Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
00:00, October 5, 20102010 թ. սեպտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ: 2 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են հայցադիմումներ, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Սպիտակ քաղաք և հարակից գյուղեր
Սոցիալական իրավունք
1. Քաղաքացին կարո՞ղ է օգտվել ընտանեկան նպաստից,
- եթե քաղաքացու ընտանիքը բաղկացած է երկու հաշմանդամ, կենսաթոշակառու անձանցից և որևէ սոցիալական օգնություն չի ստանում:
- քաղաքացին միայնակ կենսաթոշակառու է:
Ընտանեկան նպաստը տրամադրվում է «Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքով ընտանիքի անապահովությունը գնահատող միավորի հիման վրա: Միավորի հաշվարկման համար հիմք են հանդիսանում տվյալ ընտանիքի ծախսերն ու եկամուտները /ներառյալ կենսաթոշակները/: Անհրաժեշտ է ճշտել, թե որքան է ընտանիքի անապահովությունը գնահատող միավորը և ինչ է հաշվի առնվել այն հաշվարկելիս:
Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի: Հետևաբար` տվյալ ընտանիքը պետք է ընդգրկվի ընտանեկան նպաստ ստացող անձանց ցուցակում:
2. Սեփականության իրավունքով գնված տարածքի հետ միասին փոխանցվում է արդյոք նախկին սեփականատիրոջը պատկանող ոռոգման ջրագիծը: Ի՞նչ կարելի է ձեռնարկել, եթե ջրագիծը չի փոխանցվել:
Առուվաճառքի պայմանագիր կնքելով` ձեռք բերողը գնում է նախկին սեփականատիրոջը պատկանող ամբողջ սեփականությունը, այդ թվում` նաև սեփական հողի անբաժանելի մաս կազմող ջրագիծը:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ուրիշի անօրինական տիրապետումից ջրագիծը հետ պահանջելու պահանջով:
Ալավերդի քաղաք և հարակից գյուղեր
Սեփականության իրավունք
3. Ո՞ր գույքն է համարվում տիրազուրկ եւ ի՞նչ հիմքով կարելի է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:
Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
4. Քաղաքացին իրավունք ունի՞ կտակել իր գույքը այն պայմանով, որ կտակ ստացողը մինչ մահը կխնամի կտակողին:
Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով, այդ թվում` նաեւ խնամքով: Ժառանգ նշանակելու կարգադրությունում չի կարելի ներառել միայն ապօրինի պայմաններ:
Ընտանեկան իրավունք
5. Ինչպե՞ս կարելի է ստանալ երեխայի ապրուստի միջոց` ալիմենտ, եթե ամուսնությունը պետականորեն գրանցված չէ, սակայն ճանաչվել է երեխայի հայրությունը:
Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայր` ալիմենտի բռնագանձման պահանջով: