Խուզարկում են հանրահավաքի մասնակիցներին
00:00, February 26, 2008 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Ընտրական իրավունքՓետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երևանում կայացվող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Առավոտյան 06:00-ին սկսվել է Վանաձորի բնակիչ Մերուժան Հարությունյանի բնակարանի խուզարկությունը: Մերուժան Հարությունյանը «Հատուկ գնդի» անդամ է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, իսկ արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում է Երևանում կայացվող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին:
Խուզարկության արձանագրության համաձայն՝ խուզարկության նպատակն է՝ բացահայտել Մ. Հարությունյանի հանցավոր գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, առարկաներ՝ զենք-զինամթերք: Խուզարկել են բնակարանը, բնակարանի տանիքը, բնակարանի նկուղը, ավտոտնակը, կից հողամասը:
Մ. Հարությունյանի հանցավոր գործունեությունը բացահայտող ոչ մի փաստաթուղթ, սակայն, խուզարկության արդյունքում չի հայտնաբերվել:
Նմանատիպ խուզարկություն է իրականացվել նաև նստացույցին մասնակցող Արսեն Ավետիսյանի ծնողների բնակարանում: Տեղեկանալով, որ Ա. Ավետիսյանը նաև առանձին բնակարան ունի, խուզարկել են նաև այդ բնակարանը՝ բնակարանի բանալիները վերցնելով Ա. Ավետիսյանի կնոջ եղբորից: Այնտեղ ևս հանցավոր գործունեության մասին վկայող փաստթղթեր կամ առարկաներ չեն հայտնաբերվել:
Մնում է անհասկանալի, թե ինչ հանցավոր արարքի մեջ են կասկածվում այս քաղաքացիները:
Նրանց բնակարանների խուզարկության մասին որոշում է կայացրվել Երևան քաղաքի Կենտրոն եվ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Խուզարկությունն իրականացվել է ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Էվինյանի, ոստիկանության Վանաձորի բաժնի ՔՀԲ բաժանմունքի ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Լ. Ե. Բրուտյանի, ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Ա. Նահապետյանի , ՋՊՎ-ի պետ Գ. Նազինյանի, տեղական տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանի, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի Վանաձորի բաժնի ավագ օպեր լիազոր մայոր Արտակ Բաղդասարյանի, ավագ օպեր լիազոր մայոր Ռոբերտ Ավոյանի, օպեր լիազոր Գ.Ժամհարյանի կողմից:
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ