Լյուքս Ստեփանյանի հարազատների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման վերաբերյալ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանում
13:20, March 19, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատություն | Զինված ուժեր2013 թ. մայիսի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել այն մասին, որ Սևան- Երևան ճանապարհին ոստիկանության և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոչընդոտում են Լյուքս Ստեփանյանի հարազատների և համագյուղացիների ազատ տեղաշարժը: Կազմակերպության աշխատակիցները մեկնելով նշված վայր ականատես եղան սառսռեցնող տեսարանի. Մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերում մահացած Լյուքս Ստեփանյանի դին ծնողները, հարազատները և համագյուղացիները փորձում էին տանել Երևան և կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել, սակայն ՀՀ ոստիկանության և ԶՈՒ ստորաբաժանումները աշխատակիցները մեքենաներով փակել էին նրանց ճանապարհը, հորդորելով ետ վերադառնալ գյուղ:
ՀՀ ոստիկանության և ԶՈՒ ստորաբաժանումները աշխատակիցների անօրինական գործողությունների արդյունքում խախտվեց բազմաթիվ մարդկանց, այդ թվում Լյուքսի ծնողների, հարազատների և համագյուղացիների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների ազատ տեղաշաժի և հավաքների ազատության իրավունքը:
Կազմակերպությունը տեղեկատվության հարցումների միջոցով փորձել է ճշտել, թե ՀՀ որ մարմինն է հրաման արձակել, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրենց մշտական տեղակայման վայրից դուրս գան Սևան-Երևան մայրուղի: Սակայն ստացված պատասխաններից և ոչ մեկով պարզ չի դարձել, թե որ մարմինն է հրաման արձակել: Այսպիսով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները այդ օրը, այդ վայրում գտնվել են անօրինական կարգով, քանի որ այդ ոլորտը կարգավորող որևէ օրենսդրական ակտ չի սահմանում մի այնպիսի դրույթ, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կարող են հանվել խաղաղ երթի մասնակիցներին ցրելու կամ այն կանխելու:
ՀՀ ՊՆ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որը, սակայն 2014 թ. փետրվարի 24-ի որոշմամբ դատարանը վարույթ չի ընդունել՝ հիմնավորմամբ, որ հիմանվորված չէ այն հանգամանքը, որ կազմակերպությունը որևէ իրավական շահ ունի այս մասին հայցադիմում ներկայացնելու: Կազմակերպության կողմից ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը 2014 թ. մարտի 14-ի որոշմամբ դատարանն ընդունել է վարույթ: