Ինչու են անընդհատ մերժում
00:00, November 5, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏավուշի մարզի Մեհրաբ զորամասում զինծառայության ընթացքում մահացած Արտակ Նազարյանի քրեական գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Սեդա Սաֆարյանը հերթական միջնորդությունն են ներկայացրել ՊՆ քննչական ծառայության հատուկ կարևորագույն գործերով քննիչ Լևոն Պետրոսյանին, որով պահանջել են «տրամադրել դեպքի վայրի արձանագրությունը, Արտակ Նազարյանի հագուստի զննման արձանագրությունը` դրան կից հավելվածներով (առկայության դեպքում), ինչպես նաև տրամադրել այդ արձանագրությունների լուսապատճենները, առկայության դեպքում` դրանց կից սխեմաների լուսապատճենները և լուսանկարների կրկնօրինակները»:
Եվ քանի որ մինչ այժմ փաստաբանների կողմից արված բոլոր միջնորդությունները մերժվել են, այս մեկում փաստաբանները խնդրել են նաև «միջնորդությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու պարագայում, պարզաբանել, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում միջնորդության մերժումը»:
Եթե կատարվում է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ապա ինչու են բոլոր միջնորդությունները մերժվում: Փաստաբանների համար միջնորդություններ անելը ինքնապատակ չէ: Ինչու նախաքննական մարմինը չի ուզում փարատել տուժող կողմի կասկածները և բավարարել գործի բացահայտմանն ուղղված այս միջնորդությունները: Սա վկայում է միայն մի բանի մասին, որ Արտակ Նազարյանի գործի քննությունը տարվում է միայն մեկ ուղղությամբ` ցանկալի վարկածն ամեն գնով հաստատելու:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարբերաբար հիշեցնում է, որ գործի քննությունը գտնվում է «իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար»:
Բայց հասկանալի չէ, թե ինչու է իր գերատեսչության ենթակայության տակ գտնվող ՊՆ քննչական ծառայությունը դուրս մնում «իր անմիջական վերահսկողությունից» և շարժվում գործերը կոծկելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/right40417.html
Ժաննա Ալեքսանյան