Ծայրահեղականների համար ոչ թե մարդն է կարևոր, այլ սեռական կողմնորոշումը
12:40, August 16, 2013 | Նորություններ | Խտրականության արգելում, Սոցիալական իրավունքներ«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
-Պարոն Սաքունց, վերջին մի քանի օրերին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որն ընդունվել է 2013թ. մայիսի 20-ին, ազգայնական պոռթկումների ալիք բարձրացրեց. կասկածի տակ է դրվում «գենդեր» եզրույթը, ազգակործան օրենք համարվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մայիս ամսին ընդունված օրենքը նման ընդվզման պատճառ դարձավ:
-Ազգայնամոլության և առհասարակ ծայրահեղականության ցանկացած դրսևորման հիմքում առաջին հերթին ընկած է անգրագիտությունը, այսինքն՝ ոչ պատշաճ տեղեկացվածությունն այն թեմայի կամ այն խնդրի վերաբերյալ, որն օգտագործվում է իրենց գոյությունն ապացուցելու կամ իրենց նշանակությունը կարևորելու համար: Եվ եթե մենք ավելի լայն ժամանակահատվածում դիտարկենք, թե որ դեպքերում են ազգայնամոլության պոռթկումները ի հայտ գալիս, ապա զարմանալի օրինաչափությամբ տեսնում ենք, որ դրանք ավելի շատ դրսևորվում են եվրոպական քաղաքակրթությանը մեր ինտեգրման հետ կապված հարցերի քննարկումների ժամանակ: Երբ խոսքը ռուսական կամ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրման խնդիրների մասին է, ազգայնամոլները զարմանալիորեն ձայները կտրում են և ավելի շատ հանդես են գալիս ռուսամոլների կամ հայամոլների դիրքում: Հիմա իրենց դրսևորելու համար հերթական անգամ գտել են այս թեման և, իմ համոզմամբ, հերթական անգամ հանդես են գալիս ռուսամոլների շարքում, քանի որ Ռուսաստանն ընդունեց հատուկ օրենք, որով ընդհանրապես արգելվեց սեռային կողմնորոշման ազատությունը և որոշակի տաբուներ դրեց օրենսդրական մակարդակով: Հիմա մեր տեղական ազգայնամոլները հանդես են գալիս որպես ռուսամոլների շարունակություն հայաստանյան միջավայրում, և դա իհարկե ուղղված է եվրոպական ինտեգրման դեմ:
Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ հանրությունը պատշաճ իրազեկված չէ այն խնդրի վերաբերյալ, որի մասին խոսվում է, և դրա պատճառներն էլ այլ են: Առաջին հերթին սա իշխանությունների ջայլամային քաղաքականությունն է, երբ օրենք են ընդունում, բայց օրենքի կարգավորման խնդրի վերաբերյալ ոչ պատշաճ կերպով են իրազեկում հանրությանը:
Այսինքն՝ դուք չեք տեսնի հանրային հեռուստատեսությամբ (որը մեր՝ հարկատուներիս հաշվին է գոյատևում և պարտավորություն ունի հանրությանն իրազեկելու այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում), որ առնվազն պատշաճ բացատրվի ոչ միայն նախագծի մասին՝ ոչ թե ընդհանրական հայտարարություններ կամ ընդհանրական տեղեկատվություն հաղորդելով, այլ մեկնաբանելով, բացատրելով, բանավեճեր, քննարկումներ կազմակերպելով և հանրության առջև թեման բացելով: Որպեսզի հանրությունը իրազեկված լինի և հասկանա ընդունվող օրենքի կամ քաղաքական որոշման բուն բովանդակությունը:
Այդ ոչ պատշաճ կամ ընդհանրապես զրոյական իրազեկվածության պարագայում ծայրահեղական մոտեցումների վերաբերյալ տեղեկատվության տարածումը միակողմանի տեղեկացվածություն է, իսկ մյուս լրատվամիջոցները խիստ սահմանափակ հնարավորություն ունեն լրացնելու այդ տեղեկատվական վակուումը: Եվ տվյալ պարագայում այս ծայրահեղականության հիմքում առաջին հերթին անգրագիտությունն է: Թեմային չտիրապետելով՝ ավելի շատ շահարկում են թեմայի վերաբերյալ հանրային ոչ պատշաճ իրազեկումը: Մյուս կողմից էլ, կարծում եմ, ազգայնամոլների և ծայրահեղականների շրջանում իրազեկվածներն էլ կանխամտածված իրենց մոտեցումները ներկայացնում են ընդդեմ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը:
Այս իրավիճակին ընթացք տալու պատասխանատվությունն առաջին հերթին իշխանությունն է կրում, քանի որ ինքն է որդեգրել եվրոինտեգրում: Եվ եթե հետևենք կառավարության ծրագրերին, որոնք հաստատվել են դեռևս 2011-ին, 2007-ին, մարդու իրավունքների ռազմավարության փաստաթղթեր և այլն, ապա կտեսնենք, որ Հայաստանը միջազգային պարտավորություններ է վերցրել այդ ուղղությամբ, և հիմա չի իրազեկում քաղաքացիներին այդ պարտավորությունների և, որ ամենակարևորն է, այդ պարտավորությունների բովանդակային նշանակության մասին:
-Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է փոխել «գենդեր» եզրույթը օրենքում՝ «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի» արտահայտությունը հստակ սահմանել՝«տղամարդու և կնոջ»: Վարդան Խաչատրյանն ասում է, որ Հռոմեական կայսրությունը այդպես կործանվեց: Ինչո՞ւ է ավելի շատ օրենքը ասոցացվում միասեռականության հետ:
-Հռոմը կործանեց կոռուպցիան: Բոլոր կայսրությունների կործանման հիմքում ընկած է եղել կոռուպցիան: Կոռուպցիայի համակարգային բնույթն է ցանկացած պետության կործանման բուն պատճառը, որտեղ աշխատել և գործել են ոչ թե ընդունված իրավական նորմերը, այլ կոռուպցիան. դա կործանել է ցանկացած համակարգ:
Հիմա, երբ նույնականացնում են սեռային կամ գենդերային հավասարության օրենսդրական նախագիծը որպես միասեռականներին ուղղված օրենք, նշանակում է՝ կոնտեքստից կտրել ինչ-որ մի հատված և ներկայացնել որպես ամբողջություն: Սա մտածված խեղաթյուրման դրսևորում է, որն ուղղված է ոչ թե ազգին կործանումից փրկելուն, այլ ազգը կործանելու միտում ունի, որովհետև միասեռականությունը գոյություն ունի, բայց օրենսդրությունը միայն միասեռականների ազատություններին չի վերաբերում, այլ վերաբերում է կանանց և տղամարդկանց հավասարությանը: Ընդհանրապես, անկախ սեռական պատկանելությունից, հավասար իրավունքների ճանաչման մասին է խոսքը:
Այս շահարկումների հիմքում ընկած է կաղապարված և նեղ մտածողությունը: Իսկ ազատությունը և ազատության ապահովմանն ուղղված իրավական և գործնական նորմերի ամրագրումը և դրանց կիրառումը կաղապարների համար առաջին թշնամին է: Կաղապարվածներն իրենց ֆիզիկական և մտավոր գոյության վտանգի տեսակյունից են բարձրաձայնում, այսինքն՝ իրենք միշտ սահմանափակվածության կողմնակից են, և դա է ազգերի կործանման ուղիղ ճանապարհը: Նույն կերպ ես չեմ լսում կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման հետ կապված հարցերի շուրջ այսպս խոսեն, սեփական աչքի գերանը չտեսնելով խոսել մեկ այլ աչքերի չոփերի մասին, նշանակում է անգրագետ, կանխակալ և սահմանփակ մոտեցում, և այն ունի միանշանակ քաղաքական նպատակաուղղվածություն, որի իմաստը կայանում է խոչընդոտել Հայաստանում ազատության՝ որպես մտածություն, ազատության որպես ապրելակերպի ձևավորմանը, որովհետև ազատության պարագայում նման գաղափարները դառնում են մարգինալ, լուսանցքային և չպահանջված:
-Եվ եթե կա համընդհանուր դժգոհություն, արդյոք սա կխորացնի՞ ճգնաժամը՝ հետաձգելով եվրոինտեգրացիան:
-Սա տասներորդական նշանակության հարց է, որը չպետք է առաջնային դարձնել: Ճգնաժամի խորացման պատճառ կարող է լինել վարչապետի օֆշորային սկանդալը չբացահայտելը և դրան իրավական գնահատական չտալը, ճգնաժամի խորացման պատճառ է Խաչատուրովի ծառայության ժամկետը ևս չորս տարով երկարացնելը, մաքսային պետական կոմիտեի անսանձ և կոռուպցիոն բնույթի գործունեության շարունակումը, արդար դատական իշխանության բացակայությունը, մարտի 1-ի հանցագործությունները չբացահայտելը: Ընդհանրապես, բոլոր կոռուպցիոն դրսևորումները, դրանց շարունակականությունն է ճգնաժամի խորացման հիմքը: Եվ նման օրինագծերը իրավիճակի ինդիկատորներ են, որով չափվում է՝ ինչպիսի՞ն է ճգնաժամի խորության աստիճանը. նկատի ունեմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություններն ինչպիսին են: Նման օրինագծերը գալիս են չափելու կամ ախտորոշելու, որ հիվանդությունը, իհարկե, բավական լուրջ է: Եվ կան որոշ ծայրահեղականներ, որոնք ոչ թե աշխատում են ճգնաժամը հաղթահարելու, այլ հակառակը, ճգնաժամը մշտապես պահպանելու ուղղությամբ: Ծայրահեղականները վախենում են մարդ լինելուց: Նրանց համար կարևոր է ոչ թե մարդը, այլ ազգությունը, ոչ թե մարդն է կարևոր, այլ սեռական կողմնորոշումը: Նրանք նեղացնում են մարդ հասկացությունը՝ ասելով, որ մարդը և ազգային պատկանելությունը նույն բանն են: Եվ կարծում են, որ դա է մեր փրկությունը: Ոչ, ազատության մեջ է մեր փրկությունը:
Այնտեղ, որտեղ կա ազատ մտածողություն, այնտեղ, որտեղ կա ազատ մտածողությունը իրագործելու հնարավորություն և այն պաշտպանելու իրավական մեխանիզմներ, կա զարգացման հիմք՝ դա է: Դրա օրինակն է եվրոպական քաղաքակրթությունը:
Հիմա մեզ առաջարկվում է ընտրություն կատարել դեպի ազատությո՞ւն, թե՞ դեպի սահմանափակում: Ի դեպ, պետք է նշեմ մի կարևոր հանգամանք. նույն այսպես կոչված ազգայնամոլները սեփական պատմությունից են հեռանում, քանի որ Հայաստանի պատմության մեջ մենք ունեցել ենք ազատության դրսևորման մոդելներ: Ինչքանով մշակույթը ազատ է եղել՝ հաղորդակցվելու այլ մշակույթների հետ, անկախ էթնիկական, կրոնական պատկանելությունից, այնքան այն եղել է զարգացող և ազատ, իսկ այն ժամանակից, երբ սկսվեց կաղապարվածությունը, դա էլ դարձավ մոնոպոլիայի գոյատևման հիմքը: