Ի՞նչ վիճակում է Հայաստանում խղճի և դավանանքի ազատությունը
05:58, July 25, 2012 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԻ՞նչ վիճակում է Հայաստանում խղճի և դավանանքի ազատությունը, ինչպիսի՞ խնդիրներ կան այս բնագավառում. հարցերին պատասխանում են ոլորտի պատասխանատուները, փորձագետներն ու իրավապաշտպանները:
Ինչպե՞ս կգնահատեիք խղճի ազատության ոլորտը Հայաստանում:
Վարդան Ասցատրյան, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
– Խղճի ազատության առումով սկզբունքորեն բավական լավ վիճակ է: Առանձին դեպքեր լինում են, բայց հիմնականում ապահովված է խղճի ազատությունը: Եկեք թողնենք զարգանա ժողովրդավարությունը, սովորենք միմյանց հարգել, լսել և հասկանալ: Այսօր նույնիսկ երկխոսել չեն կարողանում Առաքելական և Ավետարանական եկեղեցիները: Քանի որ ժողովրդավարական համակարգ ունենք, այն որոշակի բազմախոհություն է ենթադրում: Իսկ սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ և ժողովրդավարության ոգուն համարժեք:
Ես կարծում եմ, որ այս բազմախոհությունն է, որ ստեղծագործ է և արդյունավետ: Ամեն մարդ, որն արժևորում է իր խղճի ազատությունը և հավատարիմ է իր դավանանքին, ստեղծագործ է: Եթե ստեղծագործ է, ապա իր մեջ բարիք ունի, որը դուրս է բերում: Այս դեպքում է, որ մեկը մյուսին չի վանում, չի մերժում: Սահմանադրությունը մեր ընդհանուր իրավական բազան է: Սահմանադրության 8-րդ կետը Առաքելական եկեղեցու դերն ամրագրում է, կարևորում: Մի քիչ ներքև կարևորում է մյուս կրոնական կազմակերպությունների ազատ գործելու հնարավորությունը: Ուրեմն, պետք է հարգվեն թե՛ Առաքելական եկեղեցու և թե՛ մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքները:
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ
– Շրջաններում մենք տեսնում ենք եկեղեցի-ոստիկան ուղղակի կապ: Այնտեղ, երբ ոստիկանները գնում են «աղանդավորներին» այսպես ասած «ճնշելու», նրանք գնում են հոգևորականի հետ միասին: Մտնում են դպրոցներ աղանդավորականներ որսալու, ամոթանք տալու համար: Ես չեմ կարող ասել, որ սա համատարած բնույթ է կրում, բայց շատ տարածված է մարզերում, հատկապես` Լոռու և Շիրակի: Շատ ծանր է վիճակը Լոռու մարզում, որովհետև այնտեղ կա Սեպուհ եպիսկոպոսը, որը շատ անհանդուրժող և ակտիվ մարդ է:
Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում:
Վարդան Ասցատրյան
– Կրոնական ոլորտի ռեգիստրը մաքրված չէ. բազմաթիվ չգործող, բայց գրանցված կազմակերպություններ կան, կամ էլ կան այնպիսիները, որոնց ձևը պետք է փոխել, քանի որ կրոնական չեն, այլ վարքականոնային և փիլիսոփայական են: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք գործում են կրոնականներին առընթեր` որպես բարեգործական կազմակերպություն, դրանց հարցն էլ է պետք օրենքով հստակեցնել: Հակառակն էլ կարելի է հանդիպել. գրանցված մի քանի հասարակական կազմակերպություններ կրոնական կազմակերպություն են: Օրինակ` կորեական Մունի եկեղեցին:
Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ների գործունեությունը:
Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
– Պետք է որոշակի կրոնագիտական կրթություն տրվի մարդկանց, որպեսզի նրանք հասկանան, թե ում հետ գործ ունեն: Կրոնական անգրագիտությունը լրացուցիչ խնդիր է առաջացնում: Լրատվամիջոցները նույնպես բացարձակ կրթված չեն այս հարցում: Նույնիսկ կրոնական թեմայով գրող լրագրողն ուղղակի չգիտի իր թեմայի սուբյեկտին: Ֆրազեալոգիան գնում է կարծրատիպերի մակարդակով: Կարծես մենթորական ուսուցում լինի` «այս ի՞նչ է կատարվում, այս ուր ենք նայում», այս մակարդակով է ամեն ինչ գնում: Չկա նաև նյութն իմանալու ցանկություն:
Ձեր կարծիքով` խղճի և դավանանքի ազատության իրավունքի խախտման ամենատարածված դեպքերը որո՞նք են:
Արթուր Սաքունց, իրավապաշտպան
– ԶԼՄ-ներով պարբերաբար տրվող բացասական գնահատականները կրոնական կազմակերպությունների վերաբերյալ: Երբեմն այդ գնահատականները թշնամանքի են հասնում, և չես կարող երաշխավորել, որ մի երիտասարդ դա իր ձևով չի ընկալի, և հարցը բռնության չի հասնի: Բայց խնդիրը ոչ միայն սա է, այլ նաև այն, որ Առաքելականից բացի, ոչ մի կրոնական կազմակերպություն հանդես գալու, իրեն ներկայացնելու, անհիմն մեղադրանքներին պատասխան տալու հնարավորություն չունի:
Ստեփան Դանիելյան
– Հայաստանում խղճի ազատության հետ կապված մարդու իրավունքների խախտման ամենատարածված դեպքերն են դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության դասի ժամանակ տեղի ունեցող երևույթները և ԶԼՄ-ների տեղեկատվությունը: Փողոցներում «Մեկ ազգ»-ի կողմից տարածվող թռուցիկները, որոնք ուղղակի ֆիզիկական բռնության կոչ են անում: ԶԼՄ-ները, բացի Առաքելականից, մյուսներին չեն լուսաբանում: Եթե կրոնական կազմակերպությունները նույնիսկ ցանկանան սեփական նախաձեռնությամբ որևէ բան տպել, կարող է ոչ ոք էլ չտպագրել նյութը: Նրանց մասին գրելիս նրանց կարծիքն անգամ հաշվի չի առնվում:
Աղբյուր` «Կրոնի ազատությունը Հայաստանում. ուսումնասիրություն»,
Հայաստանի Հելսինկյան կոմիտե, 2010
Աղբյուրը՝ http://www.crossnews.am/2012/07/24/ի՞նչ-վիճակում-է-հայաստանում-խղճի-և-դավ