Խալաֆյանի գործով գրեթե բոլորը բազմանշանակ լռում են
00:00, October 6, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԱյս տարվա ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանություն գործած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատակոչված վկաները հիմնականում բազմանշանակ լռում են կամ այնպիսի պատասխաններ են տալիս, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ բոլորը զգուշացված, վախեցած ու ուղղորդված են:
Նրանք դատարան մտնելիս հիմնականում «կորցնում են» հիշողությունը, ասում են, որ դեպքի մանրամասների մասին իրենց իմացածն այն է, ինչն արդեն գրվել է թերթերում կամ այդ մասին նշվել է նախաքննական վարկածի շրջանակներում: Իսկ այն հարցերին, որոնք կարող են կասկածը խորացնել իրենց տված նախորդ ցուցմունքների նկատմամբ` պատասխանում են` «չեմ հիշում»:
Երեկվա դատավարությունն էլ առանձնապես չի տարբերվել նախորդներից: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ ցուցմունք տվեցին որպես վկա հրավիրված ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակից Գարիկ Հազեյանը, ինչպես նաեւ երկու փորձագետներ: Գարիկ Հազեյանն իր կցկտուր խոսքում հստակորեն չի պատասխանել ոչ մի հարցի. անընդհատ նշել է` «չեմ իմացել», «չեմ հիշում», «չեմ կարող ասել»: Հաջորդ հարցաքննվողը եղել է սույն գործով մատնահետքաբան-փորձագետ Ջ.Սահակյանը: Փորձաքննություններն անցկացնելու համար փորձագետներին էին տրամադրվել ինչպես դեպքի վայրից առգրավված դանակը, բամբակյա «տամպոնները», Վ.Խալաֆյանի մատնահետքերը, շորերը, եղունգների կտրվածքներն ու մազերի նմուշները, այնպես էլ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների, աշխատակիցների հագուստները: Հարցաքննվող փորձագետին հարց է ուղղվել սպանության գործիք դանակի վրայից անհետացած մատնահետքերի վերաբերյալ (այն, ըստ Աշոտ Հարությունյանի ցուցմունքի, իր` սենյակ մտնելու պահին եղել է նույն բաժնի ՔՀԲ օպերլիազոր, սույն գործով ամբաստանյալ Մորիս Հայրապետյանի ձեռքին), որին ի պատասխան փորձագետն ասել է, որ այն, ինչ սպանությունից հետո մնացել է դանակի վրա` նույնականացման ենթակա չէ, եւ հնարավոր է, որ դրանք մաքրված լինեն:
Հիշեցման կարգով նշենք, որ նշանակվել էր նաեւ հետմահու դատահոգեբանական փորձաքննություն` պարզելու, թե ի՞նչ հոգեվիճակում է եղել Խալաֆյանը եւ կարո՞ղ էր, արդյոք, ինքն իրեն վնասել: Եվ ահա նման եզրակացություն տված փորձագետ Մարինե Պետրոսյանը կրկին անգամ փորձել է հաստատել ՔՀԲ նախկին պետի ծեծի եւ Խալաֆյանի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապը. ասել է, որ Աշոտ Հարությունյանի ծեծի արդյունքում Վահանը հայտնվել է շոկային վիճակում եւ ինքնասպանություն գործել: Միեւնույն է, դա անհասկանալի է, եւ առաջին անգամ ենք լսում, որ հետմահու նման փորձաքննություն է նշանակվում: Իսկ ահա դատաբժիշկ Ռ.Հարությունյանը դատարանում ցուցմունք կտա հոկտեմբերի 13-ին` հաջորդ նիստին:
Արդեն դահլիճից դուրս իրական մեղավորներին պատասխանատվության կանչելու շուրջ կրկին բորբոքվել են տուժողի եւ ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանի հարազատների կրքերը, սակայն բարեբախտաբար լուրջ միջադեպ չի եղել:
Հիշեցնենք, որ սույն գործով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրված ՀՀ ոստիկանության Չարենցավանի ՔՀ բաժանմունքի 4 աշխատակիցների` Մորիս Հայրապետյանին, Գ.Դավթյանին եւ Գ.Ղազարյանին` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ՔՀԲ նախկին պետ Աշոտ Հարությունյանին` իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից դուրս գալու, Վահանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/16220/