Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում և հարակից գյուղերում
00:00, September 6, 20102010 թ. օգոստոս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 9 քաղաքացիներ: 2 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են համապատասխան գրություններ, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Սպիտակ քաղաք և հարակից գյուղեր
Սեփականության իրավունք
1. Ի՞
նչ կարգով է կատարվում համայնքի սեփականության ներքո գտնվող հողատարածքի սեփականաշնորհումը, եթե
քաղաքացին տվյալ հողատարածքը օգտագործում է 5 տարի:
քաղաքացին տվյալ հողատարածքը օգտագործում է շուրջ 20 տարի:
ՀՀ հողային օրենսգրքի համաձայն՝ համայնքներին սեփականության իրավունքով հողամասերը տրվում են օգտագործման կամ սեփականության իրավունքով՝ կախված դրանց նպատակային նշանակությունից: Հողամասերի օտարման գործընթացը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կողմից: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին տվյալ հողատարածքի նպատակային նշանակությունը պարզելու եւ հողամասի օտարում կազմակերպելու խնդրանքով:
Դիմումի հիման վրա հողամասի օտարումը կիրականացվի՝ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու /անվճար/, ուղղակի վաճառքի կամ աճուրդի միջոցով՝ կախված դրա նպատակային նշանակությունից: Նույն օրենսգրքի համաձայն՝ հողամասի օտարման ժամանակ /բացառությամբ անվարձահատույց տրամադրելու/ նախապատվությունը տրվում է, այն անձանց, ովքեր անընդմեջ, բացահայտ եւ բարեխղճորեն ավելի քան 10 տարի օգտագործում են այդ հողամասը:
ՀՀ հողային օրենսգիրքը նախատեսում է հողի օգտագործման վաղեմության ժամկետ 10 տարի, որից հետո պետության կամ համայնքին պատկանող հողամասի նկատմամբ քաղաքացիները կունենան գնման նախապատվության իրավունք:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` քաղաքացին իրավունք ունի դիմել համայնքի ղեկավարին` պահանջելով ուղղակի վաճառքի միջոցով հողամասը վաճառել իրեն:
2. Կարո՞ղ է արդյոք տեղական ինքնակառավարման մարմինը համայնքի բնակչին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքով անցկացնել ջրագիծ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքը սերվիտուտի ինստիտուտը:
Հողամասի սեփականատերը նման օգտագործման համար իրավունք ունի պահանջել վճար:
Ընտանեկան իրավունք
3. Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնալուծությունը, եթե ամուսիններից մեկը դեմ է ամուսնալուծությանը և ինչպե՞ս է բաժանվում գույքը, ինչպե՞ս է նշանակվում ալիմենտ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսիններից մեկի անհամաձայնության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, հետևաբար` ամուսնալուծվել ցանկացող ամուսինը պետք է ամուսնալուծության պահանջով հայցադիմում ներկայացնի դատարան:
Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, բացի նվիրատվություններից, համարվում է ամուսինների համատեղ սեփականություն և ամուսնալուծության դեպքում ենթակա է հավասար բաժանման:
Ալիմենտի նշանակումը կատարվում է դատական կարգով` ամուսիններից մեկի հայցադիմումի համաձայն, այն դեպքում, երբ ամուսինները երկկողմ համաձայնության չեն գալիս:
Արդար դատաքննության իրավունք
4. Որքա՞ն ժամանակում է ՀՀ իրավապահ մարմիններում որոշում կայացվում հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` հանցագործության մասին հաղորդումը քննարկվում է անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
Աշխատանքային իրավունք
5. Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառաբանությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այլ դրույթ չի նախատեսում, հետևաբար` նման պատճառաբանությունը անօրինական է:
ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն դրույթը, որով թույլատրվում է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասնելու հետեւանքով:
Ալավերդի քաղաք և հարակից գյուղեր
Սպառողի իրավունք
6. Քաղաքացին ինչպե±ս կարող է տեղեկանալ ջրամատակարարման դադարեցման պատճառի մասին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, «Ջրամատակարարման և ջրահեռացման մասին» կառավարության որոշման համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի դիմելու «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին՝ տեղեկանալու ջրամատակարարման դադարեցման պատճառների մասին:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված «Լոռի ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման դադարեցման հիմքերի մասին տեղեկատվության տրամադրման խնդրանքով:
Անձի անձեռնամխեոլիության իրավունք
7. Քաղաքացին իր նախկին ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվում է հետապնդումների, վիրավորանքի և ահաբեկության: Ինչպե՞ս կարող է զերծ մնալ հետագա հետապնդումներից և վիրավորանքներից:
Քաղաքացու համար պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ Լոռու մարզի դատախազություն:
Ստեփանավան քաղաք և հարակից գյուղեր
Վնասի փոխհատուցման իրավունք
8. Հայրենական պատերազմի վետերանը ընդգրկված է եղել ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման ցուցակում, սակայն մահացել է: Կարող են արդյո՞ք քաղաքացու ժառանգներն ստանալ փոխհատուցման ենթակա գումարը:
Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանի` ավանդատու հանդիսացող ամուսինը մահացած է և մահացած ամուսնու ներդրած ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց ողջ ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: