Կառավարությունն ուզում է ապահովել զորակոչը, հայրենիք վերադարձնել ուսանողներին, բայց «ունևորների» օրենք է ընդունում . Սաքունց
06:14, January 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԿառավարությունը, «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ նախաձեռնելով և դրանում «գրավի» ինստիուտը ներդնելով , մի կողմից՝ փորձում է բանակի համալրման խնդիր լուծել, մի կողմից՝ հայրենիք վերադարձնել արտասահմանում ուսանող երիտասարդներին, բայց դա օրենք է «ունևորների մասին»:
Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Խնդիրն այն է, որ ունևորներն են օգտվելու այդ հնարավորությունից, ովքեր հնարավորություն ունեն դրամ, անշարժ կամ շարժական գույք գրավ դնել: Այսինքն՝ սա սոցիալական բևեռացմամբ պայմանավորված օրենք է, որից կարող են օգտվել միայն ունևոր մարդիկ»,-ասաց իրավապաշտպանը:
«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքի նախագիծը , որը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգի նախագծում, նախատեսում է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում: Այդ փոփոխություններով սահմանվում է, որ ուսումը շարունակելու համար միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին հետայսու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի միայն «Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած դեպքերում և կարգով» , որը ոչ այլ ինչ է, քան՝ ուսանողի արտավորությունների կատարումն ապահովող գրավի ներդրում»:
Կից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել համապատասխան օրենսդրական հիմքեր՝ օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով՝ ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելն ուղղված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն: Միաժամանակ՝ զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:
Կառավարությունը վերլուծել է իրավիճակը և գնահատել, որ վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշիռ մասն արական սեռի քաղաքացիներ են, որ «երևույթի շարժառիթը հիմնականում հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաև՝ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»:
Մինչդեռ ըստ Կառավարության՝ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանգիր կնքելով՝ տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու և ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար:
Անդրադառնալով սույն օրինագծին՝ իրավապաշտպանը նշեց, որ չի ողջունում որևէ սահմանափակում-պարտադրանքի ուժ մտցնող օրենսդրության ընդունումը:
«Հիմարություն է՝ մարդուն զրկել ուսում ստանալու հնարավորությունից: Ես, որպես ասվածի ամենավառ ապացույց, կարող եմ բերել աշխարհռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի դեպքը, երբ բանը հասավ նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուն, թե իբր՝ նա զինվորական ծառայությունից խուսափել է»,-հավելեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2014/01/22/zinapartutiun/