Կոռուպցիան և մարդու իրավունքները
00:00, December 1, 2009 | Քննարկումներ | Կոռուպցիայի կանխարգելում2009 թ. նոյեմբերի 7-ին, 9-ին և 31-ին Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում կայացան հասարակական քննարկումներ, ուղիղ եթերներ “Կոռուպցիան և մարդու իրավունքները” թեմայով, որոնք կազմակերպվել էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Քննարկումները և ուղիղ եթերները նպատակ ունեին շարունակելու քննարկումների և ուղիղ եթերների այն շարքը, որոնք նվիրված էին առանձին իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը Լոռու մարզի 5 քաղաքներում:
Քննարկումներին և ուղիղ եթերներին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Քննարկումներին ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ, տեղական հեռուստատեսությունների ներկայացուցիչներ:
Ա. Սաքունցը քննարկումների և եթերների ընթացքում ներկայացրեց` ինչ է կոռուպցիան և որն է կոռուպցիայի և մարդու իրավունքների կապը, կոռուպցիան որպես մարդու իրավունքների խախտում, ինչպես նաև կազմակերպության փորձը Լոռու մարզում կոռուպցիայի կանխարգելման գործընթացում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կոռուպցիայի դեմ պայքարում:
Ա. Սաքունցը նշեց, որ չկա այնպիսի մի կոռուպցիոն ռիսկ, որը Հայաստանի Հանրապետությունում առկա չլինի և ավելացրեց, որ այն երկրներում, որտեղ կա կոռուպցիա և խախտվում են մարդու իրավունքները, զարգացում չի կարող տեղի ունենալ:
Նա պատասխանեց քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ: Քաղաքացիների կողմից ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին սեփականության իրավունքի, առուվաճառքի պայմանագրի կնքման, բուհերում և դպրոցներում ուսում ստանալու ընթացքում ի հայտ եկած կոռուպցիոն երևույթներին:
Նույն թեմայով նախատեսվում է կազմակերպել ևս մեկ հասարակական քննարկում և ուղիղ եթեր Ալավերդի քաղաքում և մեկ ուղիղ եթեր Վանաձոր քաղաքում:
Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում:
“ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: