Իրավապահները մոռացել էին, քաղաքացիները հիշեցնում են, Սաքունցն էլ պարզաբանում է…
05:56, June 11, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր, ՈստիկանությունՎերջին շրջանում մայրաքաղաքի և մարզերի որոշ փողոցներից իրավապահ մարմինները հայտնաբերում են ինչ-որ քանակությամբ զենք- զինամթերք: Հետաքրքրիր է` մեր քաղաքացիները նո՞ր են հիշել ապօրինի զինամթերքից ազատվելու մասին: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը mardik.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ երևույթին ասաց` ոստիկանությունը լավ գիտի` որտեղ ինչ կա, երկրորդ` զենք-զինամթերքի հավաքումը նման է 1988 թ և 2008 թ-ի իրավիճակին, երբ քաղաքացիներից հավաքում էին որսորդական հրացանները. «Սա խոսում է իշխանության վախի ու խուճապի մասին: Նրանք չեն կարողանում իրավիճակը վերահսկել, իսկ իշխանության տարբեր մարմինների հայտարարություններն էլ հաճախ իրար հակասում են»:
Իրավապաշտպանին խնդրեցինք անդրադառնալ մեկ այլ երևույթի` մամուլում հրապարակվում են հոկտեմբերի 27-ի գործով տարբեր անձանց ցուցմունքները: Ըստ Սաքունցի` նման հրապարակումները զուտ քաղաքական բնույթ ունեն: Հոկտեմբերի 27-ն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, ով ունի իրավիճակը պահելու, վերահսկելու և ազդելու հնարավորություն:
Արթուր Սաքունցի իրավական գործունեությունը մշտապես քննադատվել է, ավելին` զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվանից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում պահանջում էին ձերբազատվել գրանտակեր իրավապաշտպաններից` առաջին հերթին հենց Սաքունցից: «Երբ խախտվում են մարդու իրավունքները, իսկ խնդրով զբաղվողները պատասխանատվությունից խուսափելու, խնդիրները լուծելու փոխարեն բացասական իմիջ են ձևավորում հարցը բարձրացնողների նկատմամբ, սա ես դիտարկում եմ դավաճանություն: Զինուժում գոյություն ունեցող խնդիրները, տնտեսական , քաղաքական ու սոցիալական հարցերը չլուծելու անկարողությունն է կործանում մեր պետությունը, ոչ թե խնդիրները բարձրաձայնողները»,- մանրամասնեց զրուցակիցս` հավելելով, որ ինքը մանրամասը կխոսի դրա մասին։
Հետաքրքրիր է` եթե մի օր Սաքունցը չլինի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ արդյոք նման ջանասիրությամբ նա կբարձրաձայնի գոյություն ունեցող խնդիրները: Արթուր Սաքունցի խոսքով` ինքը միշտ էլ բարձրաձայնել է հասարակությանը հուզող խնդիրները, պարզապես ՀՔԱ-ն ավելի կազմակերպված է դա անում: «Կցանկանայի` որ մեր կառույցի նման աշխատեին պետական շատ կառույցներ»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://mardik.am/am/