Կարծիքներ Վանաձորի քաղաքապետի աշխատանքի մասին
13:59, October 1, 2013 | Նորություններ | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական վերահսկողությունԿամ «կաժդիյ ռազ՝ կակ պեռվիյ ռազ»
Սամվել Դարբինյանը 2012 թ. սեպտեմբերի 9-ին հինգերորդ անգամ վերընտրվեց Վանաձորի քաղաքապետ: Այս առիթով փորձեցինք Վանաձորի մի քանի ՀԿ-ներից պարզել, թե ինչ կարծիք ունեն Ս. Դարբինյանի վերջին մեկ տարվա գործունեության մասին:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով, եթե Ս. Դարբինյանն առաջին անգամ ընտրված լիներ, գուցե եւ կարելի կլիներ փորձել ինչ-որ գնահատականներ տալ, բայց խոսքը վերաբերում է մարդու, որն արդեն հինգերորդ անգամ է ընտրված. «Մենք քաղաքապետի գործունեության մեր գնահատականը տվել ենք մեր քառամյա ծրագրի վերլուծության ժամանակ, եւ այն խնդիրները, որոնք մենք բացահատել էինք այդ ուսումնասիրության ընթացքում, դրանցից լավ գնահատական չկա: Միակ լավ բանը, որ կարող եմ արձանագրել, այն է, որ Ս. Դարբինյանը, այնուամենայնիվ, հրապարակային ներողություն խնդրեց իր ընտրողների նկատմամբ անհարգալից վերաբերմուքնի համար, որը չենք տեսել մյուս պաշտոնատար անձանց կողմից. դա գնահատելի արարք է: Իրականում նա փոխե՞լ է իր կարծիքը, թե ոչ, ես չգիտեմ, բայց գոնե հրապարակավ ներողություն է խնդրել: ՏԻՄ ղեկավարը չի կարող անել այլ բան, քան որոշված է քաղաքական իշխանության կողմից: Ինքը ավելի շատ գտել է հարմարվելու եւ այդ համակարգի շրջանակներում տեղավորվելու տարբերակը, եւ իրեն հաջողվել է հարմարվել, որովհետեւ տեսնում ենք, որ Գյումրու նախկին քաղաքապետը չկարողացավ տեղավորվել: Նախակրթական համակարգում, համենայն դեպս, ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում, ցավոք սրտի խնդիրների ծավալը շատ մեծ է: Ես կուզենայի բերել Լեռնապատ համայնքի օրինակը. բնակիչները երկարատեւ բողոքեցին, եւ համայնքի ղեկավարը փոխվեց, այսինքն համայնքի կամքի արտահայտությունը, այնուամենայնիվ, իրականություն դարձավ, որը Վանաձորում չկա, այսինքն՝ արդյո՞ք պետք է ամեն ինչում պատասխանատվությունը ուղղել այնտեղ, որտեղ քաղաքապետն է: Ինձ համար անահասկանալի է համայնքի բնակչության հարմարվողականությունը: Պետք է ոչ միայն գնահատել, թե ինչ է արել Դարբինյան Սամվելը, այլ պետք է նաեւ գնահատել, թե ինչ է արել համայնքը, ինչ խնդիրներ է համայնքը բարձրացրել, ինչ պահանջներ է ձեւակերպել»:
«Խաղաղության Երկխոսություն» ՀԿ ի նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով, խնդիրները Վանաձորում դեռեւս շատ են եւ ըստ քառամյա ծրագրերի՝ 2008-2012 եւ 2012-2016 թվականների անելիքները կրկնվում են, հետեւաբար խնդիրները կան, սակայն 8 տարի է, չեն փոխվում. «Քաղաքապետի եւ քաղաքապետարանի մասին հենց մտածում եմ, հիշում եմ Ս. Դարբինյանի «անգիտակից վանաձորցիներին». հենց տարվա սկզբից իր առաջին քայլը էդ է եղել, որ ինքը իր քաղաքացիներին համարել է անգիտակից, երկրորդ միտքը, որ գալիս է, ձմռանը Վանաձորի տեսքն էր, երբ քայլելու տեղ չունեինք: ՏԻՄ-ի թափանցիկությանը եթե անդրադառնանք, ապա ամեն տարի գրվում է, որ պետք է համակարգչային տեխնիկա ձեռք բերել, ամեն տարի ձեռք են բերում, կամ թարմացնում են, որպեսի բարձրացնեն թափանցիկությունը, բայց դրանով ՏԻՄ-ի աշխատանքների թափանցիկությունը չի բարձրանում: Հենց նույն քառամյա ծրագրում պետք է լինի հաշվետվություն, թե անցած քառամյա ծրագրից ի՞նչ է իրականցվել, ինչը՝ ոչ, սակայն դա չկա: Կայքում միայն համայնքի ղեկավարի հաշվետվությունն է, բայց էլի շատ «լղոզված» հաշվետվություն է: Պետք է հիշենք, որ այդ քառամյա պլանը ոչ մի տեղ չի քննարկվում, որեւէ հասարակական քննարկում չի լինում: Իրականում պետք է քառամյա պլանը բխեր համայնքի պահանջմունքներից,բայց որեւէ կերպ համայնքի պահանջմունքները այդտեղ ներառված չեն: Նույն քառամյա ծրագրում տարեկան մեկ միլիոնի չափով նախատեսված է համայնքի կարիքների բացահայտման համար, եթե այդ վերլուծությունը իրականացվում է, ապա որտե՞ղ են դրա տվյալները, գուցե արվել է վերլուծություն, սակայն ինձ կամ իմ գործընկերներին ոչ ոք չի հարցրել դրա մասին: Կամ ասֆալտապատումը. անձրեւաջրերի վրա ասֆալտ է արվում, եւ եթե բոլորս գիտենք, որ այդպես է, ինչպես է, որ հենց նույն ֆիրման է տենդերը շարունակաբար շահում եւ նույն ասֆալտապատումը անում: Եթե բոլորս դժգոհ ենք էդ ասֆալտի որակից, եթե այդ ֆիրման չի բավարարում, ապա ուրիշ ֆիրմայի հետ աշխատեք: Ինձ համար առաջնային խնդիրներից է ժամանակավոր կացարանների բնակիչներին բնակարաններ հատկացնելը: Կանոնակարգված չէ, թե ինչ հերթով են տնակային ավանների բնակիչներին տրամադրելու բանակարան, այսինքն՝ այդ գործողությունները համակարգված բնույթ չեն կրում, այս խնդիրը լուծված չէ: Առաջնային է նաեւ աղբահավաքումը. էլի թղթի վրա շատ սիրուն գրված է, որ աղբը հավաքվում է, բայց երբ դուրս ենք գալիս փողոց, տեսնում, թե ինչ վիճակ է քաղաքում տիրում, հասկանում ենք, որ ոչինչ արված չէ: Հա, հասկանում եմ, որ դժվար է բյուջե ձեւավորել, եւ ինչպես քաղաքապետն է ասում՝ ռեսուրսներ չունենք, բայց, կարծում եմ, ավելի կարեւոր են նշված խնդիրները, քան քաղաքապետարանի բոլոր սենյակների համար համակարգիչներ ձեռք բերելը, ամեն տարի թարմացնելը: Պետք է հասկանալ, որ եթե բոլոր սենյակներում համակարգիչներ ունեցան, դա չի նշանակում, թե թափանցիկությունը կբարձրանա: Թող այդ գումաը, որը համայնքային բյուջեից է փոխանցվում, տրամադրեն ուրիշ բանի, որը, իրոք, ավելի կարեւոր է»:
«Ոսկե Միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոնի նախագահՀովհաննես Ղազարյանը քաղաքապետ Ս. Դարբինյանի աշխատանքները չզատեց քաղաքապետարանի ընդհանուր աշխատանքից եւ գնահատեց երկուսը միասին. «Կան մի շարք խնդիրներ, թվեմ մի քանիսը. քաղաքապետի եւ ընդհանրապես քաղաքապետարանի աշխատանքներում մեծապես պակասում է թափանցիկությունը, օրինակ՝ ինչու հանրությանը չի ներկայացվում քաղաքապետի հրամանները, որոշումները, քաղաքապետարանի կնքած պայմանագրերի լրիվ փաթեթը: Քաղաքի բյուջեն սխալ է կառուցված, այն պրիմիտիվ՝ առանց բյուջեի ծրագիր է հիշեցնում: Որպես օրինակ բերեմ փողոցների ասֆալտապատումը. մենք գտնում ենք, որ բյուջեում պիտի հստակ նշված լինի, թե տվյալ տարվա որ ժամանակահատվածում որ փողոցը պիտի ասֆալտապատվի, որքան գումար է անհրաժեշտ, այդ գումարի չափի հիմնավորումը, աշխատանքի քառակուսի մետրի ծավալը եւ այլն: Քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները չեն հանդուրժում նույնիսկ ամենաթեթեւ քննադատությունը: Արդարացի կլիներ, որ քաղաքապետի եւ քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների ունեցվածքն ու եկամուտների չափը ներկայացվեր հանրությանն ու պարբերաբար թարմացվեր»:
Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Ս. Դարբինյանի՝ սեպտեմբերի 9-ին քաղաքապետ վերընտրվելու եւ կատարած աշխատանքի մասին գրվում է. «2012 թվականի սեպտեմբերի 9-ին տեղին ունեցան Վանաձորի ՏԻՄ ընտրություններ: Սամվել Դարբինյանը, ստանալով 21 հազարից ավելի կողմ քվեներ, հինգերորդ անգամ ընտրվեց Վանաձորի քաղաքապետ: Փաստվեց, որ քաղաքային տնտեսության զարգացումն ընթանում է քաղաքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսված միջոցառումների եւ ծրագրված աշխատանքների ժամանակացույցին համապատասխան, ինչը թույլ է տալիս վստահորեն ասել, որ առաջիկայում էլ քաղաքային տնտեսության զարգացման բավարար տեմպերը կպահպանվեն»:
Վանաձորի քաղաքապատերանի պաշտոնական կայքի եւ քաղաքի երեք ՀԿ-ների կարծիքները փաստորեն շատ տարբեր են, մի կողմը արձանագրում է, որ քառամյածրագրով նախատեսված աշխատանքներն արվել են, իսկ մյուս երեք կողմերի կարծիքով, դրանք ոչ միայն չեն արվել, այլեւ կրկնվում են արդեն ութ տարուց ավելի:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/karciqner_vanadzori_qaxaqapetiashxatanqi_masin-hy/