Խոսքը ՀՀ դատարանի մասին է, ուստի ավելորդ հույսեր չեմ կապում. Արթուր Սաքունց
10:43, August 19, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքLurer.com-ը խոսել է Հելսինկյան Քաղաքացիական Անսամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ում հայցի քննությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտեցել: Հայցադիմում ներկայացնելու համար հիմք էր հանդիսացել հեռուստատեսային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, վիրավորական արտահայտություն էր կատարել:
Զրույցում Արթուր Սաքունցը փոխանցեց, որ օգոստոսի 17-ին երկու կողմերը ներկայացրել են իրենց ապացույցները, և ըստ պատասխանողի` Ռուբեն Հայրապետյանի արտահայտություններն եղել են վերացական բնույթի և անհասցե։
«Մենք հիմնավորեցինք, որ ամեն ինչ իրական է, թե՛ ես որպես անձ, թե՛ Հելսինկյան ասոցիացիան, թե՛ Ռուբեն Հայրապետյանը, և ամեն ինչ տրամաբանական կապի մեջ է, իսկ այդ արտահայտությունները վերաբերում են հստակ գործողությունների։ Դատարանը որոշեց, որ ամեն ինչ պարզ է և դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 29-ին»,- ասաց նա։
Իսկ այն հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ կան դատավճռից, վերջինս պատասխանեց.
«Խոսքը ՀՀ դատարանի մասին է, ուստի ավելորդ հույսեր չեմ կապում: Եթե հայցադիմումը չբավարարվի, ապա կբողոքարկենք և հետամուտ կլինենք հարցի արդարացի լուծմանը»։
Աղբյուրը՝ http://lurer.com/?p=36531&l=am