Կապվա՞ծ են արդյոք ԶՈԻ-ում ինքնասպանության դեպքերը կրոնական համոզմունքների հետ
15:05, May 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀաճախ զինված ուժերում ինքնասպանության դեպքերը կապում են կրոնական փոքրամասնություններին պատկանելու հետ: Արդյո՞ք զինվորների՝ ինքնասպանության դիմելը իսկապես կրոնական հողի վրա է արվում, թե այդպես է ներկայացվում հանրության ուշադրությունը շեղելու համար: Այս թեմայի շուրջ խոսեցինք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական բաժնի համակարգող Արմինե Սադիկյանի հետ:
Արմինե Սադիկյանը նշում է, որ նման պատճառով ինքնասպանությունների մասին քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները, ըստ էության, բացակայում են: «Պետք է փաստել, որ մինչ այժմ, մեր ունեցած տվյալներով, կրոնական փոքրամասնությանը պատկանելու հիմքով ինքնասպանության որակումը այնքան էլ տարածված չէ, եւ հետեւաբար սխալ կլինի ասել, որ զինված ուժերում ինքնասպանության դեպքերը կապված են կրոնական համոզմունքների հետ»-նշում է Արմինե Սադիկյանը:
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2010-2014 թթ-ի ընթացքում իրականացրած՝ զինված ուժերում մահվան դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության, 21 ինքնասպանության դեպքից միայն երկու դեպքում են փորձել որպես պատճառ համարել կրոնական պատկանելությունը, սակայն նույնիսկ այդ երկու դեպքում էլ քննությամբ որեւէ կապ կրոնական պատկանելության ու ինքնասպանության միջեւ բացակայել է: «Որպես օրինակ կարող եմ բերել այն երկու դեպքերը, որոնց վերաբերյալ կրոնական պատկանելությունը այս կամ այն կերպ հիմք է համարվել ինքնասպանության համար: 2011թ-ին տեղի ունեցած Արթուր Գրիգորյանի դեպքը, երբ ըստ ոչ պաշտոնական տվյալների, Արթուրի մայրը «Եհովայի վկա» կազմակերպության անդամ է եղել: 2011 թվականի օգոստոսի 29-ին Արաբկիր վարչական շրջանի «Մալականի այգի» կոչվող տարածքում երակները կտրված, անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Արարատի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 19-ամյա Արթուր Գրիգորյանի մարմինը, սակայն գործի առթիվ չէր հարուցվել քրեական գործ: Հետեւաբար, նրա՝ կրոնական փոքրամասնությանը պատկանելու հարցը չի էլ քննարկվել:
Երկրորդ դեպքը Մանուչար Մանուչարյանի մասին է, որի մահվանից հետո մորը հայտնել էին, որ որդին իբր ինքնասպանություն է գործել այն պատճառով, որ եղել է «աղանդավորական» շարժման անդամ: Սակայն մայրը ժխտել է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր: Ըստ հարազատների՝ իրենք տեղեկություն են ստացել, թե իբր դիակի մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը կապվել է աղանդավորական երեւույթների հետ», -խոսելով օրինակների մասին՝ ասում է Արմինե Սադիկյանը: Ըստ նրա, քրեական գործերի տվյալները որեւէ կերպ այս երկու դեպքերում էլ չեն հաստատում ինքնասպանության՝ որպես կրոնական փոքրամասնություն լինելու պատճառը եւ երկու դեպքում էլ նման կարծիք հայտնել են դեպքը տեղի ունենալուց շատ քիչ հետո:
Արմինե Սադիկյանի կարծիքով, ինքնասպանության պատճառներն իրականում որեւէ կապ չունեն կրոնական համոզմունքների կամ դավանանքի հետ: Ըստ նրա, եթե կրոնական պատկանելությունը համարենք որպես ինքնասպանության հիմք, ապա ավելի շուտ պետք է դիտարկվի Հայ առաքելական եկեղեցուն պատկանելու հանգամանքը որպես ինքնասպանության վարկածի հիմք, քանի որ ինքնասպան եղածների մեծ մասը հենց Հայ առաքելական եկեղեցու անդամներ են հանդիսանում:
«Ես առավել հակված եմ կարծելու, որ իրական պատճառները կապված են զինված ուժերում սպանությունները կոծկելու, սպանություն կատարողներին թաքցնելու, կոռուպցիոն դրսեւորումները քողարկելու հետ»,- նշում է Արմինե Սադիկյանը:
Աղբյուրը՝ www.asparez.am