Կոստանյանը ի պաշտոնե պարտավոր է. Սաքունցն առաջարկել է Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին կանչել հարցաքննության Մարտի մեկի գործով
08:51, October 19, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գրավոր առաջարկություն է ներկայացրել, որտեղ ներկայացված է, որ 2008 թ-ի Մարտի մեկը բացահայտելու եւ 10 զոհերի իրական մեղավորներին բացահայտելու համար անհրաժեշտ է հարցաքննել այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր անձանց:
«Խոսքը վերաբերում է Մարտի մեկի հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ քայլեր կատարելու անհրաժեշտության մասին եւ այդ ժամանակ ով որ եղել է որոշում կայացնողը, բոլոր պաշտոնատար անձինք, նրանց ցանկի մասին է խոսքը: Եթե նրանք են կատարել… եւ այո, նրանք են կատարել, եւ նրանց էլ պիտի հարցաքննեն: Ես առաջարկում եմ իդեալական ընթացակարգը, որ իրենք պետք է կատարեն»:
Ա. Սաքունցը գրավոր նման մի առաջարկություն էլ ուղարկել է ՀՔԾ-ին, հարցաքննվողների ցուցակում են նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները:
«Բոլորի անունները նշված են: Բոլորը՝ ոստիկանապետ, ԱԱԾ պետ, ՊՆ, նաեւ Քոչարյան ու Սերժ Սարգսյանը, բոլորը պիտի հարցաքննվեն…:
Գրավոր եմ ես դիմել եւ բնականաբար իրենք էլ գրավոր են պատասխանելու, ես ներկայացրել եմ իմ առաջարկությունները եւ պահանջները, եւ իհարկե իրենք պարտավոր են պատասխանելու ինձ:
Ուզում է նորովի սկսի Մարտի մեկի գործը, ուզում է հնովի սկսի, Կոստանյանը պետք է կատարի նաեւ քննչական գործողությունները, որը օբյեկտիվորեն բխում է Մարտի մեկի հանցագործության բացահայտման տրամաբանությունից: Որովհետեւ զինված ուժեր, ոստիկանական ուժեր, հետապնդումներ, ձերբակալություններ, բռնություններ՝ այդ ամենը կատարվել է այդ մարդկանց պաշտոնավարման ժամանակ»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե որքանով է իրատեսական այն, որ Ս. Սարգսյանի կողմից նշանակված մարդը նրան կկանչի հարցաքննության, Ա. Սաքունցը պատասխանեց.
«Մի բան հասկանում եմ, որ կարող է ինքը նշանակված է այդ նույն մարդկանց կողմից, բայց այստեղ խնդիրը սահմանադրական նորմի մասին է, օրենքի գերակայության եւ իրավունքի գերակայության մասին է: Եթե ինքը պնդում է, որ ինքը քաղաքական մարմին չէ, ուրեմն պետք է փորձի այդ մոտեցմամբ գործել:
Իմ պահանջը ամբողջովին տեղավորվում է իրավական ընթացակարգերի տրամաբանության մեջ, թող պատասխանեն մեզ, որից հետո կդիմենք դատարան եւ կսկսվի դատական գործընթաց…»:
Աղբյուրը՝ http://www.galatv.am/news/view/artur-saqunc_1810.html