Հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս
00:00, October 8, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Կոռուպցիայի կանխարգելում, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն2009 թ. հոկտեմբերի 8-ին Երևանի ”Իրավունք դե Ֆակտո” ակումբում տեղի ունեցավ Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս:
”Հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեության նպատակն առկա կոռուպցիոն ռիսկերի ախտորոշումն է: Հաջորդ քայլը լինելու է կոռուպցիայից բուժումը”,-գտնում է Լոռու մարզի շահերի պաշտպանության և աջակցության /հակակոռուպցիոն/ կենտրոնի համակարգող Արթուր Սաքունցը:
Երևանում, Գյումրիում և Վանաձորում 2008 թվականի հոկտեմբերի 8–ից գործում են հակակոռուպցիոն կենտրոններ, որոնց հիմնական նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է և դրանց վերաբերյալ քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը:
Կենտրոններում քաղաքացիների կոռուպցիոն բողոքներին տրամադրվում է ամենօրյա անվճար իրավական աջակցություն, ներառյալ դատական պաշտպանություն:
Մեկ տարվա ընթացքում Երևանի և Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն դիմել է 211-ական քաղաքացի, Շիրակի մարզում` 194: Այդ դիմումներից որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր Երևանում ընդունվել է 96 դիմում, Լոռու մարզում` 105, իսկ Գյումրիում` 30:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից դատախազություն ներկայացվել է 18 հաղորդում, ևս 25 հայցադիմում ներկայացվել է դատարան, Երևանում 17 հաղորդում ներկայացվել է դատախազություն, 12 հայցադիմում` դատարան, Շիրակի մարզում` 10 հաղորդում` դատախազություն, 22 հայցադիմում` դատարան:
Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լևոն Բարսեղյանը, ներկայացնելով կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման կապակցությամբ առկա հաջողությունները, նշում է, որ դրանք համակարգային փոփոխության չեն հանգեցնում:
Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Սոնա Այվազյանը նշում է, որ պետական կառույցները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պատրաստակամություն չեն դրսևորում: Այս հանագամանքը հնարավորություն չի տալիս կենտրոնների աշխատանքները ամբողջությամբ դրական գնահատել:
Երեք կենտրոնների գործունեության ընթացքում ծագած խնդիրներից մեկը առնչվում է քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ժամկետներին: ”Շատ հաճախ մենք հնարավորություն չենք ունենում բողոքարկել այս կամ այն կոռուպցիոն ռիսկ պարունակող պաշտոնատար անձի գործողությունները, քանի որ դրանց համար մեր օրենսդրությամբ սահմանված ժամկետները բաց թողնված են լինում”,-նշում են կենտրոնների համակարգողները:
Նրանք միաժամանակ նշում են, որ պետական կառույցների վերաբերմունքը կենտրոնների նկատմամբ փոխվել է: Նրանք ավելի զգուշությամբ են գործում` համոզված լինելով, որ կենտրոնները պայքարելու են մինչև վերջ:
Երեք կենտրոնների համակարգողները համոզված են, որ իրենց միասնական աշխատանքի արդյունքում հաջորդ տարի ավելի շոշափելի արդյունքներ կունենան: