Թեղուտի խնդրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մտահոգությունները քննարկվել են Ժնեւում
00:00, March 27, 2010 | Նորություններ | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2010 թ. մարտի 18-ին Ժնեւում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն իր 27-րդ նիստում քննարկել է Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի իրականացման հետ կապված հարցերը` հիմք ընդունելով “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ, “Էկոդար” բնապահպանական ՀԿ եւ “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ի 2009 թ. սեպտեմբերի 15-ի հաղորդումը Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը:
Հաղորդման համաձայն Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ պետական մարմինների որոշումների ու գործողությունների արդյունքում խախտվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածը` սահմանափակելով հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին: Մասնավորապես, հաղորդում ներկայացնող կազմակերպությունների կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել`
– հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման վաղ փուլերում (հոդված 6(2)),
– հանրության արդյունավետ մասնակցությունը (հոդված 6(4)),
– հասարակայնության կողմից ներկայացված կարծիքների հաշվի առումը որոշումների ընդունման գործընթացներում (հոդված 6(8)),
– որոշումների ընդունման վերաբերյալ անմիջապես իրազեկումը (հոդված 6(9)),
– պայմանների փոփոխության վերաբերյալ իրազեկումը (հոդված 6(10)):
Հասարակական կազմակերպությունների հաղորդման մեջ ասվել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից նրանց դիմումի եւ հետագա բողոքի մերժմամբ սահմանափակվել է նաեւ նրանց արդարադատության մատչելիությունը եւ խախտվել կոնվենցիայի 9 (2) հոդվածը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից հայաստանյան ՀԿ-ների հաղորդումն ընդունելուց հետո միայն, տեղեկացրել է, որ բողոքը բավարարում է “Էկոդար” բնապահպանական ՀԿ մասով: Սակայն դատարանը, փաստորեն, չի ճանաչել “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ որպես շահագրգիռ հասարակայնություն Օրհուսի կոնվենցիայի սահմանումների համաձայն:
Օրհուսի կոնվենցիայի քարտուղարություն հաղորդում ներկայացրած հասարակական կազմակերպություններին Ժնեւում ներկայացրել են ԹԻՀԿ շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի հայաստանյան համակարգող Աիդա Իսկոյանը: Դիտորդներ էին Թեղուտի շահագործումն իրականացնող “Էյ-Սի-Փի” ընկերությունից Սահակ Կարապետյանը եւ նշյալ ընկերության փաստաբան, “Պրուդենս” իրավաբանական ընկերության նախագահ Էդուարդ Մուրադյանը: Ընդորում վերջիններս ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ ներկայացնում էին կառավարության դիրքորոշումը: Այս հանգամանքը կրկին վկայում է, որ Թեղուտի շահագործման հարցով “Էյ-Սի-Փի” ընկերությունն ու ՀՀ կառավարությունն ունեն ընդհանուր շահեր եւ հնարավորինս համագործակցում են:
Լսումները եւ կողմերի միջեւ տեղի ունեցած հարց ու պատասխանը տեւեց շուրջ հինգ ժամ: Օրհուսի կոմիտեն իր որոշումը կկայացնի իր առաջիկա նիստերի ընթացքում` հունիս, կամ սեպտեմբեր ամիսներին:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.transparency.am/news.php?id=260&inside=1