Իշխանության վերջի սկիզբը
14:34, December 23, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴեկտեմբերի 23-ին, երբ ԱԺ-ում քվեարկության պետք է դրվեր դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական 72 պատգամավորներ չսեղմեցին դավադիր կոճակները, քանի որ սեղմելու հնարավորություն չունեին (եթե ունենային՝ մեծ հաճույքով կսեղմեին, սակայն «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրկել էր նրանց նման հնարավորությունից՝ հավաքելով քվեարկության քարտերը), բայց փոխարենը բարձրացրեցին դավաճան ձեռքերը, այդկերպ դնելով իրենց վերջի սկզբի հիմքը…
Ոչ իշխանական խմբակցությունների՝ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», պատգամավորները միասնական լքել էին դահլիճը՝ իշխանական ռեժիմի սպասարկուներին թողնելով դավաճանական միայնության մեջ։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հանգիստ էր եւ կարող էր սիրտը թեթեւացած հայտարարել, թե «մնացել են այն ուժերը, որոնք կապահովեն քվեարկությունը»։
Այդ ընթացքում լրագրողներն իրենց հատկացված սենյակում բողոքի յուրօրինակ ակցիա էին անում՝ հարվածելով պատուհաններին ու դոփելով հատակին։ Նաեւ պաստառներ էին պարզել՝ ընդդեմ գազային ստրկական պայմանագրի: Դրսում էլ՝ ԱԺ պարիսպների մոտ, բողոքի ակցիա էին անում հարյուրավոր քաղաքացիներ՝ տարբեր քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Դահլիճում մնացած իշխանական պատգամավորները ստիպված էին ձեռքով քվեարկել ու քվեարկեցին, եւ առաջին ընթերցմամբ ընդունեցին ներկայացված համաձայնագրերը։
Դրսում հավաքված ցուցարարներին միացած ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն հայտարարեցին, որ քվեարկությունն անօրինական է, տեղի է ունեցել օրենքի խախտումներով եւ ընդունված համաձայնագիրը օրենքի ուժ չունի: ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները հանդես են եկել 7 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ.
«1. 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը:
2. Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը չի գործում, եւ քվեարկությունը պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ըստ որի` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը:
3. ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում: ԱԺ քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն հաշվիչ հանձնաժողովի կողմից՝ որոշումներ ընդունելու համար սահմանված կարգով:
4. ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են՝ Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ), Իշխան Խաչատրյանը (ՕԵԿ) Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Թեւան Պողոսյանը («ժառանգություն»):
5. 2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որեւէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի:
6. Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:
7. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ»:
Ոչ իշխանական կուսակցությունները մտադիր են քաղաքացիական ու հասարակական տարբեր խմբերի հետ պայքարել ոչ օրինական համաձայնագրի դեմ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առումով հայտարարել է. «Առաջին քայլը կլինի այն, որ մենք նորից՝ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները կազմակերպելու ենք ՍԴ դիմելու գործը, որով մենք պետք է այս որոշման անօրինակությունը ապացուցենք բոլորին՝ ե՛ւ հայ հասարակությանը, ե՛ւ միջազգային հանրությանը: Հասկանում ենք, որ ՍԴ-ն այս իշխանությունների կցորդ է եւ անելու է այն, ինչ թելադրի Սերժ Սարգսյանը, ուստի մենք նաեւ հասկանում ենք, որ այս իշխանութունները որեւէ նահանջի որեւէ հարցում գնալու են միայն ժողովրդի ճնշման ներքո: Ուրեմն, մենք միասին պետք է այդ ճնշումը կազմակերպենք»:
Այսպիսով, ընդդեմ ռեժիմի միավորվել է քաղաքական ու քաղաքացիական բավականին լայն շրջանակ, որը ռազմավարական ու մարտավարական հստակ ու ճշգրիտ քայլերի դեպքում կարող է այդ շրջանակի ներսում ապահովել հասարակական մեծ համախմբվածություն ու բազմամարդություն: Թե քաղաքական ու թե քաղաքացիական այս խմբավորումները խորհրդարանական մեծամասնության կողմից գազային պայմանագրի ընդունումը համարում են պետական դավաճանություն: Իսկ դավաճանությունը կարելի է վերացնել ու դավաճաններին պատժել միայն նրանց տապալելու միջոցով: Այսինքն՝ սա պայքարի է Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար ու ընդդեմ դավաճան ռեժիմի: Մանավանդ որ՝ այդ ռեժիմը իրենց վերջի սկզբի հիմքը դրել են՝ բարձրացնելով դավաճան ձեռքերը…
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/ishxanutyan_verji_skizby-hy/