Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
17:16, March 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Դատարանը, ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով, կայացնրել է կազմակերպության հայցն ամբողջությամբ մերժելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը yerkir.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին: Հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել, որում նշվում էր, որ Խաչիկ Ասրյանի նչեցրած սպառնալիքները ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվություն է առաջացնում:
2013 թ. հոկտեմբերի 31-ին քննության առնելով կազմակերպության ներկայացրած հաղորդումը ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, հանցակազմի բացակայության հիմնքով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրանքով բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: