Զինվորին փրկությունն սկսվում է փոքր հաղթանակներից
14:45, December 19, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՊետությունը, որը չի գնահատում ու պահպանում իր զինվորի կյանքը, դատապարտված է կործանման: Ցավոք, Հայաստանը գնում է այդ ճանապարհով, որովհետեւ զինված ուժերում կատարվող հանցագործությունները` կոնկրետ մահվան դեպքերը, կարծես ավելանում են: Միաժամանակ, հանցանքների կատարման մեթոդներն են շատանում, իսկ շարժառիթները մնում են գրեթե նույնը` ազդեցության ձեռքբերում համածառայակիցների շրջանում, որը կարող է ուղեկցվել ինքնուրույնություն ունեցող եւ ֆիզիկապես ուժեղ կամ չգրված օրենքներին չենթարկվող զինվորներին «կոտրելով», «բանակային ռեկետով», թույլ զինվորներին ճնշելով, նվաստացնելով, ինչն էլ կարող է հանգեցնել սպանության կամ ինքնասպանության:
Եթե հավատալու լինենք նախաքննական մարմնին, ապա վերջին 2 տարում մեր բանակում սպանություններ քիչ են լինում, իսկ մահվան դեպքերը դժբախտ պատահարների հետեւանք են կամ ինքնասպանություններ: Բայց եթե մի փոքր ուշադիր ուսումնասիրենք այդ դեպքերը` կնկատենք, որ դրանց գերակշռող մասը անզգուշությամբ կամ դիտավորությամբ ու դաժանությամբ կատարված սպանություններ են` պետության թողտվությամբ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չլինի` սկսենք օրինակներից:
ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Ալեքսանդր Շոնովը 2010թ-ի հունիսի 10-ին, սահմանապահ վերակարգում Գարիկ Ղարիբյանի հետ գտնվելով ծառայության մեջ, մոտավորապես ժամը 04:30-ին իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Ըստ քրգործի` Շոնովին ինքնասպանության է հասցրել ժամկետային զինծառայող Հայկ Մաղաքյանը` նրան անհիմն մեղադրելով իր 30.000 դրամը գողանալու մեջ, որի շուրջ խոսակցությունը նրանց միջեւ եղել է դեպքի նախորդ օրը: Այսինքն, Հայկը խախտել է զինվորական փոխհարաբերությունների կանոնակարգը` հալածել ու ստորացրել Շոնովին, վերջինս էլ լինելով հուզականորեն անկայուն, պատվախնդիր, եւ հայտնվելով անելանելի վիճակում` ինքն իրեն կրակել է` դրանից առաջ հեռախոսի մեջ թողնելով ձայնագրություն:
Բայց արդյո՞ք շարքային Հ. Մաղաքյանի գործողություններն են ծանր հետեւանքի` եթե հաշվի առնենք որոշ հանգամանքներ.գործով ցուցմունք տված շատ վկաները` շարքային եւ սպայական կազմից, ասել են, որ Հայկն ու Շոնովը նորմալ հարաբերությունների մեջ են եղել, սակայն զինվորներից Գարիկ Ղարիբյանի ուղղորդմամբ /ով նաեւ դեպքի օրը եւ պահին եղել է Շոնովի հետ վերակարգում/ Հայկը իր փողը հափշտակելու մեջ սկսել է կասկածել Շոնովին: Բայց ոչ թե մեղադրել ու հայհոյել է նրան` պահանջելով վերադարձնել գումարը, այլ ընդհանուր հայհոյանք է տվել տանողի հասցեին, իսկ Շոնովին մի քանի անգամ ասել` եթե դու ես տարել` բեր տուր: Սակայն վերջինս վիրավորվել է եւ ասել, որ ինքը չի տարել: Վկաները նշել են, որ Շոնովը սկզբում լավ է ծառայել, բայց հետո սկսել է խախտել ծառայության կանոնները, եւ նրան տեղափոխել են այլ ուղեկալ: Շոնովը հանգիստ, բարի տղա է եղել, բայց մեկ-մեկ կարող էր բռնկվել եւ տարօրինակ դառնալ: Իր ցուցմունքում կարեւոր տեղեկություններ է հայտնել Շոնովի մայրը` Էմմա Սաքանյանը. նշել է, որ 2008թ.-ի նոյեմբերին տղան մեկնել է ծառայության: Սկզբից նորմալ ծառայել է, հետո սկսել է կապիտան Արման Մարալչյանից բողոքել: «Միշտ ասում էր, որ նա իրեն ծեծում է»: Մի անգամ էլ զանգել է եւ ասել` «սպանում է` հասիր»: Զանգից երկու օր անց լսել է, որ որդուն այդ ուղեկալից տեղափոխել են նույն զորամասի այլ ուղեկալ: Տղան հեռախոսով հայտնել է, որ նոր ծառայության վայրում ոմն Հայկ իրեն ծաղրում է: Ուղեկալից տեղափոխելու պատճառը մորը հայտնի չէ, սակայն տղան ասել է, որ իբր երակը կտրելու համար են տեղափոխել, բայց նման բան չի եղել, վայր է ընկել թիթեղի վրա: Հայկից բողոքել է դեպքից 10 օր առաջ` ասելով, որ ներվերն ուտում է: Տղան առողջ երեխա է եղել, լավ վարքի տեր: Ամեն օր զանգահարել է իրեն, վերջին օրերին զգացել է, որ որդին տխուր է: Դեպքից հետո դիակի վրա մարմնական վնասվածքներ չի նկատել, մինչդեռ Շոնովի քեռին նրա ձեռքին կապտուկ է նկատել:
Ըստ մյուս կարեւոր վկա Գարիկ Ղարիբյանի` Շոնովը կրակելուց առաջ ձայն է տվել իրեն` ասելով. «Գարիկ ջան, կներես»: Գարիկը տեսել է, որ նա զենքը դրել է դնչի տակ: Հարցրել է` ի՞նչ ես անում` մտածելով կատակում է: Նա պատասխանել է` «Դու պրոբլեմ չունես, զապիս եմ թողել /բջջային հեռախոսի մեջ/», ու կրակել: Հեռախոսում մեկ րոպե տեւողությամբ ձայնագրություն է եղել, որտեղ Շոնովն ասում է. «Մամ ջան, պապ ջան, կներեք, էլ չեմ դիմանում, խանութին պարտքեր ունեմ, Գարիկը կապ չունի, նա ինձ հետ նարյադ է, նրան բան չանեք»:
Կապիտան Արման Մարալչյանի մասին էլ կարող էինք մոռանալ, եթե վկաները չհիշատակեին նրա անունը Գարիկ Ղարիբյանի մի հարցադրման հետ կապված. դեպքից հետո, ճաշարանում վերջինս համածառայակիցներին հարցրել է` Շոնովի «զապիսը» տա՞մ Մարալչյանին, թե՞ ոչ: Նախ, եթե ձայնագրության մեջ ընդամենն այդքանն էր, ապա Գարիկն այն կապիտանին հանձնելու մտահոգություն չպետք է ունենար եւ դեպքից անմիջապես հետո պետք է հանձներ իրավապահներին: Բայց կասկածելի է, որ 1 րոպեանոց ձայնագրության մեջ կարող է ընդամենը մեկ նախադասություն լինել` այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում միջին տեմպով կարելի կարդալ կամ ասել օրինակ` տետրի մեկ թերթի վրա գրված մի ամբողջ տեքստ: Ուստի չի բացառվում, որ նախաքննական մարմինն այդ կարեւոր ձայնագրությունից «դուրս թողած» լինի դեպքը բացահայտող կարեւոր հանգամանքներ ու անուններ, այդ թվում` կապիտան Արմանինը, այլապես ինչու՞ էր Գարիկն ուզում «զապիսը» նրան տալ. արդյո՞ք դրա մեջ կապիտանին մերկացնող ձեւակերպումներ չկային: Չի բացառվում, որ Ա. Մարալչյանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով, հենց Գարիկի միջոցով է Հայկի կասկածն ուղղորդել դեպի Շոնովը` ասելով, թե վերջինս ելակ է բերում զորամասում վաճառում, իմացի` փողո՞վ /նկատի է ունեցել` գողացած/ է վերցնում, թե՞ նիսյայով…Մարալչյանի նկատմամբ կասկածն ամրապնդվում է նաեւ վկա Սերյոժա Ղուկասյանի ցուցմունքով, ով 6 ամիս Շոնովի հետ ծառայել է եւ պատմել նրա ասածը. ըստ այդմ, Շոնովը դեռ նախկին ուղեկալում ասել է, որ ուզում է իր կյանքին վերջ տալ: Մի անգամ ասել է, որ ցանկացել է հրամանատարին խփել, սակայն մայրն աչքի առաջ է եկել եւ չի խփել: Այսինքն, Մարալչյանն ու Գարիկը եւս կարող էին հայտնվել կասկածի տակ, նրանցից առաջինը` իշխանազանցության եւ ինքնասպանության հասցնելու համար, երկրորդը` գուցե օժանդակելու: Բայց դեպքը եղել է Հայկի` փողի մասին խոսակցություններից հետո եւ նա էլ դարձել է մեղադրյալ, հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 6 տարվա ազատազրկման /359-րդ հոդ. 3-րդ մաս/, իսկ բողոքարկումից հետո` պատժաչափն իջեցվել է 4 տարի: Մինչդեռ Հայկ Մաղաքյանի պաշտպանը պահանջում է` արդարացնել Հայկին կամ նշանակել ավելի մեղմ պատիժ` նախատեսված ինքնասպանության հասցնելու /110 հոդ./ հոդվածի հատկանիշներով: Գործի դատաքննությունը դեռ չի ավարտվել, բայց հարկ է նկատել, որ տվյալ դեպքում զորամասի հրամանատարությունն անփույթ վերաբերմունք եւ անպատասխանատվություն է դրսեւորել. զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, հոգեբանը գոնե պետք է տեղյակ լինեին Վալերի Շոնովի մոտ` ծառայությունից որոշ ժամանակ անց, ինչ-ինչ հանգամանքներում ի հայտ եկած խնդիրների մասին, հատկապես` երակները վնասելուց հետո: Իսկ նրա գործողություններում առկա ամեն մի վտանգավոր դրսեւորման մասին պետք է անմիջապես զեկուցվեր հրամանատարությանը վերադասության կարգով եւ համապատասխան միջոցներ ձեռնարկվեին: Բայց հենց սպա Ա. Մարալչյանի դրսեւորած գործողությունները եղել են օրինազանցություն, մնացել անհետեւանք եւ կարող էին օրինակ դառնալ շարքային զինվորների համար եւ նպաստել օրինազանցություն կատարելուն:
ԼՂՀ Եղնիկներ կոչվող զորամասի ժամկետային զինծառայող Անդրանիկ Ղահրամանյանն էլ 2011-ի հուլիսի 15-ին սպանել է իր վաշտի հրամանատար Անդրանիկ Հարությունյանին` մոր հասցեին արված վիրավորական արտահայտության համար. ըստ քրգործի` հրամանատարը զինվորի հոր հրավերով մեկ օրով հյուրընկալվել էր նրանց տանը, իսկ հաջորդ առավոտյան` իր ենթակա զինվորին ասել` «մամադ լավն ա, գեղեցիկ ա, տեսա՞ր ոնց էր նայում, կարող ա՞ բոզ ա»: Անդրանիկն էլ դրանից խիստ վրդովվել է, ասել`«թեման փոխի, հետո` կասեմ». զորամաս հասնելուն պես` ծառայության ընթացքում զենքով սպանել է քնած հրամանատարին: Գործը դեռ դատաքննության փուլում է: Այս դեպքում եւս զինվորի հակաօրինական քայլը պայմանավորված է հրամանատարի հակաբարոյական պահվածքով եւ օրինակով. մինչդեռ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքային օրենքն արգելում է` զինվորի պատվի եւ արժանապատվության ստորացումն ու ծաղրը, եւ պարտադրում սպային` լավ օրինակ լինել ժամկետային զինծառայողի համար: Այսինքն, պետության անունից եւ կողմից լիազորված անձը չի կատարել զինվորի նկատմամբ` իր պարտականությունը, եւ ինքն էլ դրա զոհը դարձել:
Բայց կան նաեւ կյանքի իրավունքի խախտման այլ բնույթի դեպքեր. բանակում շատացել են մեքենաների շրջվելու հետեւանքով մահվան դեպքերը: Դա կարող է առնվազն երկու եզրակացության հանգեցնել. կամ մեքենաների վարորդ զինվորները համապատասխան որակավորում չունեն, կամ` մեքենաներն են անսարք: Նման մի դեպք էլ եղել է Վայոց ձորի մարզում` 2011-ի հուլիսի 22-ին: Ըստ քրեական գործի` արգելակային համակարգերի խափանման պատճառով զինվորներին տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով երկու զինծառայողներ մահացել են, մի քանի զինծառայողներ էլ տեղափոխվել են հիվանադանոց: Նախաքննության եւ դատաքննության ընթացքում պարզվել է, որ զինվորներ տեղափոխող մեքենայի վարորդը` պայմանագրային զինծառայող Արմեն Հակոբյանը մեքենայի անսարքությունների մասին բազմիցս տեղեկացրել է զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին եւ ավտոծառայության պետ Արա Օհանյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ ավտոպահեստամասեր չկան: Իսկ դեպքից հետո Արարատի եւ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել միայն ավտոծառայության պետ Ա. Օհանյանին` մեքենաներ շահագործելու կանոնները խախտելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար` դատապարտելով 4 տարվա ազատազրկման եւ 200.000 դրամ տուգանքի: Դատաքննությունը դեռ չի ավարտվել, քանի որ պաշտպանը խնդրում է պատիժը պայմանականորեն չկիրառել: Իսկ թե ովքեր են մեղավոր եղել` զորամասում ավտոպահեստամաս չլինելու համար, նախաքննական մարմինը կարծես չի պարզել ու չի պատժել: Այստեղ եւս պաշտոնեական անգործության, անփութության կամ յուրացման տարրեր կարող են լինել, որոնք հանգեցրել են ծանր հետեւանքների:
Վիճակը գրեթե չի փոխվել նաեւ սպանությունների կամ դրա իմիտացիաների առումով: Առայժմ մի կողմ թողնելով դեռ նախաքննության ընթացքում գտնվող վերջին դեպքերը` հիշատակենք ներպետական դատական ատյաններն անցած քրեական գործերից մի քանիսը. դրանցով չփարատված կասկածներ են մնացել սպանության հանգամանքների վերաբերյալ` չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին: Դրանցից մեկը Գեղամ Սերգոյանի դեպքն է. 2007-ի ապրիլի 15-ին` ԼՂՀ Ստեփանակերտի կապի զորամասի հերթապահ մասին կից սենյակում, ըստ պաշտոնական վարկածի` կապի դասակի հրամանատար, բարձրագույն կրթությամբ Հենրիխ Գրիգորյանի անզգույշ կրակոցից սպանվել էր ժամկետային զինծառայող, Ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Գեղամ Սերգոյանը: Ներպետական դատարանները Հենրիխ Գիրգորյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, սակայն Սերգոյանի ծնողները մինչ օրս չեն հավատում այդ վարկածին, թեեւ ինչ-որ անձանցից վախեցած Հենրիխը դատարանում «խոստովանել էր» արարքը, «զղջացել», որ թույլ հրամանատար է եղել: Գուցե նկատի ուներ` իրեն ենթակա եւ քննությունից դուրս մնացած Հակոբ Գրիգորյանի նկատմամբ թույլ լինելը, ում հետ Սերգոյանը քաշքշուկի մեջ էր եղել դեպքից անմիջապես առաջ, եւ ում ինքը չէր կարողացել սաստել Սերգոյանին նեղելու համար եւ կանխել հանցագործությունը. ժամը 21.45-ի սահմաններում Հենրիխը մտել էր հերթապահ մաս, որտեղ տեսել էր շարքայիններ Հակոբ Գրիգորյանին եւ Գեղամ Սերգոյանին զրուցելիս, սակայն վերջինիս դեմքը այլայլված էր եղել, վերնահագուստի կոճակներն արձակված, ներքնաշապիկը տաբատի տակից դուրս եկած: Հենրիխի պատմածով, ինքը Գեղամին հարցրել է` «Ի՞նչ է եղել, գնա քեզ կարգի բեր», ինչին Գեղամը «իռոնիայով» պատասխանել էր` «ոչ մի բան էլ չի եղել» եւ ցանկացել է դուրս գալ հերթապահ մասի սենյակից, բայց չի կարողացել: Ըստ քրգորիծի` Հենրիխը նրան ուժով հենել է պատին, եւ երբ Հակոբը թիկունքից մոտեցել է նրանց, Հենրիխը ձեռքը տարել է իր զենքին եւ հանել: Այդ պահին Հակոբը բռնել է նրա ձեռքը, եւ չգիտի, թե ինչպես է կրակոց արձակվել: Իսկ մինչեւ դեպքը հերթապահ մասի դիմաց ինչ-որ վիճաբանություն է եղել, վտանգավոր վիճակ, որը իբր լուծվել է քաղաքացիական հագուստով զորամաս եկած անձանց կողմից` ներքին «կուխնյայով»: Թե ինչ «ռազբորկա» է եղել, այդպես էլ անհայտ է մնացել` թե’ դրդապատճառի եւ թե’ սպանողի մասով, քանի որ նախաքննական մարմինն ու դատարանն անտեսել են նաեւ տուժող կողմի` զենքի եւ սպանվածի մարմնից հանված փամփուշտի փորձաքննություններ անելու վերաբերյալ միջնորդությունները: Եւ հայրը` Ռոբերտ Միրզոյանը չգիտի` ով եւ ինչու է սպանել իր որդուն:
Նույն 2007-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասում` կորպուսի հրամանատարի հանգստի սենյակից մի քանի մետր հեռու, գտել էին ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի դին` մարմնական վնասվածքներով: Զինդատախազությունն այդ սպանությունը որակել էր որպես էլեկտրահարման հետեւանք եւ ծառայողական անփութության համար մեղադրանք առաջադրել զորամասի կապի հանգույցի պետ Ռուստամ Ասատրյանին եւ ժամկետային զինծառայող Կարեն Թովմասյանին. նրանք իբր չէին ապահովել կապի հանգույցի համար նախատեսված մետաղալարի հողանցումը, եւ Տիգրանը դիպչելով բաց հոսանքով մետաղալարին` մահացել էր: Սակայն Տիգրանի ծնողները նույնպես չեն հավատում պաշտոնական վարկածին. ավելին, նրանց հետեւողական պայքարից հետո, այդ անմեղ տղաներն արդարացվել են, քանի որ նույնիսկ փորձաքննություններով չէր ապացուցվել այդ տղաների մեղքը. խնդրո առարկա մետաղալարը իրականում ոչ թե ապահովել էր հոսանքի մատակարարումը, այլ ընդամենը կապի հանգույցի հենականգնակը կանգուն պահելու ձգան էր եղել, որպեսզի քամիների կամ ինչ-որ ցնցումների ժամանակ այն շուռ չգա: Մինչ օրս ծնողները պահանջում են` ասել Տիգրանի մահվան իրական պատճառը եւ պատժել իրական մեղավորներին, ովքեր, ծնողների տեղեկություններով, ցանկացել էին «կոտրել» ֆիզիկապես ուժեղ իրենց որդուն, ով մի առիթով պաշտպանել էր մի անմեղ զինվորի արժանապատվությունը:
Այս գործին հետեւեց անմեղ զինվորների արադարացման երկրորդ դեպքը. օրեր առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը արդարացրեց 9 տարի առաջ Մատաղիսի զորամասում կատարված 2 զինվորի սպանության գործով մեղադրվող երեք երիտասարդներին: Այս գործն արդեն մեկ անգամ վերադարձվել էր նոր քննության, իսկ սպանության մեջ մեղադրվող երեք անմեղ երիտասարդները` Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը եւ Մուսա Սերոբյանը, ազատ արձակվել` ապացույցների անբավարարության պատճառով: Սա եւս հնարավոր եղավ ծանրակշիռ ապացույցների, տուժող կողմի եւ հանրության ճնշման ներքո, սակայն դատախազական մարմինը մինչեւ վերջերս էլ չէր ցանկանում մեղադրանքը հանել տղաների վրայից` ձգտելով մի քիչ մեղմել պատիժը /քանի որ այս գործի վերաբերյալ Եվրադատարանը առաջիկայում վճիռ պետք է կայացնի/, բայց հասնել մեղադրական դատավճռի: Տուժող եւ պաշտպանական կողմերն այդ սպանության մեջ մեղավոր են համարում զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին եւ Արմեն Հակոբյանին, ով այժմ ՀՀ ոստիկանապետի մերձավոր շրջապատից է, իսկ որպես քրեական գործի սցենարիստ` տեսնում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին:
Չնայած տղաներին արդարացրին, բայց այդ դեպքից հետո անցած 9 տարիների ընթացքում դրսեւորված այդ անպատժելիությունն նոր հանցագործություններ է ծնել Մատաղիսի զորամասում: Վերջին դեպքերից մեկն էլ 2011-ի հոկտեմբերի 12-ին էր. ըստ մեղադրանքի` ժամկետային զինծառայող Ռաֆիկ Մնացականյանը, ժամը 12.10-ի սահմաններում վիճաբանել է շարքային Յուրիկ Ներսիսյանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը, այնուհետեւ բռնություն գործադրելով` ապտակելով եւ մեկ անգամ ոտքով հարվածելով Յուրիկ Ներսիսյանի կրծքավանդակի շրջանին` նրան հասցրել է ինքնասպանության.ժամը 12.40-ի սահմաններում,կացարանին կից գտնվող պտտաձողի մոտ Յուրիկ Ներսիսյանը իրեն ամրակցված ՍՎԴ տեսակի հրացանից կրակոց է արձակել իր ծնոտի ստորին շրջանին եւ ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացել է:
Բացի այդ, Ռ.Մնացականյանը նույն օրը` ժամը 12.15-ի սահմաններում ստորացրել է նաեւ ժամկետային զինծառայող` Բենիկ Պետրոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Քրեական գործը դեռ առաջին ատյանի դատարանում է:
Մեկ այլ դեպք էլ հիշատակենք. 2010-ի հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Հադրութի զորամասի զորանոցի նկուղում կախված վիճակում հայտնաբերվել էր նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի /ծնվ.1992թ.,/ դին` դաժան բռնության հետքերով, ինչը հետո հաստատել էին նրա հարազատները. սկզբում խոսակցություններ կային, որ Սամվելը ինչ-որ խնդիրներ է ունեցել զորամասի որոշ սպաների հետ. նրան պարտադրել են` ամանները լվանալ, սակայն քննչական մարմինը սպայակազմին թողած` միանգամից կենտրոնացել էր շարքային զինվորների վրա եւ քրգործ հարուցել ՀՀ քր. օրի 359 հոդվածի 3-րդ մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս հոդվածը սովորաբար եւ հաճախ կիրառվում է որպես սպանության հոդվածի այլընտրանք` մեղմ տարբերակ, եթե սպանությունը որպես ինքնասպանություն որակելը դժվար է եւ խիստ անհրաժեշտություն չկա:
Վերջաբանի փոխարեն. ցավոք, այս մոտեցումը չի փոխվել վերջին մոտ 10 տարիների ընթացքում. պարզապես որքան հնարավոր է` ավելի շատ են որպես ինքնասպանություն որակում, կամ եթե սպանվածները մի քանիսն են, գործը կառուցում են մի թեթեւ առիթից ծագած ինչ-որ վրեժխնդրության շուրջ, որի արդյունքում իբր մեկը սպանում է բոլորին, հետո ինքնասպան լինում: Այդպես փորձում են կարճել գործը` տուժողներին զրկելով սպանության հանգամանքների բացահայտմանը մասնակցելու եւ հրապարակայնացնելու հնարավորություններից` ինչպես փորձում են դա անել 2010-ի հուլիսի 28-ին Մարտունու զորամասերից մեկի հենակետում կատարված 6 հոգու սպանության գործով: Դրանով իրավապահները փորձում են իրենց ապահովագրել քրեական գործեր վարելու, տուժողների հարազատների հետ առճակատվելու, ինչպես նաեւ հետագայում ֆինանսական փոխհատուցումներ տալու «գլխացավանքից»: Բայց այդ մտածելակերպը փոխելու համար, ո՞րը պետք է լինի մեր անելիքը. հետեւողական պայքարն ու հանրային ճնշումը իշխանության նկատմամբ` այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարից, դատախազից մինչեւ շարքայինը չեն հասկացել, որ զինվորը պետության պատասխանատվության տակ է եւ ազգովի ենք պատասխանատու նրանցից յուրաքանչյուրի կյանքի անվտանգության համար: Իսկ չհասկացող մեղավոր պաշտոնյաներին` անկախ տրամաչափից պետք է անձամբ նյութապես սնանկացնել` Եվրադատարանի վճիռներով փոխհատուցումները տուժածների ընտանիքներին փոխհատուցելու համար: Դրա համար հավանաբար անկյունաքարային կդառնա սպանված զինվոր Գեւորգ Կոծինյանի գործը, ում կյանքի իրավունքը խախտվել է պետության կողմից լիազորված անձանց անգործության հետեւանքով:
Իսկ առայժմ հասարակական պայքարով մեկ-մեկ հաջողվում է գոնե անմեղ զինվորներին փրկել ապօրինի պատժից, մեկ-մեկ էլ` թեթեւացնել պատիժը` չկատարած հանցանքի համար: Ուստի, պետք չէ հուսահատվել, որովհետեւ ամեն ինչ սկսում է փոքր հաղթանակներից…
Էլմիրա Մարտիրոսյան
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում: Սույն հոդվածի մեջ արտահայտված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ հնարավոր է, որ չհամապատասխանեն ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետներին:
Հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակներում, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից: