Կարեն Անդրեասյան. «Մարդիկ պետք է իմանան այս գրասենյակների տեղը, կարողությունները, վստահեն ու դիմեն»
14:33, June 6, 2012 | ՆորություններԱպրիլի 2-ից Վանաձորում գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ մինչ օրս 34 դիմում է գրանցվել, ԱԺ ընտրությունների օրն էլ՝ ստացված 28 ահազանգից 25-ի դեպքում կատարվել են արագ արձագանքման այցեր:
Այսօր, գրասենյակի բացման պաշտոնական արարողության ժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով մարզերում գրասենյակներ ունենալու անհրաժեշտությանը, նշեց, որ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, խնդրները շատ են ու լուծման կարիք ունեն:
ՀՀ 6 քաղաքներում` Վանաձոր, Գյումրի, Իջեւան, Գավառ, Եղեգնաձոր, Կապան, բացված գրասենյակներն էլ հույս են ներշնչում, որ այսուհետ հասարակ քաղաքացին իր խնդրով Երեւան հասնելու փոխարեն, իրավական աջակցություն կգտնի հենց իր մարզի տարածքում:
Մարզային գրասենյակները բացվել և գործում են «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:
Թեեւ ծրագիրը ստեղծված է ընտրական իրավունքի վերականգնման համար, այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միտված է այլ ուղղություններով էլ աշխատել:
«Մենք ակնկալում ենք, որ ֆինանսական աջակցության 19 ամիսներից հետո, մեր պետությունը մարդկանց պաշտպանելու, օգնելու ուղղությամբ սուղ միջոցներից կկարողանա հայթայթել, գտնել մի հատված եւ իր աջակցությամբ նպաստել, որպեսզի այս ծրագիրը լինի երկարաժամկետ»,-պետական աջակցության կարեւորության մասին խոսելով` նշեց Կարեն Անդրեասյանը:
Գնահատելով Վանաձորում բացված գրասենյակի երկամսյա աշխատանքը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ համեմատած մյուս մարզային գրասենյակների` տեղի գրասենյակը աչքի է ընկել ակտիվությամբ:
«Մարզի ակտիվությամբ է պայմանավորված, որ այստեղ ավելի ակտիվ են աշխատել, քանի որ մենք բոլորս գիտենք, որ այստեղ քաղաքացիական հասարակությունը համեմատական առումով ակտիվ է եղել, եւ դրանով է պայմանավորված մարդկանց իրավագիտակցության մակարդակը»:
Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ, սակայն, գործերի եղած քանակը հստակ պատկերացում չի կարող տալ մարզերում առկա խնդիրների մասին:
«Վստահ ենք, որ 30- 40 դեպքը շատ քիչ է որեւէ մարզի համար մարդու իրավունքների խախտման իմաստով, որովհետեւ ցանկացած վիճակագրություն ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում` ոստկանություն, դատախազություն, կադաստր, քաղաքապետարան եւ այլն, խնդիրները շատ ավելի շատ են, եւ ընդամենը մարդիկ պետք է իմանան այս գրասենյակների տեղը, կարողությունները, վստահեն ու դիմեն»,- բացատրում է նա:
Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա ապրիլի 16-ին կատարված հարձակմանը, Կարեն Անդրեասյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ ի սկզբանե հայտարարություններով դատապարտել են դեպքը, եւ ամեն ինչ անելու են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Որեւէ մարդու վրա հարձակումը արդեն իսկ վայրիություն է եւ քրեորեն պատժելի, իսկ իրավապաշտպանի եւ լրագրողի վրա կատարված բռնությունը` տասնապատիկ ավելի դատապարտելի է»,-ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Գրասենյակի բացմանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ինչպես նաեւ ԱԺ ընտրություններում թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/06/06/78844/