Իրավախորհրդատվության սեպտեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
00:00, October 7, 20092009 թ. սեպտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով:
Առողջության պահպանման իրավունք
1. Զորակոչիկն ունեցել է առողջական խնդիրներ` մտավոր հետամնացություն և ողնաշարի դեֆորմացիա, ինչը բավարար հիմք է հանդիսացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Սակայն վերջինիս զորակոչել են բանակ: Մի քանի ամիս բանակում ծառայելուց հետո սրացած առողջական խնդիրների պատճառով քաղաքացին փախել է բանակից, որի պատճառով էլ նրան կալանավորել են և տեղափոխել ”Գորիս” քրեակատարողական հիմնարկ:
Քաղաքացուն ներկայացվել է զորակոչիկների առողջական խնդիրների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կարգը, որի հիման վրա վերջինս դիմում է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Արդյունքում` քաղաքացուն քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են կալանավորների համար նախատեսված կենտրոնական հիվանդանոց:
Տեղեկատվության ազատության իրավունք
2. Քաղաքացին հանդիսացել է նախագծանախահաշվային գործունեության իրականացման լիցենզավորման մասնագետ: Մի քանի իրավաբանական անձինք, առանց քաղաքացու իմացության, նրա տվյալներն օգտագործելով` նույնպես ստացել են նախագծանախահաշվային լիցենզավորված գործունեություն իրականացնելու թույլտվություն: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կից լիցենզավորման կենտրոնը քաղաքացուն հրաժարվել է տեղեկություն տրամադրել այն բոլոր իրավաբանական անձանց մասին, որոնք ներկայացրել են իրեն որպես տվյալ գործունեություն իրականացնող մասնագետ: Մինչդեռ, ”Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի և ”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի հիման վրա այդ տեղեկատվությունը պետք է ներկայացվի քաղաքացուն:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ քաղաքաշինության
լիցենզավորման կենտրոնին, որի մեջ հղում է արվել ”Լիցենզավորման մասին” և ”Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքներում պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար նախատեսված պատասխանատվության միջոցներին:
Արդար դատաքննության իրավունք
3. Քաղաքացին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և բողոքարկել իր դեմ հարուցված վարչական ակտը: Նրա մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, և երբ քաղաքացին ներկայացել է մեքենան տուգանային հրապարակից տեղափոխելու համար, Ճանապարհային ոստիկանության պետը հայհոյել է նրան: Քաղաքացին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետին, որից հետո վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի:
Կազմակերպության օգնությամբ պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը, Լոռու մարզի դատախազությանը` Ճանապարհային ոստիկանության պետի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու հիմքով:
4. Վիճաբանության արդյունքում քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ և բողոք է ներկայացրել ոստիկանոթյուն: Ոստիկանության աշխատակիցները փորձել են համոզել քաղաքացուն, սպառնացել են, որ իր դեմ էլ քրեական գործ կհարուցեն, եթե բողոքը ետ չվերցնի և իրեն ծեծեղի դեմ քրեական գործ չհարուցելու պահանջ չներկայացնի: Քաղաքացին հրաժարվել է, սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվել:
Կազմակերպության իրավաբանը հանդես է եկել որպես քաղաքացու իրավական ներկայացուցիչ, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Սեփականության իրավունք
5. Քաղաքացուն օրդերով հատկացվել է համայնքի ենթակայության տակ գտնվող բնակարան: Մի քանի տարի անց քաղաքացին դիմել է համայնքի ղեկավարին` հատկացված բնակարանի նկատամամբ իր սեփականության իրավունքի գրանցման համար, սակայն բանավոր կարգով մերժվել է:
Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թույլտվության խնդրանքով:
Սոցիալական իրավունք
6. Քաղաքացին 1987-2006 թթ. հանդիսացել է զինվորական ծառայող: Երբ նա անցել է կենսաթոշակի, այն հաշվարկվել է որպես պայմանագրային զինծառայողի, մինչդեռ քաղաքացին չի հանդիսացել պայմանագրային զինծառայող:
Կազմակերպության կողմից բողոքարկվել է որպես պայմանագրային զինծառայող կենսաթոշակի անցնելու մասին որոշումը:
Անձի անձեռնմխելիության իրավունք
7. Առանց համապատասխան դատարանի որոշման` քաղաքացու բնակարանը ենթարկել են խուզարկության:
Կազմակերպությունը բողոքարկել է խուզարկության վերաբերյալ որոշումը և քննիչի կամայական գործողությունները ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստել է, որ առանց օրինական որոշման քննիչն իրականացրել է բնակարանի խուզարկություն, սակայն քննիչի նկատմամբ որևէ պատասխանատվություն չի սահմանել: