Ինչ տվեց Վահե Ավետյանի սպանության շուրջ հասարակության բողոքը. կարծիքներ
07:16, June 18, 2013 | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարի այս օրը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեպքը, որի տարելիցը լրանում է այսօր, Հայաստանում եզակի չէ, սակայն հասարակությունն ունի մի բնորոշ գիծ, որ «գումարում է» , «գումարում է» նման դեպքերը, և երբ գրանցվում է հատկապես որևէ վայրագ կամ մահվան ելքով ևս մեկ դեպք, ապա այն պոռթկում է:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ի պատասխան հարցադրման, որ սպանված բժշկի հիշատակի համար մոմավառություն իրականացրած քաղաքացիները նշում էին, որ այդտեղ էին հավաքվել, որպեսզի այլևս նման դեպքեր երբեք չլինեն:
«Պատկերացրեք, եթե «Հարսնաքարի» դեպքում մահվան ելք չլիներ: Անմիջապես կկոծկվեր, մի երկու հոգի կդատապարտվեին, և դրանով կավարտվեր»,-ասաց իրավապաշտպանը:
Սակայն գոնե Ավետիք Իշխանյանի անձնական գնահատականով՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը այսօրվա դրությամբ մարել է, և նա ասաց, որ եթե չմարեր, չէին լինի Գորիսի դեպքերը, որոնք ճակատագրի հեգնանքով՝ կրկին առնչվում են բանակի սպային:
Հիշեցնենք, որ 2012 –ի հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում Վահե Ավետյանը երկու այլ բժիշկների հետ դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքարում» և մի քանի օր հիվանդանոցում անցկացնելու հետո գիտակցության չգալով մահացել։
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ելքն այն է, որ հանրությունը ոչ մի րոպե չհանգստանա, հետևողական լինի: «Իսկ մեզ մոտ լինում է մի հատ լավ իմաստով ոգևորության ալիք և իշխանությունները լավ գիտեն, որ կամաց-կամաց այն մարելու է»,- ասում է իրավապաշտպանը:
Նա որպես վկայություն ասվածի, բերեց 2007 թվականին ոստիկանությունում Լևոն Գուլյանի մահվան դեպքը, որը ըստ իրավապաշտպանի, որքան էլ ցավալի է,«մոռացվեց ու գնաց»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույն հարցին պատասխանելով ՝ արձանագրեց, որ ռազմական բժշկի մահվան հետ կապված հանրային բողոքի ալիքն արդյունք տվեց այնքանով, որ «Հայրապետյան Ռուբենը ստիպված էր հրաժարական տալ»:
Սակայն ըստ Արթուր Սաքունցի՝ այն արդարադատությունը, որ իրականացվեց օբյեկտիվ չէ: «Որովհետև մինչև հիմա չբացահայտվեց Հայրապետյանի դերը, ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ. տեղյա՞կ է եղել, թե ոչ»,- մանրամասնեց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ Վահե Ավետյանը դաժան ծեծի էր ենթարկվել, պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտանիքին։ Ռուբեն Հայրապետյանն արդեն հանդես է եկել նաև դատաքննական ցուցմունքներով, որոնցում նշել է, որ եթե այնտեղ լիներ,կկանխեր միջադեպը:
Արթուր Սաքունցն այս առիթով ասաց.«Ինչ էլ հիմա ինքը ասի դատարանում, ինձ համար հիմք չէ, որովհետև ուսումնասիրություն չկա, որ իր ասածների հիման վրա համեմատենք՝ ինքը ճիշտ ա՞, թե սխալ: Իսկ ես չեմ պատրաստվում բացահայտ ճշմարտություն ընդունել այն, ինչ ասում է»:
Ամփոփելով, իրավապաշտպանը նշեց, որ կիսատ-պռատ արդարադատությունը պարարտ հող է, որ երկրում էլի նման հանցագործություններ լինեն, ինչպես օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցները, որոնց արդյունքում մեկ մարդ զոհվեց, ևս երկուսը վիրավորվեցին։
Tert.am –ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս արձանագրեց, որ Հայաստանում պահպանվում է «տեռորի մշակույթը», և Վահե Ավետյանի սպանությունից հետո բարձրացված հասարակական ալիքը շատ քիչ արդյունք տվեց, որովհետև բռնություններն ու սպանությունները կենցաղային և ամենատարբեր «հողերի» վրա շարունակվում են:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/06/17/terror-in-armenia/