Իրավապահ համակարգը կարող է դուրս գալ «վերահսկողությունից»
00:00, August 25, 2011 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԱյսօր Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Հայաստանում ոստիկանության կողմից ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ, նշեց, որ գնահատականները նույնիսկ շատ ավելի խիստ կարող էին լինել:
«ՀՀ-ի իշխանությունները, ցավոք սրտի, նախորդ զեկույցից մինչև այս զեկույցը, որը երկու տարին մեկ է տեղի ունենում, եղած ժամանակահատվածում եղած փաստերի հիման վրա պատշաճ քննություն կատարելու ուղղությամբ իրական քայլեր չեն կատարել»,-նշեց Արթուր Սաքունցը:
Մեր հարցին՝ չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում, Սաքունցը պատասխանեց, որ չեն ուզում, քանի որ քաղաքական կամք չունեն: «Բացի այդ՝ ես ուզում եմ ասել, որ քրեական քաղաքականության հիմքում բռնությունը հանդիսանում է հիմնական գործիքներից մեկը քաղաքացիների նկատմամբ: Կարող եմ նաև փաստեր բերել. առաջինը՝ ոստիկանական բաժանմունքերում քաղաքացիների նկատմամբ բռնություններն են՝ ապացույցներ հայթայթելու առումով: Եվ այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործեր չեն հարուցվում: Ավելին՝ այդ քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումները կայացնելը ևս դատական ատյաններում շատ երկար ժամանակ են պահանջվում: Այսինքն՝ խնդիրը, ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև դատական պրակտիկային է վերաբերում:
Զինված ուժերում ևս բռնությունների կամ վատ վերաբերմունքի մասին դեպքերը պատշաճ ուշադրության չեն արժանանում: Քրեակատարողական հիմնարկներում մահացության 35 դեպք էր անցյալ տարի գրանցվել, որոնք շատ ավելի աճեցին 2009թ. համեմատ: Էլ չեմ խոսում անմարդկային պայմանների,սննդի որակի և այլնի մասին: Օրինակ, պայմանականի վաղաժամկետի խնդիրները: Հոգեբուժարանների մահացության դեպքերի փաստերով քրեական գործերը որպես այդպիսին չեն բացահայտվում»,- բացատրեց Արթուր Սաքունցը:
Պատասխանելով՝ այս ամենի հետևանքը ո՞րը կարող է լինել հարցին, Սաքունցը որպես օրինակ բերեց ՀԱԿ ակտիվիստների վերջին դեպքերը և ասաց. «Իրավիճակը դեպի վատը կփոխվի: Այսինքն՝ կլինի երկիր, որը ոչ միայն չի կարողանում, այլև չի ցանկանում իր քաղաքացիների առաջ վերցրած պարտավորությունները իրականացնել:
Երկրորդը՝ իմ կարծիքով նույն իշխանական համակարգը ոստիկանությանը օգտագործում է որպես բռնության գործիք, թե քաղաքացիների նկատմամբ, թե քաղաքական նպատակներով, և այդ իրավիճակների անընդհատ շարունակության դեպքում, այսպես թե այնպես, գալու է մի պահ, որ զոհեր տան՝ իրենց բնավորության համաձայն: Առանձին նկատողություններով քրեական գործերով, զոհաբերության ճանապարհով ցույց տան, իմիտացիա ստեղծեն, թե իբր փոփոխություններ են կատարում: Բայց իրապես դրա հնարավորությունները չեն ունենալու և մի պահ, հնարավոր է, իրավապահ համակարգը դուրս գա «վերահսկողությունից»՝ նույն քաղաքական իշխանության կողմից , որովհետև իրենք զգալու են, որ իրենց զոհաբերում են»,- ավելացրեց Արթուր Սաքունցը: