Իրավապաշտպաններից ո՞ւմ հորդորով են զինվորի ծնողները որոշել դիակը բերել Երևան. Ա. Սաքունցը պահանջում է անուններ ներկայացնել
10:02, May 20, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | Զինված ուժերՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի նման հայտարարությունը գնահատում եմ որպես ակնհայտ ապատեղեկատվություն, որովհետև ինքը պարտավոր է հիմնավոր փաստերի միջոցով անուն ազգանուն ներկայացնի և ամեն ինչ ասի. Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց իրավապաշտպան Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով երեկ տարածված տեղեկատվությանը, թե զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի ծնողները նրա դին Երևան բերելու որոշումը կայացրել են ինչ-որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հորդորով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, թե Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների քայլը լրիվ կազմակերպված էր, որն ըստ նրա, դեռ դրա նախորդ օրն էր պարզ։ «Մենք ծնողներին հասկանում ենք ու մեզանից լավ քչերը կհասկանան, ուղղակի եթե չուղղորդեն, ազգային ողբերգություն ու խայտառակություն չդարձնեն, այսպես չի լինի»,-գրել էր նա։
Այս գրառմանը հետևեց տեղեկատվություն, որ միջադեպի նախորդ օրը երեկոյան զոհված զինծառայողի ծնողների հետ հանդիպում է ունեցել ինչ-որ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ օրերս Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել էր ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, ինչը սակայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդառաջ գնալով կանխել էր։
«Երեկ շատ դժվար օր էր և նաև ապատեղեկատվությամբ այս երևույթները համեմված։ Ինձ համար առնվազն զարմանալի է, որ ՊՆ մամուլի խոսնակը նման հայտարարություն է անում։ Դա նշանակում է՝ նա նաև պարտավոր է հայտարարությամբ հստակ ասի անունները, և եթե ոչ, ասի, թե իրենց ով է այդ տեղեկությունը հաղորդել»,- ասաց նա և վստահեցրեց, որ դա ենթադրությունների հիման վրա տարածված հայտարարություն է։ «Ենթադրությունների հիման վրա հայտարարություն տարածող ՊՆ-ի մամուլի խոսնակի նման քայլը ավելի շատ խոսում է իրենց այդպիսի վերաբերմունքի մասին իրավապաշտպանական գործունեության նկատմամբ։ Արդեն իսկ նման վերաբերմունքը չի կարող նպաստել Զինված ուժերի նկատմամբ հասարակության կողմից վստահության բարձրացմանը»,- ասաց նա։
Իրավապաշտպանը ՊՆ մամուլի խոսնակին հուշեց, որ ինքը ոչ թե բլոգեր է, կամ սովորական քաղաքացի, այլ պաշտոնական գերատեսչության մամուլի խոսնակ։
«Նման ապատեղեկատվությամբ եթե բլոգերների կամ ֆեյսբուքյան քննարկումների ժամանակ հնարավոր վարկածներից որևիցե մեկն ինքը ընտրողաբար վերցնում է և ըստ դրա կառուցում իր հայտարարությունը, ապա Արծրուն Հովհաննիսյանը պետք է առնվազն գիտակցի, որ ինքը ոչ թե սովորական բլոգեր է կամ քաղաքացի, այլ պաշտոնական գերատեսչության մամուլի խոսնակ, այսինքն՝ ինքը ներկայացնում է պետական կառույց»,- նշեց նա։
Արթուր Սաքունցի համար ուղղակի հետաքրքիր է, թե հայտարարությունը Արծրուն Հովհաննիսյանի կարծիքն է, թե պաշտոնական գերատեսչության մոտեցումը, այն դեպքում, երբ ըստ նրա՝ ընդամենը մի քանի օր առաջ են ՊՆ ներկայացուցիչների հետ Ազգային ժողովում քննարկել բանակ-հասարակության վստահության հետ կապված հարցեր։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարն այս ամենից զատ, ՊՆ մամուլի խոսնակին հորդորում է առաջին հերթին ուշադրություն դարձնել, թե ո՞վ է այս ամենի մեղավորը։ «Եթե ինքը ազնիվ է, թող ուշադրություն դարձնի, որ բանակում մահացության դեպքերի պատճառները ոչ թե իրավապաշտպաններն են, այլ ապաշնորհ ղեկավարությունը։ Ես դա գնահատում եմ որպես խնդրի բոլոր պատճառներից հանրության ուշադրությունը շեղելու ակնհայտ կոչ, ինչն ամենևին հարիր չէ ՊՆ մամուլի խոսնակին և, ընդհանրապես, պետական կառույցի վարքագծին։ Դա շատ նման է վաղուց անցած-մռացված մեթոդին, երբ ակնհայտ հարց ես բարձրացնում, խնդիր ես բարձրացնում, և ինքը՝ պետությունը փորձում է, այսպես կոչված, պորպագանդիստական մեթոդներով ապակողմնորոշել հանրությանը և բուն պատճառներից շեղել ուշադրությունը՝ այդպես սքողելով իրենց անգործությունը»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է նրան, թե ինչու են այդ քննարկումների ժամանակ իր կամ «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանի անունը տվել, ապա Արթուր Սաքունցը հարցնում է, այդ դեպքում ինչո՞ւ իրենք նախկինում չեն նման քայլի դիմել։ «Նախ, առաջին հերթին կարելի է մտածել, ինչո՞ւ այս անգամ իրավապաշտպանները, ենթադրենք, նման դեպքեր առաջարկել ենք, ինչո՞ւ նախորդ անգամներն էլ չենք առաջարկել, առաջին դե՞պքն է։ Վստահեցնում եմ Ձեզ, դա չի ներառում իրավապաշտպանական շարժման մեթոդների մեջ, մենք, եթե ինչ-որ բան կազմակերպում ենք, հրապարակում ենք, քննարկում ենք և ներկայացնում մեր դիրքորոշումները, ընդհանրապես իրավապաշտպանությունը նման բան չի ենթադրում։ Մենք շատ հրապարակային, թափանցիկ գործում ենք, ի տարբերություն պետական մարմինների և իրենց աջակցող նման ՀԿ-ների»,-եզրափակեց նա։
Նշենք, որ բլոգեր Տիգրան Քոչարյանն իր Facebook-ի էջում երեկ գրել էր. «Ախր գրում եք, սաղ գրեք, գրեք գիշերը ով ա «իրավապաշտպաններից» գնացել սպանված զինվորի ծնողների տուն ու հորդորել դիակը բերել Երևան, ասեք ինչի համար ա զինվորը զենք հանում ու կրակում զինակիցների վրա: Կամ հերքեք այդ քաղաքով ակտիվ պտտվող լուրերը….»։
Նույն պահանջն է ներկայացրել նաև ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով մասնավորապես գրել էր. «Մի քանի ԶԼՄ-ներով հաղորդվում է, թե նախորդ գիշերը մի իրավապաշտպան է այցելել մեռելատուն, ինչից հետո սպանված զինվորի հայրը որոշել է դիակը տանել Երևան: Այպիսով բառացի չի ասվում, բայց հասկացվում է, որ հոր որոշումը կապվում է առայժմ անհայտ իրավապաշտպանի այցի հետ, որ, մոտավորապես` համոզել է, կամ հուշել է կամ առաջարկել է մարդուն` այդպես վարվել: Բոլոր տեղյակներին խնդրում եմ հրապարակել մանրամասները, եթե նման այց եղել է, ո՞վ է այցելել, և, եթե մարդու որոշումը ուղղակի բխել է այս այցից, հստակ գրել այդ մասին: Անձամբ ես կարծիք ունեմ, որ նման հրահրումը անմարդկային բան է և իրավապաշտպանական էթիկայի կոպիտ խախտում:
Հասկանում եմ նաև, որ առաջիկա 1-2 օրերին դժվար կլինի զրուցել սպանված զինվորի հոր հետ, բայց իսկական լրագրությունը այս հարցերի պատասխաններն է պահանջում, այլապես` կստացվի հերթական կայֆը «հայրենիք չունեցող»-ների դեմ, վհուկներ, աղբը տնից հանողներ և այլն …, իբր դրանով կարելի է կրակ մարել: Իսկ լուրի չհաստատման դեպքում, հարկ է, որ իրենց հարգող լրատվամիջոցները պատշաճ բացատրություն տան հանրությանը, ապատեղեկատվության և դրա ծնվելու հանգամանքների մասին»:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2013/05/19/artur-saqunc/