Հաղորդում ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
00:00, December 8, 2008 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողություն2008թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի Բագրատաշեն, Պտղավան և Դեբեդավան սահմանային համայնքներում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից
քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ
2008թ. նոյեմբերի 30-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հեռախոսային ահազանգ ստացավ Բագրատաշեն մաքսակետի հարակից սահմանամերձ բնակավայրերում իրավապահ մարմինների կողմից միաժամանակյա և զանգվածային խուզարկությունների իրականացման վերաբերյալ:
Նույն օրը կազմակերպության երեք աշխատակիցներ այցելեցին Տավուշի մարզի Բագրատաշեն, Պտղավան և Դեբեդավան սահմանային համայնքներ:
Քաղաքացիների զգալի մասը վախեցած էր և խուսափում էր պատմել տեղի ունեցածի մասին: Հաշվի առնելով այս հանգամանքը` հաղորդման մեջ ներկայացվում են բնակիչներից մի քանիսի հետ ունեցած հարցազրույցների արդյունքները:
Այցելության ընթացքում կազմակերպության աշխատակիցները պարզեցին հետևյալը.
Պտղավան համայնք
Պտղավան գյուղի 2-րդ փողոցի, 25 տան բնակչուհու` Բելլա Ղևոնդովայի տուն առավոտյան 8:30 այցելել են քաղաքացիական համազգեստով 10-12 մարդ, որոնք ներկայացել են որպես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Այն հարցին, թե ինչու են եկել, նրանք հայտնել են, որ եկել են խուզարկության: Չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, բացի վկայականից:
Տան տիրուհուց հետաքրքրվել են, թե վերջինս իր տանը պահում է արդյոք հարևան Վրաստանի ադրբեջանական համայնքների բնակիչներին պատկանող իրեր: Ասել են, որ տեղեկություն ունեն, որ իրենց տանը թուրքերի ապրանք է պահվում:
Տանտիրուհին պատասխանել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ինքը պահում է թուրքերի ապրանքը:
Այնուհետև խուզարկել են տունը և ավտոտնակը: Ապրանքը եղել է ավտոտնակում: Այնտեղից հայտնաբերել են թվով 45 պարկեր, որոնց մեջ եղել են կանացի և տղամարդու տարբեր տեսակի հագուստներ: Ապրանքն ամբողջությամբ առգրավվել է: Միաժամանակ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տանտիրուհուն հարցրել են, թե արդյոք տանը զենք ունի: Բ. Ղևոնդովան պատասխանել է, որ չունի:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տեղում կազմել են խուզարկության արձանագրություն, որի պատճենը տվել են տանտիրուհուն:
Առգրավված ապրանքները կնքել են, բարձել «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու տարել` զգուշացնելով, որ ապրանքների տերերի հայտնվելու դեպքում տանտիրուհին զանգահարի իրենց: Ըստ տանտիրուհու տեղեկատվության` առգրավված ապրանքը տարել են Նոյեմբերան:
Ըստ խուզարկության արձանագրության` խուզարկությունն իրականացվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, մայոր Ա. Սիրականյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԾ Տավուշի մարզի մ/վ ավագ օպեր-լիազոր մայոր Խ. Կոստանդյանի և Նոյեմբերյանի բաժնի հերթապահ պարետ Գ. Աթոյանի մասնակցությամբ: Նշված են նաև ընթերականների անուն ազգանունները:
Խուզարկության արձանագրության մեջ նշվում է` «….պահպանելով ՀՀ Քր. դատ օր-ի 228, 230, 231 հոդվածների պահանջները, համաձայն 2008թ. նոյեմբերի 28-ի որոշման` խուզարկություն կատարեցի»:
Արձանագրության մեջ սկզբում նշվում է, որ խուզարկությունն իրականացվում է Պտղավան 2-րդ փողոց, տնակ 25 հասցեում, այնուհետև մասնավորեցվում` «խուզարկվող բնակարանում»: Մինչդեռ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն` բնակարանի խուզարկությունը կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ, որը տվյալ պահին խուզարկություն իրականացվող բնակարանի վերաբերյալ չի կայացվել:
Դրանից մի քանի օր առաջ ոստիկանության և հարկային ծառայության աշխատակիցները ևս այցելել են Պտղավան, հետաքրքրվել, թե արդյոք Բ. Ղևոնդովան իր տանը պահում է Վրաստանի ադրբեջանաբնակ համայնքների բնակիչներին պատկանող մաքսանենգ ապրանքներ:
Բ. Ղևոնդովան զարմանքով հայտնել է, որ մոտակա շուկայում Վրաստանի սահմանակից ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչները ազատ առևտուր են իրականացնում: Եթե իրենց ավտոտնակում պահվող ապրանքները մաքսանենգ են, ապա ինչպես են դրանք անցկացվել սահմանով:
Տանտիրուհին միաժամանակ հայտնել է, որ ըստ ապրանքների տերերի` վերջիններս օրինական են հատել սահմանը, որի վերաբերյալ նրանց անձնագրերում կան համապատասխան նշումներ:
Պտղավան գյուղի 2-րդ փողոցի 20 շենքի բնակարան 1 հասցեում բնակվող Ծովինար Գրիգորի Մուրադյանի հավաստմամբ` նույն օրը առավոտյան ժամը 9.00-9.30 սահմաններում այցելել են իրենց տուն /թեև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության աշխատակիցների կազմած խուզարկության արձանագրության համաձայն` նրա բնակարանում խուզարկությունը սկսվել է ժամը 12.50 րոպեին/:
Ըստ Ծ. Մուրադյանի` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ցույց են տվել ինչ-որ փաստաթուղթ և հայտնել են, որ պետք է խուզարկեն տունը: Բանակարանը խուզարկելուց հետո խուզարկել են նաև ավտոտնակը, որտեղից հայտնաբերել են 22 արկղ հագուստներ: Արկղերը առգրավել են և բարձել «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Խուզարկության ընթացքում հետարքրվել են, թե ինչքան ժամանակ է, որ իրերը գտնվում են տանը: Տանտիրուհին պատասխանել է, որ` երկու շաբաթ:
Ծ. Մուրադյանին հարցրել են, թե տանը զենք ունի՞ արդյոք, որին վերջինս բացասական պատասխան է տվել: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Ծ. Մուրադյան ավտոտնակի տանիքից հայտնաբերել են մեկ հատ երկաթե կտոր և ասել, որ դա շատ վտանգավոր զենք է` պայթուցիկ նյութ:
Ինչպես մեր հանդիպման ժամանակ, այնպես էլ խուզարկողներին /ավագ քննիչ, մայոր Ա. Սիրականյան/ Ծ. Մուրադյանը հայտնել է, որ Ադրբեջանից փախչելուց և ներկայիս տանը հաստատվելուց հետո ընդհանրապես ուշադրություն չի դարձրել, թե ինչ է գտնվում ավտոտնակի տանիքում:
Ծ. Մուրադյանի տան խուզարկության արձանագրությունը ընթերականերից մեկի փոխարեն ստորագրել է նրա քույրը: Ծ. Մուրադյանը միաժամանակ նշում է, որ ապրանքները առգրավելու ժամանակ խուզարկողներին հայտնել է, որ խոհանոցում էլ մի քանի կտոր իր կա: Այդ ժամանակ խուզարկողներից մեկը նայել է և ասել` «Սուս»: Մի քանի ժամ անց նրանցից երկուսը հետ են վերադարձել սև գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայով` հայտնելով, թե իրեր են մոռացել: Ներս մտնելով խոհանոց` հայտարարել են, թե «չուլափայ է»: Տանտիրուհին կատակով ասել է, որ. «Դե եթե չուլափայ է, մի երկու կտոր էլ ինձ տվեք»: Երկու կտոր իրեն են տվել, մեկ կտոր էլ` այդ պահին ներս մտած հարսին:
2008թ-ի նոյեմբերի 28-ին առավոտյան ժամը 9-ի սահմաններում խուզարկություն է կատարվել նաև Պտղավան գյուղի 1-ին փողոցի 6-րդ տան բնակիչ Բորիս Սարգսյանի տանը: Խուզարկություն կատարողները սկզբում եղել են երկու հոգի, այնուհետև նրանց միացել են ևս 2-ը: Նրանք չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, այլ անմիջապես հարցրել են. «Ապրանք ունե՞ս»: Տանտերը պատասխանել է, որ ունի: Առգրավել են չորս կիսատ լցված պարկեր, որոնք չեն կնքել: Խուզարկության վերջում տվել են խուզարկության արձանագրության պատճենը:
Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են Պտղավան գյուղում բնակվող 5 փախստականների տներ:
Գյուղ Վարդաշեն
Վարդաշեն գյուղում բնակիչների հետ հնարավոր չեղավ առանձնազրույցներ ունենալ: Հիմնականում բնակիչները հայտնում էին, որ լսել են, որ կատարվել են խուզարկություններ, բայց թե ում տանը` չէին հայտնում: Բնակիչներից մեկի հետ, այնուամենայնիվ, հաջողվեց զրուցել` սահմանամերձ շուկայում առևտրի վիճակի վերաբերյալ:
Ըստ նրա` հին շուկան /Վրաստանի «Սադախլո» սահմանամերձ շուկան/ փակվելուց հետո չեն կարողանում առևտուր անել. չեն կարողանում ապրանք ներմուծել, միայն սահմանափակ քանակով էժան սնունդ են կարողանում ներմուծել Վրաստանից, բայց դա ևս կապված է դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ իրենց ներկայությամբ ավելի մեծ քանակությամբ ապրանքները որոշ անձանց առանց մաքսազերծման թույլատրում են անցկացնել սահմանը: Թուրքիայից բերված հագուստի համար ոչ մեկին մաքսազերծման փաստաթուղթ չեն տրամադրում:
Հայաստանի հանրապետության տարածքում, Պտղավան գյուղին մոտ ներկայումս գործող շուկայում մեկ տեղի համար առևտրով զբաղվողները վճարում են 20 ԱՄՆ դոլար, իսկ հարկային տեսչությունը յուրաքանչյուրից գանձում է 5000 դրամ /ըստ բնակիչների` ամսական կտրվածքով/:
Միայն Վարդաշեն գյուղում սահմանամերձ առևտրի սահմանափակումների պատճառով գյուղը լքել է մոտ 500 մարդ:
Գյուղ Դեբեդավան
Նոյեմբերի 28-ին` ժամը 10:00-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեք հոգով ներս են մտել Գենյա Օհանյանի տուն, ներկայացրել են փաստաթուղթ, ըստ որի իրավունք ունեն տունը խուզարկել: Բոլորը եղել են քաղաքացիական համազգեստով:
Խուզարկության ժամանակ ոչինչ չեն հայտնաբերել: Խուզարկության ավարտին թողել են խուզարկության արձանագրություն: Այնուհետև գնացել են Գենյա Օհանյանի մոր տուն և, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, սկսել են խուզարկել: Նրանք բռնագրավել են այնտեղ գտնվող ապրանքը, որը ի պահ թողել էին ծանոթ ադրբեջանցիները` հետո վերցնելու պայմանով: Ապրանքների հետ միասին հայտնաբերել են նաև «պիտարդներ»:
Գենյա Օհանյանը հայտնեց, որ իր ամուսինը` Արայիկ Օհանյանը, նույն օրը առավոտյան ժամը 10-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների հետ դուրս է եկել տնից և տուն չի վերադարձել: Արդեն 2 օր է որևէ տեղեկություն չունեն ամուսնու գտնվելու վայրի վերաբերյալ:
Մեզ հայտնեցին նաև, որ այդ օրը գյուղ են մտել 6 ավտոմեքենաներ /2 ջիպ և 4 պետական համարանիշներով ավտոմեքենաներ/:
Ըստ առանձին բնակիչների հավաստման` նման ստուգումներն ու խուզարկությունները իրականացվում են պարբերաբար, որոնց ընթացքում նաև ձերբակալվում են քաղաքացիներ: Բնակիչները հայտնում են, որ ձերբակալվածները անազատության մեջ պահվում են մինչև 10-15 օր, որի ընթացքում ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների` ինքնախոստովանական ցուցմունքների կորզման նպատակով, և միայն դրամական փոխհատուցման միջոցով նրանց ազատ են արձակում:
Եզրակացություն
Այսպիսով, 2008թ-ի նոյեմբերի 28-ի առավոտյան Պտղավան, Դեբեդավան և Վարդաշեն համայնքներում ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությունների ընթացքում չեն պահպանվել ՀՀ օրենսդրության հետևյալ պահանջները.
1. Խուզարկվող տների բնակիչներին չեն տրամադրել բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշումը:
2. Խուզարկման արդյունքում առգրավված իրերի ցանկը չի կազմվել: Խուզարկության արձանագրություններում նշվել են միայն ընդհանուր տեղեկություններ` առգրավված իրերի վերաբերյալ: Չի նշվել ապրանքի քանակը, տեսակը:
3. Խուզարկության ընթացքում առգարվվել են իրեր, որոնց մասին ընդհանրապես չի նշվել խուզարկության արձանագրությունում:
4. Մաքսանենգ համարվող ապրանքների հայտնաբերումը առնվազն տարօրինակ է, քանի որ մաքսանենգ ապրանքները հայտնաբերվում են սահմանը հատելու ժամանակ:
5. Բագրատաշեն մաքսային կետի հարակից տարածքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից պարբերաբար «միջոցառումների» իրականացման ընթացքում խախտվում են մարդու բնակարանի անձեռնմխելիության, գույքի, սեփականության, անձի անձեռնմխելիության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքները:
Դիմում եմ Ձեզ` վերը նշված փաստերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու և հանցագործություններ կատարած պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցով:
Հարգանքով
կազմակերպության նախագահ՝ Ա. Սաքունց