Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները
00:00, July 28, 2009 | Քննարկումներ | Ոստիկանություն2009 թ. հուլիսի 20-ին և 21-ին Լոռու մարզի Տաշիր և Սպիտակ քաղաքներում կայացան հասարակական քննարկումներ և ուղիղ եթերներ ՙԻրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները՚ թեմայով:
Քննարկումներին և ուղիղ եթերներին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Քննարկումներին մասնակցում էին քաղաքացիներ, ոստիկանության բաժնի աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ և հեռուստատեսության ներկայացուցիչներ:
Տաշիրում և Սպիտակում կայացած քննարկումների ընթացքում Արթուր Սաքունցի կողմից ներկայացվեց քրեական դատավարությանը վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները: Նաև հնչեցվեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժին բերման ենթարկելու և պահելու օրինական հիմքերը, բողոքարկման հիմքերը, քաղաքացիների կողմից դատախազության հաղորդումներ ներկայացնելու հիմքերը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսվեց անձի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ:
Քննարկումերի ընթացքում խոսվեց առանձին դեպքերի մասին, երբ այս կամ այն հանգամանքներում խախտվել են քաղաքացիների իրավունքները ոստիկանության աշխատակիցների կողմից:Օրինակ` հարցաքննել են անչափահասի` առանց օրինական ներկայացուցչի մասնակցության, քաղաքացուն ոստիկանությունում պահել և հարցաքննել են 14 ժամ` առանց որևէ իրավական կարգավիճակի:Այդ ամենը ներկայացված է ՀՔԱ վանաձորի գրասենյակի ՙԼոռու մարզում արձանագրված խոշտանգումների փաստերի վերաբերյալ՚ զեկույցում, որը տրամադրվեց բոլոր քաղաքացիներին:
Քննարկման ընթացքում Ա. Սաքունցը խոսեց համաներման և Հայաստանի Հանրապետությունում մահապատժի վերացման վերաբերյալ:
Քննարկման և եթերների ընթացքում Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը՚ ծրագրի շրջանակներում:
ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը՚ ծրագիրն իրականացվում է ՙԲաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի՚ հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: