Խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը
00:00, March 1, 2010 | Հայտարարություններ | Տեղաշարժի ազատությունԱյսօր` 2010 թ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր – Երևան, Սպիտակ – Երևան, Ստեփանավան – Երևան, Տաշիր – Երևան, Ալավերդի – Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:
Հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի օրը ոստիկանության
ստորաբաժանումները` քրեական, պահակային և ճանապարհային ոստիկանությունը, առանց որևէ հիմնավորման կանգնեցնում են մեքենաները մշտական պահակային կետերում, մասնավորապես` Վանաձոր-Երևան երթուղու Ալագյազի հատվածում` խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Ըստ որոշ տեղեկությունների` ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին հրահանգվել է ոստիկանության մարզային կառույցների կողմից 2010 թ. մարտի 1-ին չիրականացնել ուղևորափոխադրում:
Սույնով դատապարտում ենք իրավապահ մարմինների ակնհայտ ապօրինի գործողությունները, որոնցով խոչընդոտվում են տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը և քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաօրինական գործողությունները և դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին` քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություն իրականացնող պաշտոնատար անձանց: