Ծեծի, սադրանքների ու ոստիկանության «կանխարգելիչ» գործողությունների մասին
07:54, April 11, 2013 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն | Ոստիկանություն«Բռնատիրական պետության սովորական վարքագիծ». ապրիլի 9-ին Երերանում խաղաղ երթերի ընթացքում ոստիկանության ու ցուցարարաների բախումն ու ոստիկանության կողմից ուժի կիրառումն այսպես բնութագրեց «Ժառանգություն» կուսակցության Գյումրու գրասենյակի համակարգող Վահագն Հովհաննիսյանը, ով, անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, մանրամասնեց. «Քայլերթ իրականացրած գյումրեցիներին, որոնց հետ էր Արմեն Մարտիրոսյանը, Երեւանում միացել էին նրա կինը երեխաները, մայրը, քույրը: Ոստիկանություն փորձել էր խանգարել, դուրս հրավիրել նրանց փողոցից՝ ասելով, որ իրավունք չունեք: Ա.Մարտիոսյանն ընդդիմացել էր, ուժ էին գործադրել մոր նկատմամբ, Արմենն էլ իր հերթին էր հրել, հետո միջամտել էին քաղաքացիները»:
«Երբ Բաղամյան պողտայով գալիս էինք դեպի Ազատության հրապարակ, քաշքշեցին, Արմեն Մարտիրոսյանին, նրա մայրիկին, բնականաբար՝ նաեւ մեզ: Մեզ հետ էին նաեւ Ա.Մարտիրոսյանի 2 դուստրերը, որոնցից մեկը իմ ձեռքն էր բռնել: Ինձ էլ էին քաշքշում ու երբ ասում էի՝ հարգելի ոստիկաններ, անհարմար չեք զգում, երեխեն մոտս է, ինչու եք հրում, ամոթ է ի վերջո, բոլորս էլ հայ ենք, Գյումրիից 130 կմ կտրել-եկել ենք, որ հիմա հրեք, էնտեղից ոստիկանները բղավում էին, թե սա ձեր Գյումրին չէ ու հրում, քաշքշում էին,- պատմում է քայլերթին մասնակցած գյումրեցի Համլետ Գրիգորյանը:-Ազատության հրապարակում՝ օպերայի հատվածում, ոստիկանական խմբերը կանգնած էին, պատ էին կազմել, թույլ չէին տալիս տեղաշարժվել: Ես մի պահ ուզում էի գնալ ջուր խմելու, չթողեցին՝ ասելով՝ չի կարելի: Ու անընդհատ մարդկանց հրում էին, քաշում, քցում գետնին»:
«Ես չեմ պատկերացնում՝ էդ ոստիկանները հայի զավակներ են, թե թուրքի: Չէին թողնում փողոցով քայլեինք, ասում են՝ ելեք մայթ: Այսինքն՝ տաքսին կարող է կանգնել փողոցում, բայց քաղաքացին, որը փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել, ազատ տեղաշարժվել, չի կարող: Ոստիկանները բռի, վայրագ, կոպիտ ձեւով հրում էին մեզ, մոտ 50 հոգի էինք, վախեցրին Ա.Մարտիրոսյանի երեխուն: Ու եթե յուրաքանչյուրս փորձեինք իրենց հրմշտոցին ու ասած բառերին պատասխանել, հաստատ իրենք իրենց նկարահանումներով մեր վրա գործ կսարքեին»,- պատմում է քայլերթի մեկ այլ մասնակից, գյումրեցի Մելիքսեթ Գաբոյանը:
Մ.Գաբոյանը նաեւ պատմում էր, թե ինչպես է ականտես եղել քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրիչ գործողություններին. «Մեկը տարեց, մյուսը երիտասարդ, 3-4 հոգի կողքերը կանգնած, շարժվելու պահին ժողովրդի միջից սկսեցին փայտերն ու մոմեր նետել ոստիկանության կողմը ու տպավորություն ստեղծեցին, թե դա ժողովուրդն է անում, բայց ժողովուրդը ոչինչ չէր անում: Կազմակերպված ձեւով, ոստիկանության սադրիչները ժողովրդի անունից սադրանքներ էին անում»:
Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱրթուրՍաքունցը ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառած գործողությունները որակեց ոչ համերժեք վերաբերմունք նրանց քայլերին. «Եթե ցուցարարները անգամ երթի ուղի են փոխում, բոլոր դեպքերում՝ ուժի կիրառումը պետք է լինի համարժեք խախտումներին: Ի՞նչ խախտում պիտի անեն, որ ուժ կիրառվի: Գտնում եմ, որ ոստիկանության գործողությունները համարժեք չեն եղել ցուցարարների գործողություններին»:
Ա.Սաքունցը նաեւ դատարատում է ոստիկանության՝ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու գործողությունները. «Բռնություն է կիրառվել՝ ուզում է Արմեն Մարտիրոսյանը լինի, ուզում է՝ խաղաղ ցուցար, եւ բռնություն կատարողը պետք է անպայման պատասխանատվություն ենթարկվի, իսկ դա նախեւառաջ կապված է բռնության ենթարկվածների պահվածքից: Բայց, հաշվի առնելով քաղաքական զգայուն թեմաների կամ իրավիճակների ժամանակ ոստիկանության պահվածքը, որն այս դեպքում ակնհայտ քաղաքական ուղղվածություն ուներ, ես շատ քիչ հավանական եմ համարում որ ոստիկանները պաժվեն: Բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չպիտի բարձրացվի եւ չպիտի հետեւողականություն ցուցաբերվի»:
Արդյո՞ք կարելի է այսքանով ավարտված համարել հետընտրական գործընթացը, եւ ինչպիսին են լինելու «Ժառանգության» եւ Ր.Հովհաննիսյանի հետագա քայլերը: Ա.Սաքունցը դժվարանում է որեւէ կանխատեսում անել, սակայն նկատում է, որ հետընտրական զարգացումներն արդեն իսկ ավարտված են: Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության Գյումրու գարսենյակի համակարգող Վ.Հովհաննիսյանը չի բացառում, որ նմանատիպ ակցիաների շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ, իր բնութագրմամբ՝ ավտորիտար համակարգը տեղի չի տվել. «Սրանով ոչինչ չի վերջանալու: Սա ոչ սկիզբ էր, որ վերջը: Ակցիաները շարունակվելու են, ըստ երեւույթին, ընթացքում նաեւ կորոշենք ինչ անել: Ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ է լինելու: Շատ ընդդիմադիր գործիչներ, որ ծրագիր են պահանջում, թող այդ ծրագիրը իրենք ներկայացնեն կամ ներկայացնելով հանդերձ՝ գան, կանգնեն Ր.Հովհաննիսյանի կողքին: Կողքից խոսելը շատ հեշտ է: Սա կուսակցական հարց չէր, սա Հայաստանի, պետության անվտանգության հարցն էր: Ու հիմա պետք է միայն գործել: «Ժառանգությունը» անում է, ինչքան կարող է ու կարեւոր է, որ մյուս քաղաքական ուժերն էլ ոչ թե ասեն մենք ժողովրդի կողքին ենք, այլ գան, իրոք կողքին կանգնեն»:
Աղբյուրը` http://www.asparez.am/news-hy/ceci_u_sadranqneri_masin-hy/