Էթիկայի հանձնաժողովի «առաջարկությունների» մակարդակով կայացվող որոշումները պետք է բացառել
08:15, May 23, 2013 | Նորություններ«Էթիկայի հանձնաժողովը պետք է քայլեր կատարի, եթե իր որոշումները չեն իրականացվում»,- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց այսպես պատասխանեց մեր այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Վանաձորի քաղաքապետը ներողություն չխնդրի իր ղեկավարած համայնքի բնակիչներից:
Հիշեցնենք. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` Ս. Դարբինյանի հրապարակային ելույթում առկա վիրավորական արտահայտությունները քննելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար, ինչին ի պատասխան հանձնաժողովն իր կայացրած որոշման մեջ «առաջարկել» էր Սամվել Դարբինյանին հրապարակավ ներողություն խնդրել եւ տեքստը տեղադրել քաղաքապետարանի կայքում:
Քաղաքապետն էլ դեռ չի ընդունել իրեն արված այդ «առաջարկը»:
Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վանաձորի քաղաքապետարանից «Փաստինֆո՚-ին ասացին, որ Հանձնաժողովի որոշումը դեռ չեն ստացել:
Ինչեւէ, անդրադառնալով, հանձնաժողովի կայացրած որոշմանը, Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է փոխել այդ կառույցի գործունեությունը կարգավորող իրավական նորմերը, ավելի հստակեցնել ու խստացնել դրանք: «Ոչ միայն զուտ գնահատողական ակտեր լինեն, այլեւ որոշակի վերահսկողություն կամ այդ մարմնի կամ մեկ այլ մարմնի կողմից, որ այդ որոշումներն իիրականացվեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Միայն իրավական կարգավորման պարագայում է Արթուր Սաքունցը հնարավոր համարում, որ Հանձնաժողովն ի վերջո ծառայի այն նպատակին, որի համար ստեղծվել է:
«Որպեսզի հանձնաժողովն ազդեցիկություն ունենա, պետք է այնպիսի նորմեր լինեն, որ ապահովեն այդ հանձնաժողովի գործունեության, կայացրած որոշման արդյունավետությունը», -նշեց Արթուր Սաքունցը:
Ի դեպ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրելու են ոչ միայն իրենց դիմումի հիման վրա Վանաձորի քաղաքապետի, այլեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացրած որոշումը:
«Դրանք կենթարկվեն խորը ուսումնասիրության, գնահատականներ կարվեն եւ անպայման քայլեր կձեռնարկվեն, առաջարկություններ կլինեն»,- նշեց Արթուր Սաքունցը` չբացառելով, որ առաջիկայում նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա հենց իր ղեկավարած կազմակերպությունը:
Աղբյուրը՝ http://www.pastinfo.am/hy/node/14781