Իրավապաշտպանները դեմ են առանց ամբաստանյալ դատական նիստերի անցկացմանը
00:00, February 5, 2009 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունք2009թ. փետրվարի 5-ին չորս իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ.
Փետրվարի 3-ին ՀՀ Կառավարությունն Ազգային Ժողովին ներկայացրեց Հայաստանի դատաիրավական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթ: Մասնավորապես, ըստ առաջադրված փոփոխություններից մեկի, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում, դատարանը հնարավորություն է ստանում հեռացնել ամբաստանյալին դահլիճից եւ դատաքննությունը շարունակել ամբաստանյալի բացակայությամբ:
Մի կողմ թողնելով այն փաստը, որ «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ձեւակերպումը կարող է կամայականորեն մեկնաբանվել եւ կիրառվել, յուրաքանչյուր մարդու իր ներկայությամբ դատվելու իրավունքը հանդիսանում է արդար դատավարության հիմնարար իրավունքի մի մաս եւ երաշխավորված է Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ ՄԱԿ–ի կողմից ընդունված Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մաuին միջազգային դաշնագրում, որտեղ հստակ ձեւակերվպած է, որ յուրաքանչյուր ոք, նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ, իրավունք ունի դատվի իր ներկայությամբ: 1
Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հաշվի առնելով վերոնշյալը, գտնում ենք, որ այս դրույթը անթույլատրելի է, եւ կոչ ենք անում Ազգային Ժողովին զերծ մնալ նման փոփոխության ընդունումից:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝
Արման Դանիելյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ՝
Ավետիք Իշխանյան
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝
Միքայել Արամյան
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝
Արթուր Սաքունց
ԱՂԲՅՈՒՐԸ`