«Իշխանությունը մակաբույծի նման, գոյատեւելու համար կպնում է առողջ օրգանիզմներին»
06:25, December 26, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԸստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը չաշխատող է: «Դա մեխանիզմ է, որի կիրառումը իշխանության ռեսուրսները լրացնելու միջոց է: Իշխանությանն անհրաժեշտ է գումար: Ս.Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար կրկին իր քաղաքացիներից է հավաքագրելու անհրաժեշտ գումարները: Եթե աշխատող տնտեսական համակարգ լիներ, կուտակային կենսաթոշակային համակարգը նորմալ կլիներ, բայց եթե դա չկա եւ ՀՀ բնակիչների 37 տոկոսը ծայրահեղ աղքատ վիճակում է, ի՞նչ պետք է կուտակեն, կուտակային համակարգն ի՞նչ հարց պետք է լուծի»,-ասում է զրուցակիցս:
Ըստ Ա.Սաքունցի, Ս.Սարգսյանն ուզում է 10 տոկոս պետական ապարատի աշխատողների հաշվի՞ն հարց լուծել: «Շատ դաժան հարկահավաք է. իշխանությունը ոչ մի այլընտրանք չառաջարկելով՝ գռփում է մարդկանց: Այս իշխանությունը մակաբույծի է նման, որը գոյատեւելու համար սկսում է կպնել առողջ օրգանիզմներին: Որպես առողջ օրգանիզմ, հանրության մեջ մնացել են աշխատողները, եւ չբավարարվելով հարկերի հավաքմամբ, այս իշխանությունն անցել է նաեւ նրանց եկամտից լրացուցիչ գումարներ հավաքելուն: Հանրապետությունում պետք է աշխատողներ լինեն, որ կուտակային համակարգն աշխատի, գործազրկությունն էլ շատ է: Դուրս է գալիս, որ սկսում ես քո ենթականերից` ստրուկներից գումար հավաքել: Սա ճորտատիրական համակարգին բնորոշ գործելակերպ է»:
Զրուցակիցս համոզված է, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը դրական է առաջավոր երկրներում, որտեղ տնտեսությունը զարգանում է: «20-30 տարի հետո մարդիկ նոր ստանալու են իրենց կուտակած գումարները: Ի՞նչ իմանան, այդ ժամանակ իրենց գումարները կմնա՞ն: Մի հատ էլ տնտեսական ճգնաժամ կառաջանա, այդ գումարները կփոշիանան»:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/ishxanutyun_makabuyci_nman_goyatevume-hy/