Ըստ Ալավերդյանի՝ «Միջազգային Ներում»-ը օբյեկտիվորեն է գնահատել մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
06:54, May 28, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Ոստիկանություն««Միջազգային Ներում» միջազգային իրավապաշտպան կազմակեպության ամենամյա զեկույցում ներկայացվող Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ այս տարվա գնահատականը արտացոլում է այսօր երկրում առկա պատկերը», կարծում է Հայաստանի առաջին օմբուցմեն Լարիսա Ալավերդյանը: «Որոշ հարցերի վերաբերյալ գնահատականը բավականին կոշտ չէր», իր հերթին նշում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Միջազգային կազմակերպության կողմից մայիսի 23-ին հրապարակված զեկույցում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ընդհանուր առմամբ բացասական է գնահատվում: Զեկույցի Հայաստանյան բաժնում հատուկ ուշադրություն է դարձվում ընտրությունների ժամանակ դիտորդների կողմից արձանագրված կաշառակերության և ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերին, ինչպես նաև նշվում է հայ հասարակության հակաազգայնական հայացքների վերաբերյալ առկա թշնամանքի մասին:
«Չնայած այն հանգամանքին, որ «Միջազգային Ներում»-ի գնահատականը ընդհանուր առմամբ օբյեկտիվ է, այնուամենայնիվ, որոշ հարցերի դեպքում այն կարող էր շատ ավելի կոշտ լինել», կարծում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի խոսքով այն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում կայացած վերջին ընտրություններին, «Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ֆրագմենտալ մոտեցումը ես սխալ եմ համարում», «Կովկասյան հանգույց»-ի թղթակցին ասել է Սաքունցը: Իր խոսքերով, իշխող Հանրապետական կուսակցությունը մենաշնորհային դիրք է գրավում, որով իսկ կանխորոշվում է ցանկացած նշանակալից քվեարկության արդյունք:
2012 թվականի մայիսից մինչև 2013-ի մայիսը ընկած ժամանակահատվածը Հայաստանում անց են կացվել երկրի Ազգային ժողովի ընտրությունները, նախագահական ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Բոլոր երեք ընտրությունների ժամանակ առավելագույն հաջողության են հասել կառավարող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:
Ինչ վերաբերվում է, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի դեմ ուղղված Վանաձոր և Գյումրի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ «Միջազգային Ներում»-ի գնահատականին, Արթուր Սաքունցը նկատեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միջադեպին իրավական գնահատական տալու կոչով բազմիցս դիմել է հետաքննություն իրականացնող մարմիններին:
«Այնուամենայնիվ, դատարանի որոշման համաձայն՝ տվյալ միջադեպը քրեականորեն պատժելի արարք չէ, որից հետո դատարանի վճիռը բողոքարկվել է, որը, սակայն մնացել է անփոփոխ», նշել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ կազմակերպությունը երկրորդ անգամ բողոքարկել է սույն որոշումը, որը գործը գտնվում է քննության փուլում:
Անդրադառնալով կրոնի ազատության թեմային՝ իրավապաշտպանը նկատեց, որ Հայկական առաքելական եկեղեցին իշխանության աջակցությամբ ողջ կրոնական դաշտը կենտրոնացրել է իր ձեռքում:
Հիշեցնենք, որ «Միջազգային Ներում»-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ զեկույցում նշել է, որ համաձայն ՄԻԵԴ-ի՝ Հայաստանը խախտել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամների իրավունքները, որոնք հրաժարվել են այլընտրանքային զինվորական ծառայությունից:
Սաքունցի կարծիքով, փաստորեն «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետ ոչինչ չի փոխվել: «Քաղաքական մեծամասնությունը տեղյակ է, որ դա իրենից խախտում է ներկայացնում, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում այն կանխելու համար», – եզրափակել է իրավապաշտպանը:
Ալավերդյան. Ես կասկածում, որ կառավարությունը խնդիրները լուծելու համար քայլեր կձեռնարկի
«Այն ամենն, ինչ որ ներկայացված է միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում արտացոլում է այսօր Հայաստանում առկա պատկերը», համոզված է Հայաստանի առաջին օմբուցմեն Լարիսա Ալավերդյանը:
««Միջազգային Ներում» բավականին բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություն է, որն իր եզրահանգումներն է կատարում ոչ միայն պաշտոնական, այլ նաև հասարակական և քաղաքացիական աղբյուրների հիման վրա», պարզաբանել է Ալավերդյանը «Կովկասյան հանգույց»-ի թղթակցի հետ զրույցում:
Ըստ Ալավերդյանի՝ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ բացասական գնահատականը առաջինը չէ, հատկապես, երբ այդ մասին մշտապես խոսում են տեղական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնություններն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները:
«Դառը փորձը կասկածի տեղիք է տալիս, որ առկա խնդիրների լուծման առնչությամբ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն», – ամփոփեց առաջին օմբուդսմենը:
««Միջազգային Ներում»-ի զեկույցում որևէ նոր բան չկար ասված և այն գնահատականները, որոնք ներկայացված են, բոլորին էլ «քաջ հայտնի են», ասում է անկուսակցական ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով, զեկույցում նշված ընտրությունների կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար, անհրաժեշտ է բարելավել Ընտրական օրենսգիրքը, այդ թվում նաև պահանջվում է հրապարակել ընտրողների ընտրացուցակները:
«Վերջերս մենք քննարկել ենք այդ հարցը, և ես կողմ եմ քվեարկել, քանզի կարծում եմ, որ դա կբարձրացնի ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը», նշել է նա:
Զաքարյան.Վաղուց արդեն անհարկի է խոսել Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման մասին:
«Միջազգային Ներում» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ կօգնի ՀՀ կառավարությանը լուծել երկրում առկա խնդիրները», նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով, միջազգային կազմակերպությունները Հայաստանում ընթացող գործընթացների առնչությամբ և՛ դրական, և՛ բացասական գնահատական են տալիս: «Մենք դա մի շարք հիմնախնդիրների լուծման հարցում դիտարկում ենք որպես աջակցություն», վարչապետի խոսքերը մեջբերում է «Նովոստի-Հայաստանը»:
«Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում առկա են բազմաթիվ չափազանցություններ», կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ մասնավորապես, Հայաստանի ներքին կյանքի և ժողովրդավարության զարգացման գնահատականների առնչությամբ պրոֆեսիոնալիզմի պակաս է նկատվում:
«Հայաստանը իր լիբերալ մոտեցմամբ և ժողովրդավարական մակարդակով կարող է համեմատվել եվրոպական մի շարք երկրների հետ», «Կովկասյան հանգույց»-ի թղթակցին հայտնել է պատգամավորը:
Զաքարյանը գտնում է, որ Հայաստանում արդեն վաղուց ակտուալ չէ խոսել խոսքի ազատության և լրագրողների գործունեության սահմանափակումների մասին: Միաժամանակ պատգամավորը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը կատարյալ չէ և բոլոր բարեփոխումներն ուղղված են իրավիճակի բարելավմանը և առկա խնդիրների լուծմանը: