Ի պաշտպանություն «Չորրորդ իշխանության»
00:00, November 12, 2009 | Հայտարարություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունՄի քանի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են չեղյալ հայտարարել դատական որոշումը, դադարեցնել «Չորորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա:
«Նոյեմբերի 10-ին «Չորորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել: Դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային ուղղվածությամբ նույնական «Չորորդ ինքնիշխանություն» թերթը:
Իսկ ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը դադարեցնելու համար հիմք է ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որում նշված է՝ «արգելել «Չորորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում»: Այս որոշման հիման վրա ԴԱՀԿ-ը կատարողական վարույթ է հարուցել: Նման որոշման առիթ է հանդիսացել տնտեսական վեճը «Գինդ» տպագրատան եւ «ՉԻ» հրատարակիչ (լրատվական գործունեություն իրականացնող) «Օգոստոս» գործակալության միջեւ:
Մենք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, համարում ենք, որ թերթի տպագրության արգելմամբ խախտվել է տեղեկատվության ազատ տարածման սկզբունքը: Նման որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին:
Ելնելով վերոհիշյալից՝ մենք պահանջում ենք.
– չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը,
– դադարեցնել «Չորորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա»,-ասված է հայտարարության տեքստում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան