Հակակոռուպցիոն կենտրոն Լոռու մարզում
00:00, December 11, 2008 | Մամլո հաղորդագրություններ | Կոռուպցիայի կանխարգելումԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնը իր դռները բացեց Լոռու մարզի բնակիչների առջև:
2008թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների միջազգային օրը` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն»/«Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն»-ի պաշտոնական բացումը:
Կենտրոնը գործարկվում է «Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
Բացմանը մասնակցում էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ՀԳՄԾ-ի համակարգող Ս. Սարգսյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վ.Հոկտանյանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հրավիրվել էին նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնք այդպես էլ չհամարձակվեցին ներկայանալ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրները և նախատեսված գործողությունները: Կենտրոնը կոռուպցիայից տուժած քաղաքացիներին կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն, կիրականացնի խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Քաղաքացիներին անանուն և անվճար իրավախորհրդատվություն կտրամադրվի 0 8000 1112 թեժ հեռախոսագծի միջոցով:
Ա. Սաքունցը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ պայման է համարում, որպեսզի հասարակությունը լինի իրազեկ և ակտիվ մասնակցություն ունենա կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում:
Հակակոռուպցիոն կենտրոնը իր մասնաճյուղերը կունենա նաև Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում:
Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Վ. Հոկտանյանը կարևորեց Լոռու մարզում Հակակոռուպցիոն կենտրոնի բացման անհրաժեշտությունը: Նշեց, որ մեծ է հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու գործում, հատկապես այն ՀԿ-ների, որոնք փորձ ունեն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում և ակտիվ գործունեություն են ծավալում: Այս պատճառով էլ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան կազմակերպությունը Լոռու մարզում որպես գործընկեր ընտրել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: «Համոզված ենք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, քանի որ ծրագրի ավարտից հետո կազմակերպությունը կարող է շարունակել իր հակակոռուպցիոն գործունեությունը»,-նշեց Վարուժան Հոկտանյանը:
«Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության ՀԳՄԾ-ի համակարգող Ս. Սարգսյանը հայտնեց, որ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում շահերի պաշտպանության նմանատիպ կենտրոններ նախատեսվում է բացել հանրապետության բոլոր մարզերում: Ս. Սարգսյանը հույս հայտնեց, որ ստեղծված Հակակոռուպցիոն կենտրոնների համակարգված աշխատելու դեպքում կառուպցիոն ռիսկերը կնվազեցվեն ամբողջ հանրապետությունում: Ներկայումս Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ բացված են Վանաձորում, Իջևանում, Գյումրիում, Ղափանում և Երևանում:
Ա. Սաքունցը, անդրադառնալով մարդու իրավունքների միջազգային օրվան, նշեց, որ հակակոռուպցիոն կենտրոնի ձևավորումը ևս մեխանիզմ է մարդու իրավունքների պաշպանության համար: Նա ներկայացրեց նաև 2008թ. ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները: Միաժամանակ Արթուր Սաքունցը կոչ արեց բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին չհուսալքվել, չհիասթափվել, այլ ավելի վճռական լինել Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը պաշտպանող պետական համակարգի ձևավորման համար պայքարում:
Կենտրոնի և գործունեության մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Անի Ղամբարյանին:
Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 0322 4 22 68, www.hcav.am, www.hrlori.am:
մեծ նվիրումով կմասնակցեմ այս կարևոր գործին:
ես սպասում եմ ձեր պատասխանին