Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
00:00, November 5, 20102010 թ. հոկտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 13 քաղաքացիներ: 6 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են տեղեկատվության հարցումներ, հայցադիմում, միջնորդություն, հաղորդում, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Սպիտակ քաղաք և հարակից գյուղեր
Պատշաճ պատասխան ստանալու իրավունք
1.Քաղաքացու` վարչական մարմնին ուղղված դիմումի, բողոքի, առաջարկության անպատասխան մնալը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
Նշված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` վարչական մարմինը պարտավոր է օրենքով սահմանված ժամկետում դիմումի կապակցությամբ որոշում ընդունել և որոշման պատճենը ուղարկել դիմումատուին: Նշված ժամկետում որոշում չընդունելը նշանակում է դիմումի բավարարում:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված վարչական մարմնին, որով պահանջվել է որոշման օրինակը:
Տեղեկատվություն ստանալու իրավունք
2.Քաղաքացին ինչպե՞ս կարող է պարզել հարկային մարմնում կուտակված պարտքի պատճառները:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվություն ստանալու հարցում` ուղղված Վանաձորի հարկային տեսչության պետին` պարզաբանելու, թե ինչպես և ինչ հիմքով է գոյացել պարտքը:
Սեփականության իրավունք
3. Քաղաքացին ինչպե՞ս կարող է պահանջել փոխառությամբ տրված գումարը, երբ պարտապանը խուսափում է գումարը վերադարձնելուց և գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
1.ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` եթե կնքվել է փոխառության պայմանագիր, և եթե պարտապանը խուսափում է պարտքը վերադարձնելուց, ապա անհրաժեշտ է դատարան ներկայացնել գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում:
2.Ինչ վերաբերում է պարտապանի Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելուն, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ըստ որի` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո: Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում, որի կապակցությամբ դատարանը կայացնում է որոշում:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` գումարի բռնագանձման պահանջի մասին:
4. Քաղաքացին ինչպե՞ս կարող է հետ ստանալ բանկում ներդրված ավանդը, եթե այդ բանկը ինքնալուծարման փուլում է:
Այս հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` բանկի լուծարումից հետո այդ մասին հրապարակվում է ԶԼՄ-ներով, որտեղ նշվում է պարտատերերի անունները և գումարի ստացման կարգը:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված «Հայագրոբանկ» ԲԲԸ ինքնալուծարվող բանկի լուծարային հանձնաժողովի նախագահին` լուծարման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
5. Քաղաքացին ինչպե՞ս կարող է հետ վերադարձնել փոխառության պայմանագրով տրված գումարը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Չվերադարձնելու դեպքում փոխառուն կարող է դիմել դատարան` գումարի բռնագանձման պահանջով:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք
6. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օգտվել անվճար պաշտպանի ծառայություններից:
ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից, նույն օրենսգրքով սահմանվում է, որ չի ընդունվում պաշտպանից հրաժարումը, եթե այն հարկադրված է իրավաբանական օգնության վճարման համար միջոցների բացակայությամբ:
Քաղաքացու համար կազմվել է հանրային պաշտպան նշանակելու խնդրանքի մասին միջնորդություն` ուղղված նախաքննություն իրականացնող մարմնին:
Ալավերդի քաղաք և հարակից գյուղեր
Աշխատանքային իրավունք
7. Դասվարները կարող են արդյոք տարրական դասարաններում դասավանդել նաև «Ֆիզիկական կուլտուրա» առարկա, եթե չունեն համապատասխան վերաորակավորում:
«Ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկան պետք է դասավանդեն միայն համապատասխան մասնագետները:
Սեփականության իրավունք
8. Ինչպե՞ս կարող է գրանցվել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, եթե քաղաքացին 10 տարուց ավելի օգտագործում է տվյալ հողատարածքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Անվճար բուժօգնություն ստանալու իրավունք
9. Քաղաքացին ուղեգրով ներկայացել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց քաղցկեղի դեմ համապատասխան կուրս ստանալու համար: Սակայն հիվանդանոցի վարչակազմից ստացել է մերժում այն մասին, որ տվյալ կուրսը նա պետք է անցնի իր բնակության վայրի համապատասխան բուժհաստատությունում, մինչդեռ քաղաքացու բնակության վայրում բուժհաստատությունը հագեցված չէ համապատասխան սարքավորումներով նման բուժսպասարկում իրականացնելու համար:
ՀՀ կառավարության «Անվճար բուժօգնություն ստանալու մասին» որոշման համաձայն` քաղցկեղով հիվանդ քաղաքացիները ստանում են անվճար բուժօգնություն: Տվյալ պարագայում ուղեգրով ներկայանալու դեպքում թիվ 1 հիվանդանոցը պարտավոր էր կատարել համապատասխան բուժսպասարկում:
Քաղաքացուն տրամադրվել է անվճար բուժօգնություն ստանալու մասին համապատասխան իրավական ակտը, որը նա ներկայացրել է հիվանդանոց և ստացել համապատասխան բուժօգնություն:
Աշխատանքային իրավունք
10. Ամենամյա արձակուրդն առաջին և հաջորդող տարիներին ե՞րբ է տրամադրվում աշխատողին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ամենամյա արձակուրդն առաջին տարում տրամադրվում է պարտադիր 6 ամիս աշխատելուց հետո, իսկ երկրորդ և հաջորդ տարիների արձակուրդը աշխատողին տրամադրվում է աշխատողի ցանկությամբ և գործատուի համաձայնությամբ սահմանված ժամանակաշրջանում:
Ստեփանավան քաղաք և հարակից գյուղեր
Սպառողի իրավունք
11. Քաղաքացին ինչպե՞ս կարող է փոխհատուցում պահանջել «Լոռի ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ից, երբ մատակարար ընկերության ջրագիծը, անցնելով քաղաքացուն սեփականությամբ պատկանող հողատարածքով, պայթել է և դրա հետևանքով պատճառել խոշոր չափերի վնաս:
Վնասի փոխհատուցման համար քաղաքացին պետք է նախ կատարի պատճառված վնասի հաշվարկում, որի համար անհրաժեշտ է համապատասխան փորձագետի կողմից տրված եզրակացությունը պատճառված վնասի չափի վերաբերյալ, այնուհետև գումարի բռնագանձման պահանջով պետք է դիմի դատարան:
12. Ամուսնալության դեպքում կիսվում է արդյոք ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
Ամուսնալուծության դեպքում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը կիսվում է հավասար, երկկողմ անհամաձայնության դեպքում այն կիսվում է դատական կարգով` կողմի դիմումի համաձայն:
Տաշիր քաղաք և հարակից գյուղեր
13. Քաղաքացին ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել էր խոշտանգումների:
ՀՀ Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Եվրոպական կոնվենցիայի համաձայն` «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»: Խոշտանգումները, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորված, քրեորեն պատժելի արարք են:
Կազմակերպության կողմից պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: