Իրավախորհրդատվության օգոստոս ամսվա արդյունքները Վանաձորում
00:00, September 9, 20092009 թ. օգոստոսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 12 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով:
Անձի անձեռնամխելիության իրավունք
1. Թվով 5 քաղաքացիների բնակարանում իրականացվել է խուզարկություն, սակայն նրանց չի տրամադրվել խուզարկության արձանագրության պատճենը, ինչպես նաև նրանց չեն ծանոթացրել դատարանի որոշման հետ, որը կասկածի տակ է դրել խուզարկության օրինականությունը:
Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ Լոռու մարզի հատուկ քննչական բաժին` խուզարկության իրականացման իրավական հիմքերը բացահայտելու նպատակով:
Հարցման արդյունքում պարզվել է, որ խուզարկվողներից մեկը հանդիսացել է տվյալ գործով վկա, իսկ մնացածները ներկա դրությամբ իրավական կարգավիճակ չունեն:
Կազմակերպությունը իր նախաձեռնությամբ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ նշված բնակարանը խուզարկվել է Լոռու մարզի հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից՝ առանց որևիցե իրավական հիմնավորման, մինչդեռ Լոռու մարզի քննչական բաժինը հերքում է բնակարանը խուզարկելու փաստը:
Անօրինական խուզարկության փաստի առթիվ կազմակերպության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ պատասխան դեռևս չի ստացվել:
Առողջության պահպանման իրավունք
2. Քաղաքացուն հարկադիր հոգեբուժական բուժման համար տեղափոխել են Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, որի հետ նա և նրա հարազատները համաձայն չեն. գտնում են, որ դիսպանսեր տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը նորմալ է:
Կազմակերպության նախագահը դատարանում հանդես է եկել որպես քաղաքացու օրինական ներկայացուցիչ և ներկայացրել է քաղաքացու շահերը: Դատաքննության արդյունքում քաղաքացին ենթարկվել է կարճաժամկետ /10 օր/ հարկադիր բուժման:
Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք
3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել Վանաձորի տնակային ավանի բնակիչների նկատմամբ՝ տնակների զբաղեցրած տարածքները հարկադիր ազատելու ժամանակ: Մասնավորապես` քաղաքացիների նկատմամբ կիրառվել են ֆիզիկական բռնություններ, վնասվել է բնակիչների գույքը:
Կազմակերպության կողմից քաղաքացիների համար պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը և Լոռու մարզի դատախազությանը: Լոռու մարզի դատախազությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ գործն ուղարկվել է քննության:
Սեփականության իրավունք
4. 2007 թ. քաղաքացիական վեճի կարգավորման համար սեփականությունը դատական կարգով վերցվել է արգելանքի, դատարանի վերջնական որոշմամբ կողմերը եկել են հաշտության և գործի վարույթը կարճվել է, միաժամանակ վերացվել է արգելանք դնելու մասին որոշումը: 2009 թ. նշված հասցեի սեփականատերը դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը, որպեսզի տվյալ սեփականության բաժնեմասն առանձնացվի, սակայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումը պատասխանել է, որ գույքը արգելադրված է դեռ 2007 թ.:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը ներկայացնել դատարանի որոշումը, որով նշված բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքը հանված է:
Ներկայացված դատարանի որոշման հիման վրա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վերագրանցել է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը առանձին բաժնեմասով:
5. Քաղաքացուն պատկանող բնակարանին զուգահեռ 6-8 մ հեռավորության վրա կառուցվել է բարձրահարկ շենք, որն ամբողջությամբ փակել է լույսի ներթափանցման հնարավորությունը և 1-ին հարկում գտնվող բնակարանը վեր է ածվել խոնավ, նկուղային հարկի բնակարանի:
Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Վանաձորի քաղաքապետարանին` տվյալ կառույցի շինարարության օրինականությունը պարզելու նպատակով:
6. Աղետի հետևանքով քաղաքացին բնակարանը կորցրել է, այնուհետև ընդգրկվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Սակայն հիվանդության պատճառով բացակայել է պետությունից և երբ վերադարձել է, պարզվել է, որ ինքը հանված է բնակարանի կարիքավորների ցուցակից:
Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել Վանաձորի քաղաքապետին, որի արդյունքում պարզվել է, որ բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկվում են միայն ՀՀ քաղաքացիները, իսկ քանի որ նշված քաղաքացին Հանրապետությունից բացակայելու ընթացքում ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, հանվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակից:
7. Համատեղ տնօրինվող սեփականության նկատմամբ համայնքի ղեկավարը մերժել է տրամադրել սեփականության իրավունքի գրանցման թույլտվություն` հիմք հանդիսացող փաստաթղթերի բացակայության պատճառով:
Կազմակերպության կողմից պատրաստվել է գրություն` ուղղված Վանաձորի արխիվին` ճշտելու, թե տվյալ տարածքը ում է տրամադրվել և ինչ նպատակով: Արդյունքում պարզվել է, որ տարածքի տրամադրումն ու կառուցապատումն իրականացվել է այլ քաղաքացու անունից, ինչի հիման վրա էլ քաղաքապետարանը չի կարող տրամադրել տնօրինողի կողմից սեփականության իրավունքի գրանցման թույլտվությունը: Այն փաստացի տիրապետման հիմքով կարող է գրանցվել դատական կարգով:
8. Քաղաքացին սեփականության իրավունքով ձեռք է բերել խանութ, որի զբաղեցրած տարածքը եղել է համայնքի ենթակայության տակ, հողատարածքը օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրվել է քաղաքացուն, սակայն առանց դադարեցնելու քաղաքացուն տրամադրված հողատարածքի օգտագործման իրավունքը` համայնքի ղեկավարը մեկ այլ որոշմամբ նույն հողամասը վաճառել է մեկ այլ իրավաբանական անձի: Վերջինս ներկայումս ներկայացրել է խանութի ապամոնտաժման պահանջ: Մինչդեռ, ՀՀ Հողային օրենսգրքի համաձայն չի թույլատրվում օտարել օգտագործման իրավունքով տրամադրված հողատարածքը՝ առանց տվյալ պայմանագրի լուծարման:
Կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ վարչական դատարանին` Վանաձորի քաղաքապետարանի` հողամասի վաճառքի վերաբերյալ որոշումը, հողատարածքի նկատմամբ տվյալ անձի սեփականության իրավունքի գրանցումը, սեփականաշնորհման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և հողամասն օգտագործող քաղաքացու սեփականության իրավունքը տվյալ տարածքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին:
9. Վանաձորի քաղաքապետարանը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Է համայնքի ենթակայության տակ գտնվող 5 քմ հողատարածք: Նշված հողի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը և ստացել մերժում այն պատճառով, որ տվյալ հողատարածքը դատարանի որոշմամբ պատկանում է մեկ այլ քաղաքացու:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրություն` ուղղված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը` ստանալու վկայակոչված դատարանի որոշումը:
Վարչական իրավունք
10. Քաղաքացին, առանց վարորդական իրավունքի, ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է մեքենան, ենթարկվել է վարչական տույժի ոչ թե վարորդական իրավունք չունենալու համար, ինչը ենթադրում է ավելի փոքր չափով տուգանք, այլ ալկոհոլ օգտագործելու հիմքով, ինչը ավելի մեծ չափով տուգանք է ենթադրում:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված ՀՀ ոստիկանությանը` վարչական ակտը անվավեր ճանաչելու և համապատասխան վարչական տույժ նշանակելու պահանջով:
Տեղեկատվության իրավունք
11. Քաղաքացու կողմից բազմաթիվ դիմումներ է ներկայացվել ՀՀ գլխավոր և մարզային դատախազություն, որոնց կապակցությամբ երկու ամիս շարունակ պատասխաններ չի ստացվել:
Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Լոռու մարզի դատախազությանը՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, ինչին դեռևս պատասխան չի տրվել:
Դատավարական իրավունք
12. Քաղաքացին հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը հայցը բավարարել է մասնակի: Պատասխանող կողմը, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմումի պատասխան` ուղղված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին: