Կոռուպցիան և մարդու իրավունքները
00:00, December 10, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Կոռուպցիայի կանխարգելում2009 թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ քննարկում ”Կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա” թեմայով:
Քննարկումը նպատակ ուներ հասարակությանն իրազեկել Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի մեկամյա գործունեության և 2009 թ. մարդու իրավունքների ընդհանուր վիճակի մասին:
Քննարկմանը մասնակցում էին Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Տաշիրի զանգվածային լրատվամիջոցների, Լոռու մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Քննարկման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նախ շնորհավորեց մասնակիցներին մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ և ավելացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը յուրաքանչյուր քաղաքացու կողքին է:
Ա. Սաքունցը նշեց, որ մեր հանրապետությունում խախտվում են քաղաքացիների կյանքի և ազատության իրավունքները, քանի որ Հայաստանում դեռ կան քաղբանտարկյալներ, ինչպես նաև չբացահայտված է մնում 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը:
2009 թ. հունվարից մինչև դեկտեմբերի 10-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի ներկայացուցչություններ դիմել են ավելի քան 310 քաղաքացիներ: Դրանցից կոռուպցիա և կոռուպցիոն ռիսկեր պարունակել են մոտ 280 քաղաքացիների կողմից բարձրացված բողոքները: Կոռուպցիա և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բողոքները հիմնականում վերաբերել են իրավապահ մարմինների գործողություններին, բողոքներ են ներկայացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների, Դատական ակտերի հարկադիր կատարման, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների կողմից կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի դեպքերով:
Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված առանձին միջոցառումները՝ զորակոչիկների, թմրամիջոց գործածողների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
2009 թ. հունիսից նոյեմբեր ամիսների ընթացքում մարդու իրավունքների վիճակի առանձին ուսումնասիրություն է իրականացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում: Իրականացված ծրագրերից առանձնացվեց հատկապես Հայաստանի Հարապետությունում գործող թվով 8 նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մոնիթորինգի իրականացումը, քանի որ նմանատիպ ուսումնասիրություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվել:
Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Էդիկ Հովսեփյանը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այն կազմակերպությունն է, հանձինս որի պետական մարմինները հակակշիռ են տեսնում և գործունեությունը ընդունելի են համարում:
Ամբողջ տարվա ընթացքում կազմակերպությունը ավելի քան 40 հայցադիմում է ներկայացրել դատարան:
Կազմակերպությունը աննախադեպ դատական գործերի հեղինակ է, ինչպիսին են` ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, Լոռու մարզի դատախազության անգործությունը վերացնելու վերաբերյալ հայցապահանջները:
Սրանք այն նախադեպերն են, որոնք նպաստում են համակարգային փոփոխությանը և հույս ունենք, որ մի օր Հայաստանում մարդու իրավունքները չեն խախտվի: