Զորակոչիկների իրավունքների իրազեկում` բանակ գնալուց առաջ
14:41, May 29, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2013թ.-ի ապրիլից Եվրոպայի անվտանգության եւ Համագործակցության/ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ/ ֆինանսական աջակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է «Զորակոչիկների եւ զինծառայողների իրազեկումը եւ նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագիրը:
Հիմնական նպատակն է զորակոչիկներին իրազեկել իրենց իրավունքների մասին, նպաստել նրան, որ իրենք, անհրաժեշտության դեպքում, կարողանան պաշտպանել դրանք: Ինչպես նշում է ծրագրի եւ ՀՔԱ խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը, այս պահին ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են ընթանում եւ իրավական ուղեցույց ու նյութեր են նախապատրաստվում զորակոչիկների համար, որոնցով պիտի իրականացվի ծրագիրը. «Այստեղ կարեւոր է նաեւ այն, թե ինչպես անեն, որ ապագա զինվորներն էլ կարողանան իրենց իրավունքները պաշտպանել զորակոչի ընթացքում` կցագրումից սկսած մինչեւ զուտ տեխնիկական խնդիրներ, բուժսպասարկում, հանձնաժողովներում այս կամ այն ընթացակարգ, փաստաթղթերի տրամարդում իրենց զինծառայության ընթացքում, իրավունքներ, պարտականություններ եւ այլն»:
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել Լոռու մարզի չորս քաղաքներում` Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ: Հունիս ամսին կլինի սեմինարի առաջին շրջանը` ամեն քաղաքում 25-30 զորակոչիկների հետ, հետո արդեն հաջորդ ամիսներին երկրորդ շրջանը կլինի աշնանային զորակոչին բանակ մեկնողների համար. «Նմանատիպ ծրագրեր մենք բազմիցս արել ենք նաեւ ամբողջ հանրապետության մասշտաբով 2009 թ.-ին, որը շատ ավելի լայն ծրագիր էր: Երեք կազմակերպություն էինք այն ժամանակ, մենք հյուսիսային երեք մարզերում էինք իրականացնում»,- նշում է ծրագրի համակարգողն ու շտապում հիշեցնել` չնայած հնարավորություն եղավ միայն Լոռու մարզում իրականացնել, բայց գործունեությունը թույլ է տալիս տարածվել մյուս մարզերում գրքույկի միջոցով, որը կտարածվի 500 այլ զորակոչիկների շրջանում:
Զրուցակցիս խոսքով` այս պահին ակտիվություն չկա, պատրաստվում են ինֆորմացիան տարածել դպրոցներում, զինկոմիսարիատներում, նաեւ հայտարարությունների միջոցով իրենց կայքում. «Այս սեմինարի համար դեռ արձագանքներ չկան, բայց շատ զորակոչիկներ իրենց իրավունքների պաշտպանության համար մեզ արդեն իսկ դիմում են: Ցանկացողները պետք է գրանցվեն` նախապես դիմելով, որ իմանան տեղը, ժամը ու կարողանան մասնակցել»:
Համեմատելով նախորդ մի քանի ծրագրերը` Արմինե Սադիկյանը հետաքրքրվածության ու իրազեկվածության աճ է նկատում այն առումով, որ եթե այն ժամանակ ամբողջ զորակոչի ընթացքում դիմում էին երկու-երեք զորակոչիկներ, ապա հիմա այդ թիվն անհամեմատ աճել է. «Դա մի քանի պատճառ ունի. նախ` մշտապես հանրությունն իրազեկվել է այդ մասին, կան նաեւ ոգեւորող, հաջողության հասած պատմություններ. օրինակի վրա իրենք հասկանում են, որ եթե տեղյակ ես եւ ուզում ես, կարող ես հասնել հաջողության»:
Հարցին` չարժեր նման մի սեմինար էլ կազմակերպել հրամանատարական կազմի համար՝ իրենց իրավունքների ու պարտականությունների ճիշտ կատարման եւ չչարաշահման առնչությամբ, ծրագրի համակարգողը պատասխանում է. «Հրամանատարները, եթե արդեն հրամանատար են, պիտի իմանան իրենց իրավունքները, ինչը, դժբախտաբար, ոչ միշտ է այդպես, բայց, քանի որ մշտապես զբաղվում ենք այդ հարցով, արդեն պաշտպանական գերատեսչությունը տեղյակ է նման նախաձեռնություններին: Մենք մշտապես տարբեր զեկույցներով ենք հանդես գալիս Զինված ուժերում այս կամ այն խնդրի վերաբերյալ: Իրենք տեղեկացված են մեր գործունեությունից»:
«Իրազեկվածությունը ինքնանպատակ չպիտի լինի, զորակոչիկը չպետք է վախենա իր իրավունքը պաշտպանելուց: Շատ դեպքերում գալիս, ասում են` բա որ դրա մասին գրություն գրենք, հրապարակայնացնենք, բա երեխու համար վատ չի՞ լինի: Պիտի ասեմ` ոչ, վատ չի լինի, եթե իրավունքդ կարողանում ես պաշտպանել, եթե ունես առողջական խնդիրներ եւ քեզ բանակ են զորակոչում` առանց բուժելու, դա արդեն իրավունքի խախտում է: Եթե մարդն ունի բուժվելու իրավունք, հետո նոր զորակոչվելու, դա միանգամայն նորմալ է»,- ասում է Արմինե Սադիկյանն ու ի հավելումն նշում` պետք է դա կիրառել պրակտիկայում ու չվախենալ, պետք է պահանջել բժշկական հանձնաժողովից բժշկական եզրակացությունը տրամադրել, ինչը տեղի չի ունենում. «Ընդհանրապես, երբ հարազատն ուզում է ծանոթանալ այդ փաստաթղթերին, դրանք չեն տրամադրվում: Օրենքով կարգավորված չէ, որ պիտի տան, դա կատարվում է միայն դիմելու դեպքում: Մենք քանիցս արձանագրել ենք, որ եթե նույնիսկ դիմում ենք, չեն տալիս: Հիմա արդեն հասել ենք նրան, որ այդ բժշկական փաստաթղթերը ուղարկվում են զինկոմիսարիատ, տրամադրվում զորակոչիկներին»:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/zorakochikneri_iravunqneri_irazekum-hy/