եւ ուսումնասիրելով նրանց փաստաթղթերը՝ հանգում ենք այն եզրակացության, որ, իսկապես, պաշտպանական գերատեսչությունը վարում է բանակը ամեն կերպ համալրելու քաղաքականություն: Ունենք այնպիսի օրինակներ, երբ երկու անգամ բուժման նպատակով տարկետում ստացած անձը զորակոչվում է՝ առանց առողջական վիճակի որեւէ փոփոխության: Շատ դեպքեր կան, երբ մի քանի հիվանդությունների զուգակցմամբ է երիտասարդը զորակոչվում, որն իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում: Չի գնահատվում տվյալ զորակոչիկի՝ երկրի պաշտպանությանը ծառայելու կարողությունները եւ հնարավորությունները: Չէ՞ որ հիվանդ երիտասարդները չեն կարող լիարժեք ապահովել երկրի ապշտպանությունը:
-Բանակի ծեծկռտուքների, հրամանատարների եւ զինվորների հարաբերություների մասին ի՞նչ կասեք:
-Բժշկական օգնության ոչ պատշաճ տրամադրման վառ օրինակ է, դժբախտաբար, վերջերս ծեծի ենթարկված Մհեր Խլղաթյանի հետ կապված դեպքը: Ի դեպ, դրա վերաբերյալ նախարարն արդեն իսկ կանխակալ կարծիք է արտահայտել՝ ասելով, որ Մ. Խլղաթյանի մարմնին խոշտանգման հետքեր չկան, այնինչ հարազատները պնդում են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր կան, այդ թվում եւ այրվածքներ: Խնդիրները բազմաթիվ են, եւ բռնություններն ու ծեծկռտուքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ չդադարեն կանոնադրային հարաբերությունների խախտումները, որի արդյունքում հատկապես թիրախ են դառնում շարքային զինծառայողները:
-Զինված ուժերի օրենքը բավարարու՞մ է զինվորին իր իրավունքները պաշտպանելու համար:
-Զորակոչի ընթացքում կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ զինվորական ծառայությանը պիտանիության որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, զորակոչիկը հնարավորություն չունի բողոքարկելու այդ որոշումը եւ արդյունքում՝ նա ստիպված է լինում ստանալ ծանուցագիրը եւ զորակոչվել ծառայության: Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ընթացակարգ կամ բավարար ժամանակ, որպեսզի զորակոչիկը հնարավորություն ունենա բողոքարկել որոշումները: Մենք բազմիցս բարձրացրել ենք նաեւ, անկախ պահանջից, զորակոչիկին իր առողջական վիճակի հետազոտման ակտերի պատճենների տրամադրման հարցը, որը մինչ օրս չի իրականացվում:
-Ինչո՞ւ են խաղաղ պայամաններում այդքան զոհեր գրանցվում:
-Մահացության դեպքերի առումով 2013-ի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, թեեւ պակաս է, բայց իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: 2013 թ-ին բանակում գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից 5-ը տեղի է ունեցել հրադադարի խախտման պատճառով, 4-ը առողջական խնդիրների, իսկ 8-ը որակված է որպես ինքնասպանություն: Մնացած դեպքերում զինվորները սպանվել են ծառայակիցների կողմից կամ մահացել են վթարների հետեւանքով եւ այլ պատճառներով: Վերջին տարիներին «ինքնասպանություն» որակումը գերակշռում է, չնայած դրանց ետեւում սպանության հետքեր են թաքնված: Օրինակ, Հայկ Կալեյանի դեպքում, երբ «ինքնասպանությունը» երեք գնդակով է եղել, որը հնարավոր չէ: Բացի այդ, սովորաբար մահվան դեպքերի նախաքննությունն այնքան էլ վստահություն չի ներշնչում եւ օբյեկտիվ չեն իրական հանգամանքները պարզելու համար, քանի որ գոնե այն քրեական գործերը, որոնցում մեր կազմակերպությունն է ներգրավված, հստակ ցույց են տալիս, որ հրամանատարների վարքը, անգործությունը կամ պաշտոնական դիրքի չարաշահումը համարժեք գնահատականի չի արժանանում: Չի քննարկվում, թե ինչու է զինվորը ինքնասպանություն գործում, չի քննարկվում այն, որ շատ հավանական է, դա տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում: Մշտական մտահոգիչ խնդիրներից մեկը բանակում առկա կոռուպցիան է եւ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը: Բոլորովին չի վերահսկվում, թե ինչի վրա են ծախսվում ռեսուրսները: Կարծում եմ՝ երկրի պաշտպանությունը պետք է ապահովվի բանակով, որտեղ ցանկացած զինվոր հարգված է, որտեղ չկա զինվորի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որտեղ ծառայում են միայն առողջ երիտասարդներ: Միայն այս դեպքում է հնարավոր ունենալ մարտունակ բանակ:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/banak_armine_sadikyan-hy/