ԼՂՀ ոստիկանությունում ՀՀ քաղաքացու հանդեպ կեղծ մեղադրանք է առաջադրվել
15:51, March 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2014 թ. փետրվարի 22-ին որդու իրավունքների պաշտպանության համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակիչ Մուշեղ Գևորգյանը: Մ. Գևորգյանը հայտնել էր, որ որդին՝ Կարեն Գևորգյանը, փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից տեղափոխվել է ԼՂՀ և մինչ փետրվարի 22-ը գտնվում է ԼՂՀ քննչական գլխավոր վարչությունում: Մ. Գևորգյանը պատմել էր նաև, որ որդին տաքսի ծառայությունում վարորդ է աշխատում և փետրվարի 16-17-ին երթով մեկնել է ԼՂՀ և հնարավոր է, որ որդուն քննչական վարչությունում պահելը կապված է այդ երթի հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նույն օրը՝ փետրվարի 22-ին, Կ. Գևորգյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին: Հաղորդման մեջ մասնավորապես նշվում է.
«… ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով և Ձեր լիազորություններով՝ դիմում եմ Ձեզ՝ քրեական գործ հարուցելու Կարեն Գևորգյանին անօրինական կարգով հանձնելու և նրան ազատությունից զրկելու դեպքով պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ…»:
Սույն թվականի մարտի 7-ին Կարեն Գևորգյանը և Մուշեղ Գևորգյանը նույնպես հաղորդում են ներկայացրել, որով հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի, ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի ձերբակալվածներին պահելու վայրի ոստիկանների կողմից Կ. Գևորգյանը ապօրինաբար զրկվել է ազատությունից, իսկ Քաշաթաղի շրջբաժնում նրա նկատմամբ բռնություն է գործադրվել:
2014 թ. մարտի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է այս գործի վերաբերյալ ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Հարությունյանի քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
2014 թ. մարտի 1-ին ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՀԿԳ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Հ. Իշխանյանը կայացրել է Կարեն Գևորգյանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին որոշում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ որոշման մեջ նշվում է, որ Կարեն Գևորգյանը մեղադրվում է ծանր հանցագործության(կեղծ փողեր պահելը և իրացնելը) մասին իմանալու և դիտավորությամբ իրավապահ կամ իշխանության այլ մարմիններին չհայտնելու մեջ, սակայն նրան մեղադրանք առաջադրվել է այն հոդվածով որով մեղադրվում են մի շարք այլ անձինք՝ կեղծ փողեր պահելու և դրանք իրացնելու համար: Նույն օրը կայացվել է որոշում, որով Կարեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Բացի այդ, Կարեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշված ԼՂՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածը որևէ առնչություն չունի Կ. Գևորգյանին վերագրվող հանցագործության հետ: