Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
00:00, December 7, 20102010 թ. նոյեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 13 քաղաքացիներ:
11 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են տեղեկատվության հարցում, հայցադիմում, միջնորդություն, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Սպիտակ քաղաք և հարակից գյուղեր
Սեփականության իրավունք
1. Քաղաքացու ընտանիքը ընդգրկված է եղել ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի աղետի հետևանքով բնակարան կորցրած անօթևան և բնակարանի կարիքավոր ընտանիքների արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում՝ երկու սենյականոց բնակարան ստանալու համար: 05.10.2010 թ. Բնակարանների բաշխման հարցերով հանձնաժողովի կողմից կայացվել է որոշում՝ նրա ընտանիքին ցուցակից հանելու մասին, ինչը հիմնավորվել է նրանով, որ քաղաքացու բնակարանային պայմանները բարելավվել են. նա ձեռք է բերել սեփականության իրավունքով բնակարան:
• Քաղաքացու բնակարանով ապահովված լինելը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ նրա ընտանիքի մյուս անդամներին բնակարան ստանալու իրավունքից զրկելու համար:
• Քաղաքացին ինչպե՞ս կարող է բողոքարկել հանձնաժողովի որոշումը:
Նշված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 10.06.1999 թ. 432 և 26.11.2009 թ. 1402 որոշումներով, ըստ որոնց՝ եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնել այլ վայր, մահացել է կամ այլ հիմքերով կորցրել է հաշվառման մեջ մնալու իրավունքը, ապա նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը: Հետևաբար, հանձնաժողովը պիտի ցուցակից հաներ սեփականատիրոջ անունը, իսկ ընտանիքի մյուս անդամներին հատկացներ բնակարան:
Քաղաքացու համար կազմվել է հայցադիմում` ուղղված ՀՀ վարչական դատարան:
Նման հարցով կազմակերպությանը դիմել է 4 քաղաքացի:
2. Սպիտակի քաղաքապետարանը քաղաքացու հետ կնքել է պայմանագիր, ըստ որի, նա պարտավորվել է քաղաքապետարանին հանձնել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասը և քանդել բնակարանը, իսկ քաղաքապետարանը քաղաքացուն պիտի տրամադրեր 3 սենյականոց բնակարան նկուղով:
Քաղաքապետարանը մինչ օրս չի կատարում իր կողմից ստանձնած պարտականությունները:
Քաղաքացին կարո՞ղ է արդյոք պարտավորեցնել քաղաքապետարանին` պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուն:
Քաղաքացու և քաղաքապետարանի միջև կնքվել է փոխանակության պայմանագիր, և քանի որ քաղաքացին իր պարտավորության մասը կատարել է, ապա քաղաքապետարանը պարտավոր է պայմանագրի համաձայն կատարել իր պարտավորության մասը:
Անհրաժեշտ է դիմել Սպիտակի քաղաքապետարան` պայմանագրով ստանձնած պարտականության կատարման պահանջով, չբավարարելու դեպքում՝ հայց ներկայացնել դատարան:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Սպիտակի քաղաքապետարան` պարտավորության կատարման պահանջի մասին:
Նման խնդրով կազմակերպությանը դիմել է 3 քաղաքացի:
3. Ինչպե՞ս կարելի է օտարել համատեղ սեփականություն հանդիսացող գույքը, եթե սեփականատերերից մեկը ճանաչվել է անհայտ բացակայող:
Անհրաժեշտ է հայց ներկայացնել դատարան` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին:
Սոցիալական իրավունք
4. Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնել աշխատանքային ստաժը, եթե արխիվում փաստաթղթերը չեն պահպանվել:
Օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Անհրաժեշտ է դատարան ներկայացնել դիմում` աշխատելու փաստը հաստատելու մասին և վերականգնել աշխատանքային ստաժը:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին:
Նման խնդրով կազմակերպությանը դիմել է 2 քաղաքացի:
Դատավարական իրավունք
5. Տուժողի իրավահաջորդը կարո՞ղ է արդյոք ստանալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաև պարզել գործի ձգձգման պատճառները:
Տուժողի իրավահաջորդը իրավունք ունի առաջադրված մեղադրանքին ծանոթանալու, քրեական գործը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները անվճար ստանալու:
Քաղաքացու համար կազմվել է միջնորդություն` որոշումների պատճենները ստանալու խնդրանքի մասին:
Ալավերդի քաղաք և հարակից գյուղեր
Ընտանեկան իրավունք
1. Ինչպե՞ս է գրանցվում ամուսնալուծությունը:
Ամուսինների համաձայնության դեպքում ամուսնալուծությունը գրանցվում է ՔԿԱԳ-ում՝ երկողմ դիմում ներկայացնելով: Ամուսինների համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կարող է գրանցվել դատական կարգով՝ շահագրգիռ կողմի հայցադիմումի համաձայն:
2. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ տեղեկատվություն հարկային մարմնում ունեցած տույժի և տուգանքների մասին:
ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու իր փնտրած տեղեկատվությունը, կարող են սահմանափակվել միայն գաղտնիք պարունակող տեղեկատվությունները:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում: