Իրավապաշտպան. «Հայ զինվորին Ադրբեջանում օգտագործել են…»
14:18, August 14, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, նրանց թույլ պահվածքի մասին է խոսում: «Համենայնդեպս, ես չեմ հիշում դեպք, որ մեր կողմից Ադրբեջանի ռազմագերուն խոսեցրած լինեն, պարտադրեն կարծիք հայտնել: Եղել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է, որ ադրբեջանցի է գերեվարվել` նշելով, որ այնտեղից փախել է ծառայության վատ պայմանների հետեւանքով…. եթե նույնիսկ նման բան արվել է, դա չի նշանակում, որ Ադրբեջանը նման կերպ պետք է վարվի: Երկու կողմերն էլ Ժնեւյան կոնվենցիայով պատասխանատվություն ունեն պահպանել ռազմագերու կյանքն ու անվտանգությունը, զերծ մնալ նրա նկատմամբ բռնություններ կատարելուց, հարգել նրա կարծիք հայտնելու իրավունքը, ինչպես նաեւ պարտավոր են միջոցներ ձեռնարկել ՝ անհապաղ հանձնել ռազմագերուն: Եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման կերպ է մեկնաբանում իրենց պահվածքը` այսպես ենք անում, քանի որ հայկական կողմն արել է. դա շատ թույլ պահվածք է»,- ասաց պարոն Սաքունցը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, թե Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիների հետ մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ են արվել եւ ցուցադրվել Երեւանի հեռուստաընկերություններով: Պարոն Սաքունցը նաեւ ասաց, որ Ադրբեջանի գործը չէ, թե զինվորն ինչ տեսքով է հայտնվել գերու կարգավիճակում. «Թե ինչ տեսքով է հայտնվել ռազմագերության մեջ զինվորը, քննարկման հարց չպետք է դառնա: Խնդիրը այն չէ` ինչ տեսքով է հայտնվել, այլ՝ թե գերեվարող կողմը ինչ վերաբերմունք է ցույց տալիս: Մյուս մեր գերիների դեպքերը ցույց են տալիս, որ զինվորական եւ քաղաքացիական գերիների նկատմամբ բռնություններ են կիրառվում: Գերեվարված զինծառայողին օգտագործել են իրենց քաղաքական նպատակների համար, մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման փոխարեն՝ ռազմագերուն օգտագործում են քաղաքական նպատակներից ելնելով եւ որպես պրոպագանդիստական միջոց՝ մյուս կողմին վատաբանելու, ավելի վատ վիճակում ցույց տալու նպատակով»: Այն, որ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին դեռ չի հաջողվել հանդիպել ռազմագերուն, պարոն Սաքունցի գնահատմամբ. «Ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքով վերցված պարտավորությունների կոպիտ խախտում է, որովհետեւ ռազմագերու գերեվարման առաջին իսկ պահից պետք է տեղեկացնեին միջազգային «Կարմիր խաչին», նրանց ներկայացուցիչների հանդիպումը ռազմագերու հետ ապահովեին»: Առայժմ իրավապաշտպանը չի ցանկանում խոսել, թե ինչ հանգամանքներում կամ ինչ պատճառով է զինծառայողը հայտնվել գերու կարգավիճակում. նա դեռ սպասում է Հայաստանի ՊՆ-ի քայլերին. «Հայկական կողմը ծառայողական քննություն պետք է անցկացնի, պարզելու հանգամանքները, պատճառները, որոնց հետեւանքով զինծառայողը հայտնվել է գերու կարգավիճակում՝ մյուս կողմում: Երբ որ Հայաստանի ՊՆ-ն կհրապարակի ծառայողական քննության արդյունքները, այդ ժամանակ ես կներկայացնեմ իմ եզրակացությունն ու հարցադրումները»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմիջամտի՞ ռազմագերու վերադարձման հարցին, պարոն Սաքունցը ակնկալիքներ չունի. «Պուտինի նկատմամբ միշտ վերապահում ունեմ, որովհետեւ, միջազգային իրավունքի տեսակետից, պետք է կանգնի Հաագայի դատարանի առջեւ` չեչենների ցեղասպանության կազմակերպման հիմքով: Ես որեւէ ակնկալիք նման դիկտատորի կողմից չունեմ: Ինչպե՞ս կարելի է ակնկալել մարդասիրական վերաբերմունք մի մարդու կողմից, որը իր քաղաքացիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք չի դրսեւորում»: Հիշեցնենք, որ գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները նախօրեին դիմել են ՀՀ իշխանություններին` իրենց խնդրանքը ներկայացնել Ադրբեջանում գտնվող ՌԴ նախագահ Պուտինին` Հակոբի վերադարձման հարցում աջակցելու համար:
Աղբյուրը՝ http://www.aravot.am